«Ամբողջ տնտեսությունը մի քանի օլիգարխների ձեռքին է, քվոտաները բաժանված են լեյտենանտ Շմիդտի որդիների նման՝ «սա՝ ինձ, սա՝ քեզ»». Նաիրա Զոհրաբյան

08-02-2018
4452 դիտում
«Ամբողջ տնտեսությունը մի քանի օլիգարխների ձեռքին է, քվոտաները բաժանված են լեյտենանտ Շմիդտի որդիների նման՝ «սա՝ ինձ, սա՝ քեզ»». Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

- Տիկի՛ն Զոհրաբյան, պետական գերատեսչություններն Ամանորին կորպորատիվ հավաքույթների վրա ավելի քան 30 մլն դրամ են ծախսել: Մասնավորապես, ճոխ ծախսերով աչքի է ընկել Երևանի քաղաքապետարանը՝ այդ նպատակով ծախսելով 10 մլն դրամ՝ քաղաքապետարանի սրահում տեղադրելով հատուկ ծաղկե կոմպոզիցիաներ, սառցե քանդակներ: Ինչպե՞ս եք գնահատում այս ճոխ ծախսերը:

- Ես չեմ ցանկանում նվնվացող մտավորականի տպավորություն թողնել, որովհետև գտնում եմ, որ տոնը պետք է նաև նշել: Բայց ամեն ինչ իր չափն ունի. եթե մեր երկրի հնարավորությունները սուղ են, յուրաքանչյուրս պետք է այդ հնարավորությունների չափով մեր միջոցառումները կազմակերպենք: Եթե մեր երկրի հնարավորությունն այն է, որ քաղաքացին Նոր տարվա օրերին չի կարողանում իր երեխային անգամ կոնֆետ գնել, բայց դրա դիմաց տեսնում ենք տարբեր պետական գերատեսչությունների շռայլությունը, այստեղ իսկապես լուրջ հարցեր են առաջանում: Մարդիկ Նոր տարին վարկեր վերցնելով են անում, որովհետև փոքր երեխային չեն կարող բացատրել, որ Ձմեռ պապն իրենց տուն չի գնալու, նվեր չի տանելու: Այդ ֆոնին այս ծախսերն անթույլատրելի են: Դա նման է հայտնի «խրախճանք ժանտախտի պահին» իրավիճակին: Ամեն ինչ պետք է լինի սթափ տրամաբանության, արժանապատվության ու բարոյականության սահմաններում: Զսպվածությունը, ժուժկալությունը ամեն մարդու ներսից պետք է լինեն՝ անկախ նրանից՝ նա պաշտոնյա՞ է, թե՞ ոչ:

- Ամեն տարի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից ծախսերը կրճատելու հանձնարարականներ են հնչում: Բայց ստացվում է, որ իրենք իրենց հանձնարարականներին ականջալուր չեն, ճոխ ծախսերը շարունակվում են:

- Իրենք կարծում են, որ իրենց բոլոր ծախսերն ամենակարևորն են: Իրենց կարծիքով՝ պետք է կրճատել այնտեղ, որտեղ իրենք չկան: Եվ քանի դեռ այդ մեխանիզմը՝ «որտեղ մենք ենք, դա ամենակարևորն է, իսկ որտեղ մենք չկանք, դա կարևոր չէ», գործում է, որևէ արդյունք չի լինի: Եթե մեխանիզմը չփոխվի, այդ պաշտոնյաների այդ հայտարարությունները կշարունակեն իմիտացիա մնալ:

- Այսինքն՝ ստացվում է մի իրավիճակ, որ թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու համար ասում են՝ գումար չկա, բայց կորպորատիվ և այլ ծախսերի համար չե՞ն խնայում:

- Ընդհանրապես և՛ այս, և՛ նախորդ կառավարությունների գործունեության մեջ, ցավոք, դժվար է որևէ տրամաբանություն գտնել: Եվ քանի դեռ մեր տնտեսությունը մոնոպոլացված է, այս իրավիճակը չի փոխվի: Նայում եմ ՄԱԿ-ի Պարենի կազմակերպության տեղեկատվությունը՝ միջազգային շուկայում պարենի տարբեր տեսակների գների իջեցման մասին: Եվ համեմատում ենք մեզ մոտ առկա իրավիճակի հետ, տեսնում ենք, որ գների սրընթաց աճ կա: Ինչո՞ւ, որովհետև ամբողջ տնտեսությունը մի քանի օլիգարխների ձեռքին է, քվոտաները բաժանված են լեյտենանտ Շմիդտի որդիների նման՝ «սա՝ ինձ, սա՝ քեզ, բայց միայն արդարաբար, Շուրա՛»: Իշխանություններն ասում են՝ «սա՝ ինձ, սա՝ քեզ, մեր կլանի մեջ արդարաբար»: Քանի դեռ գործում է լեյտենանտ Շմիդտի այս մեխանիզմը, մենք ունենալու ենք այս իրավիճակը:

- Այս ճոխ ծախսերին զուգահեռ մենք տեսնում ենք, որ վիրավոր զինծառայողների բուժման համար հանրությունից են գումար հավաքում: Այդ ծախսերը կրճատելով՝ որտե՞ղ կարելի էր ուղղել այդ միլիոնները:

- Ես կարծում եմ, որ զինվորի համար մենք յուրաքանչյուրս մեր պարտքը պետք է կատարենք, ով ինչպես մտածում է և կարող է: Բայց ես միանշանակ համաձայն եմ ձեզ հետ՝ որևէ պետական կառույց կարող էր հայտարարել, որ ընդամենը շատ թեթև շնորհավորելու է իր անձնակազմին Ամանորի առթիվ, իսկ մնացած գումարն ուղղելու է վիրավոր կամ զոհված զինծառայողների ընտանիքներին: Դա կլիներ շատ ընդունելի առաջարկ: Ինձ շատ հուզեց Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի մահվան ժամանակ հարազատների արած հայտարարությունը, որով կոչ էր արվում թանկ ծաղկեպսակներ չբերել, այդ գումարներն ուղղել զինծառայողների ընտանիքներին աջակցող հիմնադրամին: Սա մշակույթ է, որը մենք պետք է կարողանանք սարքել ապրելակերպ և մտածելակերպ:

- Այսինքն՝ պետական գերատեսչությունները կարող էին հրաժարվել այդ ճոխ խնջույքներից ու նմանօրինակ մի նախաձեռնությա՞մբ հանդես գալ:

- Այո՛, սառցե քանդակների ու ճոխ սեղանների գումարները կարելի էր ուղղել զինվորների ընտանիքներին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am