Բոլոր տղամարդիկ պետք է ունենան Սերժ Սարգսյանի սանրվածքը

01-02-2018
7015 դիտում
Բոլոր տղամարդիկ պետք է ունենան Սերժ Սարգսյանի սանրվածքը

Կառավարությունը մեկուսանում է հանրությունից: Կարճ ասած` ամբողջ կազմով դառնում է ԿԳԲ (ԱԱԾ): Որպեսզի անկաշկանդ լինի: Այսինքն` նաև անեկդոտներ պատմեն: Կամ, ասենք, որոշում են Տեղ գյուղը նվիրել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին: Բնակիչներով-բանով:

Հայաստանի չորրորդ հանրապետությունը սեփականություն է: Մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի սեփականությունը:

Հայաստանն այսքան ողորմելի չի եղել երբեք:

Այնպես չէ, որ վերջին 10 տարում պետություն էր: Բայց հիմա ուղղակի մի ողորմելի տարածք է: Իշխանությունն այլևս բացարձակապես հաշվետու չէ, եթե որոշի պարզապես մարդ սպանել օրը ցերեկով և օրենքով: Պարզ է, որ նման բան չի անի: Բայց եթե անի` հաշվետու չէ: Մինչև այսօր էլ հաշվետու չէր, բայց դա անում էին, պարզապես որովհետև չգիտեին, թե դա ինչ է: Մարդիկ օրենք չէին կարդում, թքած ունեին օրենքի վրա: Հիմա որոշել են օրենքը իրենց հագով դարձնել: Պարզապես վերցնել ու Կառավարության որոշումները փակել հասարակությունից: Այսինքն` պետությունը սկսում է ապրել ԱԱԾ-ի ռեժիմով:

Այս որոշման «ամենադրական» կողմն այն է, որ ստիպված չեն լինի ստել հարկատուին: Նրանք հետաքրքրասեր հարկատուին ասելու են՝ քե՞զ ինչ, թե քո մասին ինչ որոշում ենք կայացրել: Ենթադրենք` որոշում են «Ազգ-բանակի» հարկը 1000 դրամից դարձնել 3000 դրամ: Կամ՝ բարձրացնել լույսի վարձը: Կամ՝ հատուկ հարկ են սահմանում ՀՀԿ ինքնապահպանման համար: Կամ՝ որոշում են, որ այսուհետև ԶԼՄ-ները պետք է իշխանության ներկայացուցչի, նույնիսկ ՀՀԿ-ական ուսուցչի ապօրինությանը վերաբերող ցանկացած տեղեկություն համաձայնեցնել վարչապետի հատուկ այդ նպատակով ստեղծված մարմնի հետ:

Ամեն ինչ այս իշխանությունից սպասելի է:

Ո՞վ է ընդդիմացողը: Ոչ թե իշխանությունն է իրենցը, ոչ թե մենք ենք իրենցը, ոչ թե երկիրն է իրենցը, այլ հավերժությունն է իրենցը: Նրանք ասես անմահության բոլոր մեխանիզմները յուրացրել են: Կամային որևէ երիտասարդ կա՞: Չկա: Բոլոր բուհերում միայն ՀՀԿ-ականներ են: Խմել են այս երիտասարդների արյունը: Ի՞նչ իմաստ ունի ՀՀ քաղաքացի ձևակերպումը:

Մարդիկ արդեն խմբագրին են սպառնում գցել «Շառլի Էբդոյի» օրը: Եթե՝ անկեղծ, սպառնացողը մի երկու ամիս շտապել է: Երկու ամիս հետո, երբ պետությունն ամբողջությամբ կդառնա վարչապետական, կարող էր ներկայանալ «Մեդիալաբ» (հասցեն գրե՞մ) ատրճանակով ու սպառնար` խմբագրի աչքերի մեջ նայելով: Նրան կարող էր ուղեկցել, ասենք, ՀՔԾ պետը: Կամ՝ Դավիթ Հարությունյանը:

Սրանք Կառավարության փակ նիստում կարող են որոշում կայացնել Քրեական օրենսգրքով «օրինական սպառնալիքներ» սահմանելու մասին: Դավիթ Հարությունյանն առանց աչք թարթելու կասի, որ Վենետիկի պնդումն է: Ասենք` որոշում են փակել «Հետքը»:

Օրենք կարող են ընդունել, որ այսուհետև արգելվում է եվրոպական երկրների գեղարվեստական գրականության տարածումը: «Արվեստը չարիք է»,-կատարյալ անմեղությամբ կասի և կապացուցի Դավիթ Հարությունյանը: Կամ՝ բոլոր տղամարդիկ պետք է ունենան Սերժ Սարգսյանի սանրվածքը: Իսկ ճաղատները հարկ կվճարեն մազ չունենալու համար: Կամ՝ հանրապետության 45 տոկոս աղքատների քվեն այսուհետև օրենքով համարել ՀՀԿ-ին վերապահված քվե: Եվս 30 տոկոս աղքատների քվեն տալ Գագիկ Ծառուկյանին և նրանց կից քաղաքական ուժին, և ընտրություններն անցկացնել մնացած 25 տոկոսի ընտրացուցակներով, այսինքն` պետական ապարատի, բանակի և քրեակատարողական հիմնարկներում բանտարկվածների մասնակցությամբ:

Ինչո՞ւ չպետք է անեն:

Ցույց տվեք մի կիսագրագետի, որ կարող է վստահեցնել, որ օրինական ոչ մի հիմք չունեն նման անհեթեթ որոշումներ կայացնելու: Մարդիկ այլևս հաշվետու չեն: Իսկ եթե հաշվետու չեն, ի՞նչ կարևոր է, թե որ անհեթեթության համար հաշվետու չեն: Որոշումը կայացված է, օրենքն ընդունված է, բարի եղեք ենթարկվել: Այս պետությունը նրանց սեփական տարածքն է, ոչ մի ընդդիմացող չկա փողոցում, ես էլ կզարմանամ, որ Կառավարության որոշումներն այսուհետև մեկը մյուսից անհեթեթ չլինեն:

Ի դեպ, ժամանակը չէ՞ Հովհաննես Թումանյանին ու Դերենիկ Դեմիրճյանին հայտարարել ազգի թշնամի Քաջ Նազարի կերպարն այդքան զվարճալի ներկայացնելու համար: Լուրջ մարդ էր:

Մհեր Արշակյան

MediaLab.am