«Իշխանությունները շատ լավ ձևը գտել են, բանակի ու եկեղեցու հետևում թաքցնում են իրենց  հանցագործություններն ու իրական դեմքը». Վահրամ Թոքմաջյան

01-02-2018
9430 դիտում
«Իշխանությունները շատ լավ ձևը գտել են, բանակի ու եկեղեցու հետևում թաքցնում են իրենց  հանցագործություններն ու իրական դեմքը». Վահրամ Թոքմաջյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

- Պարո՛ն Թոքմաջյան, Սուրբ Սարգսի տոնին միասին փողոց էին դուրս եկել և քայլերթ էին անում զինվորները, քահանաներն ու ոստիկանները: Այս տեսարանը բուռն քննարկումների թեմա է դարձել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

- Նախ՝ եթե անդրադառնանք տոնի գաղափարին, դա մի գեղեցիկ տոն է, սիրահարների հովանավորության տոն, որը թող նշեն սիրահարները կամ այն մարդիկ, ովքեր սիրո կարիք ունեն: Ի՞նչ իմաստ ունի այս ամենին խառնել բանակը և ոստիկաններին:

Սա խոսում է Հայաստանում առկա պետական համակարգի ճգնաժամի մասին: Ե՞րբ են հոգևորականներն առաջ գալիս ու սկսում մանիպուլացնել հասարակությանը կամ հոգևորականի դեր տանել. երբ պետական համակարգը ճգնաժամի մեջ է: Միջնադարյան Եվրոպան դրա լավագույն օրինակն է: Հետագայում միջնադարյան Եվրոպան կարողացավ ազատվել այդ կարծատիպերից, երբ Եվրոպայում եղավ ռեֆորմացիա: Մենք ռեֆորմացիան մերժած հասարակություն ենք: Հենց եկեղեցին գլուխ է բարձրացնում, դա խոսում է պետականության թուլության մասին: Մյուս կողմից՝ իշխանությունները շատ լավ ձևը գտել են, բանակի ու եկեղեցու, քրիստոնեական արժեհամակարգի հետևում թաքցնում են իրենց հանցագործություններն ու իրական դեմքը:

Այստեղ կա բոլոր քաղաքական, հասարակական ու հոգևոր ինստիտուտների խեղվածության խնդիր: Նախևառաջ բանակն ու ոստիկանությունը պետական կառույցներ են, պետության անվտանգության կարևորագույն հիմնասյուներն են, որոնք պահվում են իմ ու ձեր հարկերի հաշվին: Որևէ մեկը, եթե անգամ նա լինի Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, իրավունք չունի այդ կառույցները բերել ու մտցնել եկեղեցի: Հասկացանք՝ պաշտպանության նախարարն ուզում է խաչքավոր լինել, թող լինի: Հիմա՞ ինչ են անում. մեր հարկերի հաշվին պահվող պետական աշխատողներին, ովքեր ունեն ուղղակի պարտավորություններ, շարքով տանում են ինչ-որ եկեղեցական տոնի՝ ձեռքներին դրոշակներ:

Դա պետական տոն չէ, պետական շքերթ չէ: Հիմա հարց. արդյոք այդ մի քանի հարյուր ոստիկանների մեջ աթեիստներ չկայի՞ն, արդյոք այլ կրոնական կազմակերպության հետևորդներ չկայի՞ն: Իհարկե, պետք է որ լինեին, և սա նաև Սահմանադրության կոպիտ խախտում է, որ մարդուն պարտադրում են խղճի, մտքի ու դավանանքի որոշակի հայեցակարգ:

Դա նույն է, երբ դպրոցներում «Եկեղեցու պատմություն» առարկայի ժամանակ երեխաներին ստիպում են աղոթել, նույնը բանակում է: Սա խոսում է պետության ճգնաժամի մասին: Նույնը եղել է Ցեղասպանության ժամանակ, երբ հոգևորականները հանդես էին գալիս որպես մարդկանց հանգստացնող: Վերջին տարիներին մի քանի խոշոր ակցիաներ եղան, խոսքը «Էլեկտրիկ Երևանի» ու Խորենացու փողոցի դեպքերի մասին է: Հոգևորականները ե՞րբ էին հայտնվում. երբ ոստիկանությունն արդեն ուժ էր կիրառել: Նրանք հայտնվում ու սկսում էին հանգստացնել մարդկանց, բայց ոչ ոք չի հարցնում. պարո՛ն հոգևորական, բա դու նախքան այդ ուժի կիրառումը ո՞ւր էիր:

