«Մեղադրելու իրավունք ունի նա, ով գնում է զոհաբերության, մյուսները դրա իրավունքը չունեն». Արմենակ Կյուրեղյան

03-02-2018
4687 դիտում
«Մեղադրելու իրավունք ունի նա, ով գնում է զոհաբերության, մյուսները դրա իրավունքը չունեն». Արմենակ Կյուրեղյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է Հայկ, Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը` Արմենակ Կյուրեղյանը:

- Ձեր երեք որդիները` Հայկ, Արեգ և Սերգեյ Կյուրեղյաններն անազատության մեջ են: Հայկ Կյուրեղյանը 2014-ին՝ Շանթ Հարությունյան և ընկերներ առաջին դատավարության ժամանակ, դատարանի բակում օդամղիչ ատրճանակով օդ կրակեց` դատապարտվելով 9 տարվա ազատազրկման: Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները «Սասնա ծռեր» խմբի անդամներ են: Փաստորեն, երեք եղբայրներն էլ անազատության մեջ են իրենց քաղաքացիական դիրքորոշման պատճառով` ազատության, արդարության, սոցիալական հավասարության համար պայքարում: Այդպես հազվադեպ է լինում: Ինչպե՞ս եք դաստիարակել, ի՞նչ հեքիաթներ եք պատմել նրանց, ի՞նչ եք խոսել նրանց հետ, երբ փոքր էին: Արդյոք ծծակի մեջ հոսող տանկի նկա՞ր էին տեսել` ինչպես հիմա են փորձում հայրենասիրություն սերմանել:

- Այսպիսի խոսք կա` մի՛ փորձեք դաստիարակել ձեր երեխաներին, միևնույն է` նրանք ձեզ են նմանվելու: Երևի պիտի իմ և տղաներիս պապերի, նախապապերի կյանքն ու գործունեությունը հիշել. նրանք միշտ եղել են ազգային-ազատագրական պայքարում: Նրանց ոգին փոխանցվել է տղաներիս: Հեքիաթներն էլ մեծ նշանակություն ունեն: Եթե երեխայի համար փոքր ժամանակ կարդում են «Իվանուշկա դուռաչոկ» կամ «Քաջ Նազար», այլ հոգեբանությամբ են մեծանում: Իմ տղաների համար կարդացել եմ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», «Հուլիանոսի առասպելը», «Փոքրիկ Իշխանը»:

- Ինչպե՞ս դիմավորեցիք ամանորը: Մենա՞կ էիք Դուք և Ձեր տիկինը:

- Արդեն 4 տարի է՝ մենք չենք նշում ամանորը: Միայն ընկերների կողմից զանգեր և ազատության մաղթանքներ եղան:

- Ձեր տղաներն ամուսնացա՞ծ են: Թոռներ, հարսներ ունե՞ք:

- Ոչ մեկն ամուսնացած չէ: Դեռ մտադրություն էլ չունեն: Ասում են` մինչև Հայաստանը չդառնա նորմալ երկիր, չենք ամուսնանա: Իրենք իրենց նվիրել են պայքարին: Պայքարող մարդը չի կարող ամուսնանալ և ընտանիքը ներքաշել վտանգների մեջ:

- Երբևէ ափսոսացե՞լ եք, որ Ձեր որդիները ներքաշվեցին պայքարի մեջ: «Սասնա ծռեր» խմբի տղաները մինչև ձերբակալությունը և ձերբակալությունից հետո էլ համախմբվելու և պայքարելու կոչ են անում, բայց մեծ հաշվով` համընդհանուր համախմբում և պայքար չեղան, չկան: Անշուշտ, դա անպտուղ, անարդյունք ակտ չէր, բայց կատարվածն ավելի զիլ փաստ էր, քան եղավ համաժողովրդական արձագանքը:

- Եթե իմանայի, որ նրանք նման քայլի են գնալու, ես կգնայի նրանց փոխարեն: Այդքանը կարող եմ ասել, որովհետև ցանկացած ծնող իր երեխայի վրա ուղղված հարվածը պատրաստ է ինքը վերցնել: Բայց երբ Պավլիկը գնաց իր որդու հետ, նման զոհաբերության օրինակից հետո որպես ծնող ոչինչ չեմ կարող ասել: Նրանք ոչ միայն իրենց ազատության, այլև կյանքի զոհաբերության գնացին: Հասարակությունը մեծ աջակցություն ցույց տվեց և կանխեց արյունահեղությունը: Հիմա նրանք բանտում են, բայց կարծում եմ` երկար չեն մնա: Երկրում կլինեն փոփոխություններ, և ամեն ինչ իր տեղը կընկնի:

- Ի՞նչ փոփոխություններ պիտի լինեն: Ինչո՞վ է հիմնավորված Ձեր լավատեսությունը:

