«Որոշել են փակել Կառավարության նիստերը մամուլի համար, որ ոչ ոք չիմանա, թե ի՛նչ են այնտեղ խոսում, ի՛նչ ցուցումներ են տալիս». Ժաննա Ալեքսանյան

08-02-2018
4642 դիտում
«Որոշել են փակել Կառավարության նիստերը մամուլի համար, որ ոչ ոք չիմանա, թե ի՛նչ են այնտեղ խոսում, ի՛նչ ցուցումներ են տալիս». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

- Տիկի՛ն Ալեքսանյան, Կառավարության հավանությանն արժանացավ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը։ Այդ նախագծով՝ Կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Ինչպե՞ս եք գնահատում իշխանության այս քայլը, արդյոք փորձ է կատարվում սահմանափակե՞լ տեղեկատվության ազատությունը։ Արդյոք սա ժողովրդավարության տեսանկյունից նահա՞նջ չէ։

- Մենք սպասում էինք, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո շատ մեծ փոփոխություններ են լինելու, ժողովրդավարական արժեքներն արդեն գործելու են, բայց տեսնում եմ, որ տարբեր ոլորտներում այդ միտումներն իսպառ բացակայում են։ Ավելին՝ խորացնում են մեզ անհանգստացնող հարցերը։ Մենք տեսնում ենք, թե ի՛նչ է կատարվում երկրում, արդեն պարզ է, որ նոր վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու, և նրա մասին պետք է ասել միայն լավը, ոչ մի քննադատական խոսք չպետք է հնչի։ Կարծում եմ՝ հենց դրա համար են որոշել փակել Կառավարության նիստերը մամուլի համար, որ ոչ ոք չիմանա, թե ի՛նչ են այնտեղ խոսում, ի՛նչ ցուցումներ են տալիս, ի՛նչ մակարդակի են դառնում այդ նիստերը։ Բնականաբար, սա խոսքի ազատության սահմանափակում է, ոչ մի դրական բան չեմ ակնկալում։ Կարծում եմ՝ լրատվամիջոցների դերն այս երկրում նվազելու է, և այդ միտումները գնալով շատանում են։ Այս երկրին լրատվամիջոցներ, ըստ էության, պետք չեն։ Որևէ փոփոխություն երկրում չի լինելու, ես չեմ հավատում։ Եթե մի փոքր հույսեր ունեի ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի հետ կապված, հիմա դրանք իսպառ բացակայում են։ Մենք չենք տեսնում կամքի որևէ դրսևորում, որևէ բան, որը մեզ հույս կներշնչի, որ դրական փոփոխություն է լինելու։ Հիմա էլ, երբ Կառավարության նիստերը բաց են, շատ բան չի փոխվում, ու եթե փակեն, ես չեմ պատկերացնում, թե ի՛նչ կարող է լինել ներսում։

- Այսինքն՝ ամեն ինչ հարմարեցնում են Սերժ Սարգսյան վարչապետի՞ն։

- Այո՛, մենք խանական երկրում ենք ապրում, ամեն ինչ հարմարեցվում է խանին։ Ինչո՞վ ենք տարբերվում միջինասիական երկրներից։ Ես կարող եմ ասել նաև, որ անգամ բանակում, որտեղ շատ բաներ կային, որ թափանցիկ էր դարձել բանակը, տեսնում եմ, թե ինչպես է նորից փակվում։ Նույնը նաև այլ ոլորտներում, ես կարող եմ օրինակ բերել քրեակատարողական հիմնարկներում պետերի փոխատեղումները, որից հասկանում եմ, որ այս մարդիկ պարզապես չեն ուզում որևէ բան փոխվի։ Նոր մարդիկ չկան, իրենց հին, կոռումպացված կերպարներին նորից տանում-բերում են, ահա թե ինչու պետք է Կառավարության նիստերն այլևս փակ լինեն։

- Սերժ Սարգսյանը խոսում է բանակի արդիականացման մասին, նշում, որ «ազգ-բանակ» հայեցակարգն էլ հենց դրան է միտված։ Փաստորեն այս ամենը ուռճացված է, ու բոլորովին ա՞յլ ուղղությամբ են գնում գործընթացները։

- Իսկ ե՞րբ է Սերժ Սարգսյանը որևէ խոսք ասել, որը հետո գործնականում իրականություն է դարձել։ Ես չգիտեմ, թե ի՛նչ նկատի ունեն բանակի արդիականացում ասելով, բայց այն, ինչ իրենք ասում են, ես չեմ հավատում, որովհետև ոչինչ չեն անում։ Եթե ուզում են այս երկիրը դարձնել զինվորական մի տարածք` ես չգիտեմ։ Միայն տեսնում եմ, որ որևէ բան փոխելու մտադրություն չունեն։ Փաստորեն Կառավարության նիստերի փակ լինելը արդեն ուղղակիորեն գալիս է ասելու, որ հենց այդպես է լինելու։ Պետք է շատ ակտիվորեն, եթե այս երկրում դեռ մնացել են մարդիկ, թույլ չտան, որ այս բացասական միտումները խորանան։ Մենք Ուզբեկստանում չենք ապրում։

- Կարելի՞ է ասել, որ նաև հասարակական պարսավանքից են վախենում, դրա համար են փակում կառավարության նիստերը։

- Շատ հնարավոր է։ Իրենք իրենց հեռուստաընկերություններն ունեն, որոնք իրենց գովաբանում են, իրենք սիրում են իրենց մասին միայն լավը լսել։ Իրոք, նրանք իրենց մասին մտածում են, թե իրենք բացառիկ են։ Մի արտահայտություն կա՝ եթե իշխանությունը այլասերություն է, ապա բացարձակ իշխանությունը բացարձակ այլասերություն է։ Ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանն ուզի քննադատություն լսել, կամ մենք իմանանք, թե Կառավարությունն ինչ որոշումներ է ընդունում։ Մարդիկ անգամ դա իմանալու արժանի չեն։

- Վերջերս տեղեկություն տարածվեց, թե պետական գնումների շրջանակներում ինչքան գումար է ծախսվել անգամ ծաղիկներ գնելու համար։ Հիմա փորձ է արվում փակե՞լ տեղեկատվությունը հանրության համար։

- Ինչ ուզենք՝ կանենք. սա՛ է իրենց ասածն ու արածը։ «Մեդիալաբի» խմբագրին ուղղված սպառնալիքը բավական բաց է, զինվորական է եղել հեղինակը, ու բացարձակ անտարբերություն է, կարծես նորմա է, որ կնոջը սպառնան, երեխային սպառնան։ Կարծեմ ուղղակի մեղադրանքներ կային պաշտպանության նախարարի, ու նույնիսկ այդ պարագայում ոչինչ չի փոխվում։ Իշխանությունը լռում է, պաշտպանության նախարարը ևս չի արձագանքում, թեև պարտավոր է արձագանքել, հերքել կամ հաստատել։ Շատ մտահոգիչ է իրավիճակը։

Մանե Հարությունյան

MediaLab.am