- Նկատելի է, որ հատկապես վերջին տարիներին են այս տոնի ժամանակ հոգևորականներն ու ոստիկանները միասին փողոց դուրս գալիս: Կարելի՞ է ենթադրել, որ ձեր ասած ճգնաժամը սրվել է հատկապես վերջին տարիներին:

- Այո՛, հատկապես Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին է եկեղեցին կարողացել վերականգնել ֆեոդալական ինստիտուտի իր դերը: Բազմաթիվ արտոնություններ են տրվել եկեղեցուն, այդ կառույցը երբեք հարկային դաշտում չի եղել, չնայած շահութ ստացող կազմակերպություն է: Երբեք եկեղեցուն ձեռնտու չի եղել ուժեղ աշխարհիկ իշխանությունը, դա աքսիոմատիկ ճշմարտություն է:

Եկեղեցին միշտ դիսկոմֆորտ է զգացել, երբ Հայաստանում եղել է ուժեղ պետականություն: Հենց ուժեղ պետականության ու իշխանության հիմքերը խարխլվում են, եկեղեցին միանգամից սկսում է միախառնվել իշխանությանը: Այսօր չկա մի միջոցառում, որտեղ սևազգեստ մեկին չբերեն ու առաջին շարքում չնստեցնեն: Սա ինչի՞ մասին է խոսում, եթե ոչ ճգնաժամի:

Այո՛, ճգնաժամ է, մենք գիտենք: Իշխանությունն այսօր ամեն ինչի նկատմամբ վերահսկողությունը կորցրել է: Կոռուպցիան, հովանավորչությունը տարածվում են, հանցագործությունները, պետական պարտքը՝ աճում, աշխատատեղերը նվազում են, մեծ են աղքատության ցուցանիշն ու հասարակության բևեռացումը: Եվ հոգևորականներն սկսում են մանիպուլյացնել ու կոչ անել, թե մենք եղբայրներ ենք, պետք է դիմանանք: Այդ գործառույթը կատարում է եկեղեցին, բայց դա անվճար չի անում, դա անում է որոշակի արտոնություններ ստանալու հաշվին:

- Իսկ երբ ոստիկաններին են հանում շքերթի, դրանում որևէ թաքնված ուղե՞րձ կա:

- Այդ տոնին ոստիկանները կարգ չէին պահպանում, շարքով փողոցը փակած գնում էին եկեղեցի՝ ձեռքներին էլ դրոշներն ու Սուրբ Սարգսի նշանը: Ոմանք պարտադրված, ոմանք իրենց կամքով գնում էին: Ինչպես զորամասերում է առավոտյան մարզանքը պարտադիր, այնպես էլ ոստիկաններին էին այդ տոնին ստիպել մասնակցել:

Դա կարգի պահպանություն կլիներ այն ժամանակ, երբ սովորական քաղաքացիները խմբով գնային, իսկ ոստիկանները մեկ շարքով հսկեին: Այդ տեսարանը նաև ցույց է տալիս իշխանության ուզուրպացիան հանրային տարածքի նկատմամբ: Եթե մենք 50-60 հոգով դուրս գանք երթի, ցայտնոտի մեջ կընկնեն ու մեզ արագ կհեռացնեն այն տարածքներից, որոնք հանրությանն են պատկանում: Իսկ իրենք եկել ու հանրային տարածքներ են զավթում: Բայց հիշեցնեմ, որ այդ ոստիկանների առաջին պարտականությունը հասարակական կարգը պահպանելն է, հանցագործներին գտնելը:

Մենք նրանց չենք վճարում, որ գնան Սուրբ Սարգիս նշեն: Իրենց գործը վերջացնելուց հետո թող աղի բլիթն ուտեն, ում ուզում է տեսնեն, բայց պետական համակարգն ի՞նչ գործ ունի, որ մասնակցում է կղերական տոնին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am