«Որքա՞ն կարելի է կեղծել, թե Հայաստանը դրախտավայր է, և ամեն ինչ լավ է: Այո՛, երկիրը դրախտավայր է, բայց ինչի՞ ենք վերածել». Հուսիկ Արա

26-01-2018
5989 դիտում
«Որքա՞ն կարելի է կեղծել, թե Հայաստանը դրախտավայր է, և ամեն ինչ լավ է: Այո՛, երկիրը դրախտավայր է, բայց ինչի՞ ենք վերածել». Հուսիկ Արա

«Մեդիալաբի» զրուցակիցն է բանաստեղծ Հուսիկ Արան:

- Ի՞նչ տրամադրություն ունեիք, երբ գրում էիք Apokalypto-ն: Բանաստեղծից իր տողը մեկնաբանելու խնդրանքը անհաջող առաջարկ է, մանավանդ որ արդեն հասցրել եք լրատվամիջոցներից մեկում տող առ տող մեկնաբանել գրվածը: Այնուամենայնիվ, ինձ շատ հետաքրքրում է նախավերջին տողը` «Մեր փախուստն աշխարհում ելք` դեպի ներս, որ ճակատագիր է այլևս, ոչ թե հեգնանք»: Ի՞նչ նկատի ունեք:

- Ընդհանուր բանաստեղծությունը պահի կամ մեկ օրվա ազդեցությամբ չէ գրված, դա տարիների նստվածք է: Ես անկախությունն եմ արժևորել «Անկախության հրապարակ» գրքում, «Մարդու որդիները» գրքում շարժման մասին եմ գրել: Բայց մենք մեր ներսը նայելու, մեր ինքնությունը քննելու փոխարեն փախչում ենք աշխարհից: Բանաստեղծությունը սկիզբ ու վերջ էլ ունի, պարզապես այդ կտորը տեղադրեցի «Ֆեյսբուքում»:

Apocalypto

Իմ երկիրը՝ արևելյան թերմացք,
նեխելու է կեղծիքի մեջ ու ստի,
կեղտից-կեղտ սողալու է ճապաղ
ու չի բարձրանա իր կղանքից վեր:
Անսպիտակեղեն, մնալու է ցեխին տապկած՝
թևերի տակ սարդոստայն ու ոչ մի թռչող երազ.
մեր փախուստն է աշխարհում՝ ելք դեպի ներս,
որ ճակատագիր է այլևս, ոչ թե հեգնանք:

Չեմ մտածել, որ այդպիսի քննարկման առարկա կդառնա: Ձեր նշած տողը տարբերակ ուներ`«Ինքնավիժումն է հիմա ելք` դեպի ներս», ու շարունակություն էլ ունի` «Ու փախուստն ենք աշխարհում, մեր քայլերը խուսափում են հանդիպել, որ չառերեսվենք ուղիղ ինքներս մեզ»: Ես փոխեցի այս տողերը և «Ֆեյսբուքում» դրեցի այնպես, ինչին ծանոթ եք: Մեր ինքնությանը գնալու փոխարեն մենք փախչում ենք ինքներս մեզնից:

- Մենք ասելով ո՞ւմ նկատի ունեք:

- Մեր ժողովրդին: Արտագաղթը հո նորությո՞ւն չի: Փախչում ենք, չէ՞, մենք մեր երկրից:

- Իսկ չե՞ք կարծում, որ մենք գործելու փոխարեն անընդհատ խոսում ենք մեր ինքնությունից, անընդհատ քչփորում ենք մեր ներսը: Աշխարհն աշխարհով` մենք մեր ինքնության բացահայտմամբ:

- Եթե ասում եմ, որ մենք վատ վիճակում ենք, դա ներսը քչփորե՞լ է:

- Դուք, փաստորեն, դա եք առաջարկում բանաստեղծության մեջ:

- Հարցն այն է, որ ինքնափախուստն արդեն ճակատագիր է դարձել: Եթե ասում ես ճիշտը, դա չի նշանակում, թե չես սիրում հայրենիքը: Որքա՞ն կարելի է կեղծել, թե Հայաստանը դրախտավայր է, և ամեն ինչ լավ է: Այո՛, երկիրը դրախտավայր է, բայց ինչի՞ ենք վերածել: Ես ապրում եմ Հայաստան 2018-ում, տեսնում եմ` ի՛նչ է կատարվում իմ երկրում, տեսնում եմ ինչպիսի բարոյալքություն է:

- Իսկ ո՞վ է մեղավոր դրա համար` մե՞նք-ը:

- Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ մշակութային համակարգերը, և՛ քաղաքացիները` բոլորը միասին: Երկիրը հո սարն ու քա՞րը չեն: Երկիրը ժողովուրդն է:

- Այս բանաստեղծությունը գրվել է իբրև ցավալի փաստի ցավոտ արձանագրո՞ւմ, թե՞ նոն կոնֆորմիստական ճիգ է կամ ճիչ: Խոսքը ցավի մասին չէ, այլ գրվածքի հեղինակի դիրքի: Արձանագրո՞ւմ եք, թե՞ ընդվզում:

- Ընթերցողն ինչպես ուզում է` թող համարի: Իր գործն է: Ես գրել եմ, որ սա է մեր վիճակը: Սա ցավից սնված գործ է այն մասին, որ եթե մենք այսպես շարունակենք, լավ չի լինելու: Ես ապառնի ժամանակով եմ գրել, որովհետև այսօրվա վիճակից ելնելով` վաղվա լավը չեմ տեսնում:

- Սոցցանցում ծավալված բանավեճը գրական բնո՞ւյթ ուներ` ըստ Ձեզ:

- Ո՛չ: Դրանք անձնական բնույթի վիրավորանքներ էին հիմնականում, և ես որևէ արձագանք չտվեցի: Եղավ նաև ստվար մի խումբ` հիմնականում երիտասարդներ, որ հասկացավ ասածս: Ես ուրախ եմ, որ հասարակության մեջ կան մարդիկ, որ հասկանում են` այլևս չի կարելի ստով ապրել: Չի կարելի անվերջ ասել` «Իմ սուրբ հայրենիք», «Երնեկ ունենամ հազար ու մի կյանք, հազարն էլ քեզ մատաղ անեմ»: Ես շատ սիրում եմ այդ բանաստեղծությունները, դրանք ժամանակին մեծ գործ են արել, բայց չի կարելի անվերջ նույն բանն ասել: Էսօրվա ժամանակի մասին պետք է գրել:

-Մարտահրավե՞ր եք նետել սովետական պաթոսին:

-Առհասարակ, սովետական դիֆիրամբային պաթոսով չպիտի առաջնորդվենք: Գրում էին` «Երկիրը մայր է, երկիրը զավակ է...»: Այո՛, իհարկե: Մայրս, երեխաս վատ վիճակում են` սիրտս ցավում է` ասում եմ: Պիտի ասեմ` լա՞վ վիճակում են, որ լավ որդի ու հայր լինեմ: Ի սեր Աստծո, ճշմարտությունն ասել է պետք: Եթե ասեմ, որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում, չկա 70 տոկոս աղքատություն, չկա անարդարություն, չկա արտագաղթ` ես կդառնամ լա՞վը:

- Ճշմարտություն և ճակատային խոսք ասելով պոեզիա լինո՞ւմ է:

- Ես գրել եմ այն, ինչ մտածում եմ, ինչն ինձ ցավեցնում է, մտահոգում է: Ուզում են` պոետիկա անվանեն, ուզում են` ոչ:

- Երբևէ գրական մրցանակ ստացե՞լ եք Սերժ Սարգսյանից:

- Այդ հարցն էլ շահարկվեց: Ես նախագահի կամ պետական մրցանակ չեմ ստացել: Իմ ստացած մրցանակները ֆինանսավորել են առանձին անհատները, մի անգամ էլ` Գրողների միությունը:

- Այն ճշմարտությունները, որի մասին Դուք խոսում եք Ձեր բանաստեղծության մեջ, ունեն պատճառահետևանքային կապ` կոնկրետ մեղավորներով, պատասխանատուներով: Եվ եթե Apokalypto-ն ճակատային խոսք է, որ Դուք գրել եք Ձեր սոցիալական էջում, ինքնին քաղաքական բովանդակություն է ստանում: Հետևաբար հետաքրքիր է` ի՞նչ կասեիք Սերժ Սարգսյանին, եթե հանդիպեիք նրան:

- Ոչինչ չունեմ ասելու: Թողնում եմ իրենց խղճին: Բոլորս մի օր մեր խղճի առաջ խոսելու ենք, պատասխան ենք տալու` ինչ արեցինք և ուր հասանք: Մեր ամենամեծ դատավորը մեր խիղճն է: Ուրեմն, ամեն մեկիս թողնում եմ մեր խղճի առաջ: Մի օր այդ խիղճն անպայման կանգնելու է մեր առաջ ու հաշիվ է պահանջելու:

- Ինչ եք կարծում` շահեցի՞ք Apokalypto-ի բարձրացրած այս աղմուկից: Վերջին շրջանում չեմ հիշում մի դեպք, որ գրողն այդքան քննարկվի, գրվածքն այդքան քննադատվի ու պաշտպանվի:

- Ես բոլորովին միտք չունեի աղմուկ հանելու, այնուհետև հարցազրույցներ տալու և մեկնաբանելու: Կարող է տպավորություն ստեղծվել, թե շոու եմ սարքել իմ անձի և գրվածքի շուրջ: Բոլորովին նման նպատակ չեմ ունեցել: Ինձ կանչում են հարցազրույցների` խոսելու գրվածքի մասին, ես գնում եմ, որովհետև գրել եմ, պիտի պատասխան տամ: Չեմ փախչում:

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի

MediaLab.am