«Ինձ այս գունավոր տարբերակը չի համոզում, կարծում եմ՝ հեղինակը դեռ չի գտել մատուցման ճիշտ ձևը». Հաղթանակ Շահումյան

08-02-2018
9323 դիտում
«Ինձ այս գունավոր տարբերակը չի համոզում, կարծում եմ՝ հեղինակը դեռ չի գտել մատուցման ճիշտ ձևը». Հաղթանակ Շահումյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը (Հաղթո)։

- Պարո՛ն Շահումյան, այս օրերին հասարակության ուշադրության կենտրոնում է Երևանի ավագանու օրակարգ ընդգրկված՝ Արամ Մանուկյանի աղմկահարույց քանդակի էսքիզը, որը բուռն քննադատության ենթարկվեց։ Որպես այդ հանձնաժողովի անդամ՝ ինչպե՞ս եք գնահատում այդ էսքիզը։

- Իհարկե, հանձնաժողովում քննարկումներ եղել են, բայց գույներով տարբերակը չի քննարկվել, եղել է սպիտակ գիպսի տարբերակը, ու նշված չի եղել, որ պետք է լինեն դրոշի գույներ։ Ինձ այդ տարբերակը չի համոզում։ Արվեստում, իհարկե, կարող են գույներով քանդակներ լինել, դրանք եղել են նաև հնում, բայց դրանք ուրիշ խնդիրներ են։ Երբ դու ռեալիստական, ակադեմիական քանդակ ես անում՝ դեմքը, մարմինը, ու այդպիսի մոտեցում ես ցուցաբերում, դա արդեն ոչ թե ժամանակակից մտածողության արդյունք է, այլ անհամատեղելի է։ Սա իմ կարծիքն է, որը կարող է սխալ լինել։ Հեղինակի հայտարարություններից ու հարցազրույցներից էլ հասկացել եմ, որ ինքն էլ դեռ վերջնական լուծում չունի։ Ուղղակի ժամանակի խնդիր կա, պետք է նրան ժամանակ տալ, որ կարողանա ամբողջական դարձնել, որովհետև շատ կարճ ժամանակում է մրցույթը եղել։ Ընդամենը մեկ ամիս ժամանակ էին տվել, ու հնարավոր չէ այդքան կարճ ժամանակում հասցնել նման առաջարկներ անել, հատկապես որ արձանը լինելու է քաղաքի կարևոր հատվածում։ Շատ լավ է, որ սա բոլորի ուշադրության առարկան է դարձել, դա կստիպի ավելի ուշադիր լինել ու բոլոր կողմերից դիտարկել խնդիրը։ Բոլոր արվեստագետներն էլ ուզում են լավ գործ անել, ու կարծում եմ, հիմա պետք է հեղինակին ժամանակ տրվի, որ կարողանա վերջնական տեսքի բերել իր աշխատանքը։ Ուղղակի ժամանակը սեղմում են, ասում են՝ 100-ամյակին պետք է պատրաստ լինի։ Այս մոտեցումը կաշկանդող է։

- Պարո՛ն Շահումյան, բոլոր ներկայացված էսքիզների մեջ սա լավագո՞ւյնն էր։

- Ես չեմ կարող այդպես ասել, որովհետև մրցույթը շատ բարձր մակարդակով չէր ներկայացված, բայց բացարձակ մեծամասնության ձայները տրվեցին այդ էսքիզին։

- Այստեղ սուբյեկտիվ մոտեցում չե՞ք տեսնում, հնարավո՞ր է, որ քաղաքապետարանի կողմից ուղղորդում է եղել։

- Ես չեմ ուզում նման բաներ ասել, որովհետև այդ մասին այնքան են խոսում։ Ես պետք է փաստ ունենամ, որ կարողանամ այդ մասին խոսել։ Ճիշտ է՝ մրցույթում փակ քվեարկություն է լինում, ներկայացված աշխատանքները փակ ծրարներով են ներկայացվում, բայց քանդակագործները շատ լավ ճանաչում են միմյանց ձեռագրերը և կարող են ճանաչել, թեպետ ակնհայտ ձեռագիր չէր զգացվում։ Երևի շատերն իրենց ծանոթներն էին, մեկը մյուսին ասում էր։ Մեր իրականությունում մարդկային նման բաներ հնարավոր են։ Օրինակ՝ անուններ չեմ ուզում տալ, բայց այնտեղ կային տենդենցիոզ դեմքեր, որ ոչ թե այս գործի, այլ մեկ այլ գործի համար իրենց պատեպատ էին տալիս։

- Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում գործ ունենք մրցութային ոչ ճիշտ, սուբյեկտիվ համակարգի հետ։ Հայտարարվում է մրցույթ, բայց իրականում մրցույթ տեղի չի ունենում։ Լևոն Թոքմաջյանը, օրինակ՝ նման գնահատական է տվել։

- Այո՛, դա այդպես է մեր իրականությունում, բոլոր ոլորտներում։ Միայն արվեստի ասպարեզը չի, ամեն տեղ այդպես է։ Ցավալիորեն մրցույթների անցկացման, գեղարվեստական խորհուրդների կազմակերպման օրենսդրություն գոյություն չունի, որտեղ ամրագրված կլինեն բոլորի անելիքները։ Օրինակ՝ խորհրդային տարիներին ինքս էլ եղել եմ նման գործընթացների քարտուղարը, կազմակերպողը։ Այն ժամանակ կար կառավարության կողմից հաստատված կարգ, թե ինչպես են անցկացվում մրցույթները, ինչպես են ընտրվում անդամները։ Իսկ մենք հիմա մրցույթներ են կազմակերպում, որոնք ոչ մի ելակետային կանոնակարգված պահվածք չունեն։

- Կարո՞ղ եք ասել, որ դուք դեմ եք էսքիզի այդ տեսքով կյանքի կոչմանը։

- Ինձ այս գունավոր տարբերակը չի համոզում։ Ես կարծում եմ՝ հեղինակը դեռ չի գտել մատուցման ճիշտ ձևը։ Ես մեծ կասկած ունեմ, որ այդ գունային լուծումը այդ ոճի, այդ քանդակային մտածողության, այդ կերպարի հետ ճիշտ կլինի։

- Ձեր կարծիքով դժվա՞ր է Արամ Մանուկյան քանդակելը, թե ուղղակի սուբյեկտիվ ընտրություն կատարվեց։

- Արամ Մանուկյանի ֆոտոները նայել եմ, մեկը մյուսից տարբեր են, շատ դժվար կերպարային խնդիր է դրված։ Բայց նման հուշարձաններում պարտադիր չէ անպայման դեմքի շատ նմանություն, այնտեղ պետք է ոգին, ներքին կերպարն արտահայտվի, բացի այդ, նպատակն արտահայտվի, թե ինչի՛ համար է այդ հուշարձանը դրվում։ Դրվում է, որ բոլորը տեսնեն, ասեն՝ վայ, սա այսինչ մա՞րդն է, թե՞ դնում ենք, որ եկող սերունդները, ինչպես շատ արժեքավոր հին ու նոր հուշարձաններ են մարդկանց ոգևորում, պարտավորություն ստեղծում ազգին նվիրվելու, ապրելու և այլն։

Ես իմ կարծիքը կուսակցական ներկայացուցիչներին էլ եմ ասել, որ 100-ամյակի հետ կապված պետք է անկախացման 100-նվիրված հուշարձան լիներ, որը հարում է Հանրապետության հրապարակը։ Եվ ճիշտ կլիներ, որ այնտեղ դրվեր մեր անկախացման 100-ամյակին նվիրված հուշարձան, որովհետև միայն Արամ Մանուկյանը չի եղել, շատ երևելիներ կան, որոնք մեծ գործ են կատարել։ Արամ Մանուկյանի տունը քանդում են, մինչդեռ կարելի էր թանգարան սարքել։ Սա իմ կարծիքն է, որը որոշման վրա չի կարող ազդել, որոշումը կայացրել են կառավարությունում, որ պետք է լինի Արամ Մանուկյանի հուշարձանը։

Մանե Հարությունյան

MediaLab.am