- Ամբողջ աշխարհում բռնատիրական կղզյակները վերացնելու խնդիր է դրված, և այդ գործընթացը չի կարող շրջանցել Հայաստանը: Մեր երկիրը մեկ մարդու որոշմամբ բռնակցվեց ԵԱՏՄ-ին: Բայց անգամ Ռուսաստանը չի կարող շարունակել միահեծան կառավարումը` կա՛մ համաշխարհային պատերազմ պետք է լինի, որը կործանարար կլինի և՛ իր, և՛ ամբողջ աշխարհի համար, կա՛մ պետք է իր ճանապարհը փոխի դեպի ժողովրդավարություն:

- Բայց այդպիսի փոփոխություններն ինքնըստինքյան չեն լինում:

- Ճիշտ եք: Ամենավատն այն կլինի, եթե փոփոխություններն ինքնըստինքյան լինեն, այսինքն` ալիքը գա և կործանի ամեն ինչ: Դրա համար պետք է նախապատրաստվել, և կան այդ մարդիկ, որ կարող են և փորձում են դա անել, որպեսզի այդ փոփոխություններն առանց մեծ ցնցումների լինեն: Իհարկե, շատ բան կախված է իշխանություններից: Եթե իշխանությունը շարունակի կառչած մնալ աթոռներից, փոփոխությունները ցավոտ կլինեն և՛ նրանց, և՛քաղաքացիների համար:

- Երբ իմացաք, որ «Սասնա ծռեր» խմբի մեջ Ձեր երկու որդիներն են, ի՞նչ մտածեցիք այդ ժամանակ:

- Ուղղակի դուրս եկա և վազեցի ՊՊԾ գունդ: Մտածելու ոչինչ չկար:

- Երբ Հայկը օդամղիչ ատրճանակով կրակեց դատարանի շենքի առաջ, Արեգն ու Սերգեյն ի՞նչ ասացին նրան այն ժամանակ:

- Երևի նույն բանը, ինչ ես` հիմա: Երբեք նրան չեն դատապարտել: Անելուց հետո դատապարտելն անպտուղ գործ է: Արարքից հետո կա՛մ պիտի աջակից լինել, կա՛մ... Չգիտեմ: Ինչպե՞ս կարող է հարազատը կոտրել սիրելի մարդու ոգին:

- Գիտեմ, որ Դուք մասնակցել եք Արցախյան հերոսամարտին:

- Այո՛: Շարժման հենց սկզբում ձևավորվեց «Մերգելյան» ջոկատը, որի անդամներից մեկն էի: Բայց իմ սերնդի մեղավորությունը մեծ է. Արցախյան պատերազմում հաղթելիս, Հայաստանի անկախությունը կերտելիս չկարողացանք ստեղծել այնպիսի մի պետություն, որն արժանապատիվ կյանք կապահովի հետագա սերունդների համար: Մենք չգիտեինք՝ ի՛նչ է պետականությունը, ի՛նչ է Սահմանադրությունը, ի՛նչ է պետության կառուցվածքը, և թույլ տվեցինք, որ պետության ղեկն անցնի այնպիսի մարդկանց ձեռքը, որ երկիրն այս վիճակի հասցրին:

- Արեգն էլ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին:

- Այո՛: Առաջին օրն իսկ նա կամավոր մեկնեց առաջնագիծ:

- Իսկ Դուք ի՞նչ ասացիք նրան այդ ժամանակ:

- Ասացի` Աստված պահապան:                                  

- Իսկ մա՞յրը:

- Նույնը:

- Ի՞նչ եք կարծում, եթե կաթողիկոսը չլիներ Գարեգին Բ-ն, և եթե այդ մեկ ուրիշ` անկախ և իսկական հոգևոր առաջնորդը միջամտեր «Սասնա ծռերի» գործողություններից առաջ, դրա ժամանակ և դրանից հետո էլ` դատավարություններին, գուցե բոլորովին ա՞յլ պատկեր լիներ, դեպքերն ա՞յլ հունով ընթանային:

- Հայկը երկու անգամ բաց նամակ էր գրել կաթողիկոսին, հոգևորականներին: Իհարկե, քրիստոնեական մշակույթ ունեցող երկրում հոգևորականները շատ մեծ դեր կարող էին խաղալ: Վրաց պատրիարքը կրիտիկական պահին հայտարարեց, որ կնզովի նրան, ով ձեռք կբարձրացնի ժողովրդի վրա: Մի անգամ մարդիկ ասացին` կրոնի նախարարություն. իրոք, հոգևոր դասը նմանվել է այդ կառույցին:

