Հ1-ը լռում է զինծառայողի վիրավորման հանգամանքների մասին

23-01-2018
29425 դիտում
Հ1-ը լռում է զինծառայողի վիրավորման հանգամանքների մասին

Վերջին օրերին հայկական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց նախկին զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարի հանգանակության կազմակերպումը։ Դրամահավաքին միանալու կոչ էր արել էր նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Սարգսյանի կոչից հետո դրամահավաքին պարբերաբար անդրադարձ է կատարել նաև Հանրային հեռուստաընկերությունը՝ հիմնականում իր լուսաբանման ընթացքում ընդգծելով պաշտպանության նախարարի ունեցած ներդրումն այդ գործում և չներկայացնելով զինծառայողի՝ ծառայակից սպայի կողմից հրազենային վնասվածք ստանալու հանգամանքը։

«19 տարեկանում գլխից հրազենով վիրավորված զինվորն ուշքի էր եկել արդեն 20-ում»,– հունվարի 21-ի թողարկման մեջ պատմում է հեռուստաընկերության լրատվական ծառայության «360 աստիճան» հաղորդումը՝ չասելով, թե ում կողմից էր Ալբերտը ստացել այդ վնասվածքը։

Ուստի հարկ ենք համարում հիշեցնել, որ, համաձայն ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանը հրազենային վիրավորումը ստացել է 2016 թվականի հունիսի 4-ին՝ «N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով»։ Սպային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է մինչ այժմ։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական լրատվական կայքի դեկտեմբերի 26-ի հրապարակման համաձայն, կասկածվող սպան շարունակում է ծառայությունը` նույն զորամասում։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ հասարակության վճարած հարկերից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդաշարը լռում է հասարակությանը հուզող աղմկահարույց հարցերի մասին։ Ավելի վաղ ՍՈՒՏ.am-ը պատմել էր, թե ինչպես է «Օրակարգ»-ը լուսաբանել ՀՀ ԱԺ պատվիրակության այցը ՌԴ Պետդումա՝ լռելով Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ ռուսական կողմի առաջարկի մասին, որն այդ օրերին բացասական արձագանքի արժանացավ հասրակության լայն շրջանակի կողմից։

Աղբյուրը՝ Sut.am

http://www.youtube.com/watch?v=iyU7WGV6aFI&t=99s