«Եթե ժողովրդի մեծամասնությունը պահանջի իշխանափոխություն, մենք մեծ սիրով կգնանք դրան». Սասուն Միքայելյան

20-01-2018
6353 դիտում
«Եթե ժողովրդի մեծամասնությունը պահանջի իշխանափոխություն, մենք մեծ սիրով կգնանք դրան». Սասուն Միքայելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

- Պարո՛ն Միքայելյան, հաշվի առնելով, որ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է, գների բարձրացում է արձանագրվում, արտագաղթի տեմպերն այս տարի կարո՞ղ են աճել:

- Հարկային օրենսգրքի փոփոխությունը, սեղմված գազի, բենզինի, դիզվառելիքի թանկացումը կարող են բերել շղթայական գնաճի: Այս ապրանքները փոխկապակցված են այլ ապրանքների հետ, որոնք նույնպես կարող են թանկանալ: Եվ արտագաղթն այս տարի ահռելի թափ է առնելու: Մեր նպատակն այն է, որ արտագաղթի դեմն առնենք, և մեր նախաձեռնած ցույցերը հենց դրան էլ ուղղված են: Այս թանկացումները լուրջ խնդիր են, ազգային անվտանգության հարց են: Սրա դեմը պետք է առնել, թե չէ արտագաղթը տեսեք ո՛նց է հզորանալու:

- Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները միտումնավոր են նման քաղաքականություն վարում, որպեսզի մարդիկ երկրից գնան: Դուք նման միտում նկատո՞ւմ եք:

- Իշխանությունն այսքան ժամանակ դեռ մի քայլ չի արել, որը դիտավորություն չի ունեցել: Այսինքն՝ ընդդեմ ժողովրդի են գործում: Իշխանությանը ձեռնտու է հետևյալ իրավիճակը՝ ինչքան շատ մարդիկ երկրից գնան, այնքան իրենց համար լավ: Հիշո՞ւմ եք` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր՝ բա ի՞նչ անենք, ընդվզող զանգվածին թողնենք, որ ցույցե՞ր անի: Հիմա կամաց-կամաց այդ քաղաքականությունն իրագործում են: Թե՛ ազգաբնակչության թվաքանակն է նվազում, թե՛ այդ թվում՝ գնում են այն մարդիկ, ովքեր կարող են ըմբոստանալ:

- Ոստիկանության տվյալներով՝ վերջին 5 տարիներին ավելի քան 15 000 մարդ է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Նախ` այս թվերն արժանահավա՞տ են, և ինչո՞ւ են մարդիկ գնում երկրից:

- Դա իրենց տվյալներն է, իսկ ինչքան մարդ կա, որ դուրս է գալիս երկրից, բայց գրանցումից դուրս չի գալիս: Այդ մարդիկ գնացել են ու չեն էլ վերադառնալու: Ի՞նչ 15 հազար, ի՞նչ 20 հազար, ի՞նչ 50 հազար:

- Ինչո՞ւ են գնում, ինչո՞ւ են հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից, այլևս հույս չե՞ն կապում երկրի հետ:

- Ինչի՞ հետ հույս կապեն: Այսքան տարիների ընթացքում տեսե՞լ եք, որ մի հատ օրենք բերվի հօգուտ ժողովրդի: Բայց այս իրավիճակը երկար չի շարունակվի, ժողովուրդը սպունգ է, ինչքան սեղմենք` կսեղմվի, բայց որ թողնենք` կբացվի: Վախենում են այս իշխանությունները, բացվելուց են վախենում: Բայց մի օր ժողովուրդը կբացվի:

- Բայց կարծես մարդիկ «բացվելու» ու պայքարելու փոխարեն այլ տարբերակ են ընտրել՝ լուռ հեռանում են երկրից:

- Այո՛, դա շատ վտանգավոր միտում է: Մենք ստրկությունից գնում ենք դեպի ստրկամտություն: Այն վիճակը, երբ մարդուն արդեն տանում են ստրկամտության, շատ վտանգավոր է, ազգային աղետ է:

- Արտագաղթի մասին խոսելիս իշխանությունները նաև որպես պատճառ նշում են այն, որ մարդիկ երկրից գնում են, քանի որ իրենց տղա զավակներին փորձում են ազատել բանակից: Դուք նման միտում նկատո՞ւմ եք:

- Սո՛ւտ է: Այս զորակոչի ժամանակ էլ ինչքան մարդ այնտեղից հետ եկավ, որ գնան բանակ: Իշխանությունները հեքիաթ են պատմում: Ամեն հարցի պետք է հակառակ հարցեր ու պատասխաններ տան, պետք է իրենք արդարանան: Բանակը հզոր է տնտեսությամբ: Եթե տնտեսությունը հզոր լինի, մարդիկ չեն արտագաղթի, կգնան ու կծառայեն: Կան դեպքեր, որ տղա երեխաներին տանում են, բայց դա մեծ թիվ չէ:

- Ո՞րն է ստեղծված իրավիճակում ելքը:

- Երկրում շատ լուրջ պրոբլեմներ կան, գնալով վիճակն ավելի է խորանալու: Մարդկանց համար արդեն հանապազօրյա հացի խնդիր կա: Այսօր մենք դուրս ենք գալիս փողոց, որ դա կանխենք:

- Իսկ փողոց դուրս գալուց հետո հաջորդ քայլը` կգնա՞ք իշխանափոխության:

- Եթե ժողովրդի մեծամասնությունը պահանջի իշխանափոխություն, մենք մեծ սիրով կգնանք դրան: Մենք խորհրդարանական հարթակում ինչ կարողացել ենք` արել ենք:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am