Կաթողիկոսը կարգալույծ կանի այն հոգևորականին, ով իր գծած շրջանակից դուրս կգա: Իսկ իր գծած շրջանակը համընկնում է իշխանության գծածին, ըստ որի հայ մարդը պետք է լինի ստրուկ, զուրկ արժանապատվությունից, անկիրթ խառնամբոխի մասնիկ` անընդունակ հարցեր բարձրացնելու, խնդիրներ լուծելու: Հոգևորականներից մեկը մի անգամ ասաց` «Ի՞նչ կլինի, եթե հոգևորականը հարուստ լինի»: Ինչպե՞ս կարող է այս չքավոր, հացի կարոտ ժողովրդի մեջ հարուստ հոգևորական լինել: Մարդը, առավել ևս՝ հոգևորականը չի կարող երկու տեր ունենալ: Մամոնային ծառայող հոգևորականը չի կարող օրինակ լինել ժողովրդի համար:

- Ժողովրդին շատ մեղադրանքներ են ներկայացվում` ընտրությունների ժամանակ ծախվելու, ստրուկի հոգեբանություն ունենալու, անվճռականության մեջ: Համամի՞տ եք այս մեղադրանքներին:

- Մեղադրելու իրավունք ունի նա, ով գնում է զոհաբերության, մյուսները դրա իրավունքը չունեն: Բացի դա, 20 տարի շարունակ` ամեն ընտրությունից հետո, ժողովուրդը դուրս է եկել փողոց, ծեծվել է, ջարդվել է, լցվել է բանտերը և ուժի միջոցով զսպվել: Իհարկե, ժողովրդի մեջ կան նաև կաշառվողներ: Բայց ինչպե՞ս անել, որ չլինեն արատավոր երևույթներ, ինչպես 1980-ականներին էր, երբ անգամ գողերն էին «գործադուլ» արել, ոչ մի գող գողություն չէր անում: Այն ժամանակ այդ ոգին տվողը կար: Պետականություն ունեցող երկրներում մտածում են ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի մասին, բարձր են պահում հասարակության ոգին: Հայաստանում ճիշտ հակառակն է` անընդհատ քարոզվել է բնազդային արժեքներ:

- Հանդիպու՞մ եք Ձեր որդիների հետ:

-Այո՛, ունեմ տեսակցության իրավունք:

- Ինչպե՞ս են նրանք:

- Նրանց ոգին բարձր է: Նրանք գիտեին՝ ինչի՛ համար են դա անում և ի՛նչ է իրենց սպասում: «Սասնա ծռերի» գործողության առաջին օրը Արեգը, երևի զգալով, թե ինչ է կատարվում ինձ հետ, զանգեց և ասաց. «Մի՛ վախեցիր, կյանքն այսքանով չի ավարտվում»: Եվ նա ճիշտ էր ասում: Մի պատմություն էլ կա: Երբ որոշում էին, որ պիտի գնան ՊՊԾ գունդ, տղաներից մեկին հարցնում են` «Կգա՞ս մեզ հետ», հարցնում է`«Իսկ ի՞նչ ենք անելու», ասում են` «Գնում ենք մեռնելու», և նա ասում է`«Գիտեք, եթե խաշ ուտելու կանչեիք, գուցե մերժեի, էնպիսի բան եք ասում, որ չեմ կարող մերժել»:

- Շատ հեշտ է կողքից ուրիշի կատարած հերոսությամբ հիանալ: Բայց երևի շատ դժվար է, երբ հերոսները զավակներդ են: Կուզեի՞ք, որ ձեր տղաները չլինեին այդ հերոսները:

- Կուզեի, որ մեր երկիրը խաղաղ լիներ, ազատ լիներ, և իմ որդիներն զբաղվեին ստեղծագործ աշխատանքով` ինչպես նախկինում, երբ Հայկն ու Սերգեյն զբաղվում էին ծրագրավորմամբ, Արեգը` քարտեզագրմամբ: Երեքն էլ իրենց հետաքրքիր աշխատանքն ունեին և կարող էին իրենց ներդրումն ու նպաստը բերել մասնագիտական ոլորտներում: Բայց հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին. մեզնից յուրաքանչյուրը կարող էր այդ իրավիճակում հայտնվել, եթե դիպչեին մեր արժանապատվությանը:

- Ամբողջ հարցն այն է, որ արժանապատվությունն անընդհատ ոտնատակ է, որովհետև խնդիրն այսպես է դրված` հաց կամ արժանապատվություն, և դժվար է ընտրել առաջինը, դա հանաք գործ չէ, ամեն մարդու բան չէ:

- Փաստացի, կան մարդիկ, որ հասկանում են, թե ի՛նչ կարևոր բան է արժանապատվությունը, և չեն վախենում ո՛չ սոված մնալուց, ո՛չ ծեծվելուց, անգամ մահանալուց չեն վախենում: Իմ որդիները պայմանավորվել էին, որ եթե անգամ իրենցից մեկին մասնատեն, մյուսները չպիտի ետ կանգնեն իրենց պայքարից, իրենց արժեքներից: Կյուրեղյանների համար վախը, ճնշումներն ու կաշառքն անիմաստ են: Կյուրեղյանների համար արժանապատվությունն ամենաբարձր տեղում է, և այդ հարցում կոմպրոմիս լինել չի կարող:

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի

MediaLab.am