Ծխախոտի գովազդի համար սահմանված բարձր տուգանքները կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջ բերել. Առողջապահության նախկին նախարար

31-01-2018
5867 դիտում
Ծխախոտի գովազդի համար սահմանված բարձր տուգանքները կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջ բերել. Առողջապահության նախկին նախարար

Արգելված վայրերում ծխելու, ծխախոտի գովազդի համար սահմանված բարձր տուգանքները Հայաստանում կարող են չգործել, և կոռուպցիոն նոր ռիսկեր կարող են առաջանալ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բուռն քննարկումների տեղիք տված նախագծին:

Մասնագետի խոսքով՝ որքան բարձր լինեն տուգանքները, այնքան լավ: Բայց խնդիրն այն է, որ օրենքը պետք է իրոք գործի և մյուս օրենքների ճակատագրին չարժանանա: Առողջապահության նախարարության կողմից մշակված համապատասխան նախագծում սահմանված բարձր տուգանքները, ըստ Մկրտչյանի, առաջին քայլն են: Երկրորդ կարևոր քայլը վերահսկողությունն է, որը Հայաստանում կոռուպցիոն սխեմայի հետ է փոխկապակցված:

«Հայաստանում վերահսկողների թիվը մեծ է, բնակչության կեսը վերահսկում է մյուս կեսին: Բայց արդյունքում այդ վերահսկողները ոչ մի օգուտ չեն տալիս, բացի նրանից, որ կոռուպցիոն ռիսկերն են ավելանում: Ես չեմ բացառում, որ այս գործընթացում էլ կլինեն կոռուպցիոն դրսևորումներ: Հայաստանում այս կամ այն վերահսկող կառույցի կողմից անաչառ աշխատանք կատարելու մշակույթը պետք է ներդրվի: Եթե դա չունենք, ոչ մի արդյունք չի լինի»,- «Մեդիալաբին» ասում է Արարատ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով բարձր տուգանքներ են սահմանված հանրային վայրերում ծխելու, ինչպես նաև ծխախոտի գովազդի համար: Մասնավորապես, ըստ նախագծի, ավտոմեքենայում ծխելու համար սահմանվում է 50 հազար, հասարակական տրանպորտում ծխելու համար՝ 100 հազար, վերելակում, գրասենյակում ու սրճարանում ծխելու համար՝ 250 հազար դրամ տուգանք: Ամենաբարձրը ծխախոտի գովազդի համար սահմանված տուգանքի չափն է՝ 700 հազար դրամ: Հատով ծխախոտի վաճառքի համար սահմանված է 300 հազար, իսկ դպրոցներին 100 մետրից մոտ վայրերում ծխախոտ վաճառելու համար՝ 500 հազար դրամ տուգանք:

Արարատ Մկրտչյանի խոսքով՝ նախարարության այս նախաձեռնությունից պարզ չէ, թե ով է վերահսկելու, որ օրենքն իրոք գործի: Մասնագետը մի շարք հարցադրումներ է բարձրացնում՝ ի՞նչ մեխանիզմներով է վերահսկողությունն իրականացվելու, ինչպե՞ս է տուգանքի գումարը հավաքագրվելու:
«Ինձ համար դա մշուշոտ է: Գործող օրենքով էլ են սահմանված տուգանքներ, որոնք ցածր են, բայց այդ տուգանքներն էլ չեն գործել: Այսինքն՝ գործելու տեսանկյունից կասկածներ կան, որ դա չի աշխատի»,- հավելեց նա:

Արարատ Մկրտչյանը կառավարությանը կոչ է անում նախ վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ ներդնել: Նրա խոսքով՝ ճանապարհատրանսպորտային խախտումների համար ևս սահմանված են մեծ տուգանքներ, որոնք գործում են: Այսինքն՝ այս ոլորտում տուգանքների մեխանիզմն աշխատում է: Ծխելու դեմ պայքարի գործընթացում ևս, ըստ մասնագետի, միգուցե ներդրվեն տեսախցիկներ կամ այլ գործուն մեխանիզմներ:

«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այդ ճանապարհն անցնում է և արդյունքներ ունեն: Այն, որ հիվանդանոցներում, դպրոցներում, հասարակական օբյեկտներում պետք է ծխելը խստիվ արգելել, դա փաստ է: Այսօր բոլորը կարծում են, թե տուգանքներն անմիջապես քաղաքացու գրպանին կարող են հարվածել, բայց ես հույս ունեմ, որ տուգանքների մեծ մասն ուղղվելու է այս կամ այն հասարակական կառույցի ղեկավարին: Այսինքն՝ եթե հիվանդանոց է, այդ հիվանդանոցի ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի, որ այդ տարածքում չծխեն»,- նշեց նա:

Հանրության մի խմբի մոտ դժգոհություններ է առաջացրել առողջապահության նախարարության այս նախագիծը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քննարկումներ են ծավալվում, որ ցածր աշխատավարձերի պայմաններում նման բարձր տուգանքներ սահմանելը խելամիտ չէ:

Արարատ Մկրտչյանն այս քննարկումները զարմանալի է համարում: «Մարդիկ ասում են՝ աշխատավարձերը ցածր են, տուգանքները՝ բարձր: Այսինքն՝ իրենք այսօր արդեն պատրաստ են օրինախա՞խտ լինել»,- հարցադրում է անում նա:

Հատկապես ծխախոտի գովազդի համար, ըստ մասնագետի, շատ տեղին են բարձր տուգանքները: Այսօր գործող օրենքով ծխախոտի գովազդն արգելված է, բայց քանի որ վարչական իրավախախտումների մասով ծխախոտի գովազդի տուգանքները ցածր են, այսօր ամենուրեք կարելի է հանդիպել ծխախոտի գովազդի:

Այն քննարկումներին, թե կառավարությունում տարակարծություն կա այս խնդրի վերաբերյալ, քանի որ մտավախություն կա, որ հանրային վայրերում ծխելու արգելքը կարող է վանել զբոսաշրջիկներին, Արարատ Մկրտչյանը արդարացի չի համարում:

«Դա զբոսաշրջության վրա չի ազդի: Ռուսաստանում արդեն քանի տարի է՝ նման արգելք կա, ոչ մի սրճարանում ու ռեստորանում չեք գտնի մի մարդ, որ փորձի ծխել: Այսինքն՝ կառավարության մտավախությունն այդ առումով արդարացված չէ»,- նշում է մասնագետը:

Լուսանկարը՝ «Առավոտ»

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am