«Հաջորդ անգամ ընդդիմադիրները մի ուրիշ դժոխային պատմություն են սարքելու ՀՀԿ-ական ահաբեկիչների դեմ». Լեւոն Բարսեղյան

13-02-2018
8028 դիտում
«Հաջորդ անգամ ընդդիմադիրները մի ուրիշ դժոխային պատմություն են սարքելու ՀՀԿ-ական ահաբեկիչների դեմ». Լեւոն Բարսեղյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

- Պարո՛ն Բարսեղյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու նիստում այսօր տեղի ունեցած միջադեպը, երբ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները փորձում էին կոյուղաջրերով լի տարան մոտեցնել Երևանի քաղաքապետին: Դա կարծես յուրօրինակ ակցիա էր, որը կասեցվեց ՀՀԿ-ականների բռնի գործողությունների միջոցով:

- Քանի որ մենք այդպես էլ չիմացանք, թե ի՛նչ էին անելու «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները, հստակ չենք կարող ասել` պայքարի այդ միջոցն արդյունավե՞տ էր, թե՞ ոչ: Կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի ունեցավ նախքան ակցիան խափանելը, որևէ անօրինական բան իր մեջ չէր պարունակում: Մարդիկ իրավունք ունեն շշով հեղուկ տանել իրենց հետ ավագանու նիստ, դա արգելված չէ:

- Իսկ ինչո՞վ եք բացատրում ՀՀԿ-ականների արարքը:

- ՀՀԿ-ականների դիրքն ուղիղ բխում է Սերժ Սարգսյանի կառուցած կլանային պետության բնույթից: Ես համարում եմ, որ տեղի ունեցածը պետության զավթման մետաստազներից մեկն է, որն այսօր երևաց ավագանու նիստում: Հանրապետական կլանը նախկինում կարողացել է բազմաթիվ հանցագործություններ կատարել: Հիմա, կարծում եմ, ավագանու կազմում հայտնվել են մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի գծագրերում ու հաշվարկներում չեն եղել: Մյուս հանգամանքն այն է, որ այդ մարդկանց նկատմամբ հալածանք է եղել հենց ավագանու նիստերի ժամանակ: Մենք հիշում ենք ավագանու տխրահռչակ անդամներից մեկին, ով ուղղակի հայհոյում էր ավագանու կանանց, ինչ է թե նրանց ասածն իրեն դուր չէր եկել: Այդ հալածանքը որևէ լավ տեղ չտարավ, և կրքերն ու էմոցիաները կուտակվեցին, այս իրավիճակն ստեղծվեց:

- «Երկիր ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ հայտարարել էր, որ դժոխք է սարքելու ՀՀԿ-ականների կյանքը: Կարո՞ղ ենք ասել, որ դա նրանց հաջողում է:

- Նրանց կարծիքով` իրենք դա անում են: Եվ կլանը նրանով է կլան, որ պետք է հավատարմություն ցույց տա իր միջանկյալ ֆեոդալին: Իսկ միջանկյալ ֆեոդալը այն մարդն է, ով նիստի ժամանակ ասում էր` «Դեմը առեք, դեմքը առեք»:

- Դա խոսում է իշխանությունների վախի մասի՞ն:

- Այո՛, ըստ երևույթին այդպես է: Կարող էին համբերել ու տեսնել, թե ի վերջո ի՞նչ ակցիա էր դա: Աշխարհում կան քաղաքական բողոքի տարբեր ձևեր. Շվարցենեգերին ձվով խփեցին, ինքը ձեռքով մաքրեց, շարունակեց իր ելույթը: Բայց այդ ամբողջ խմբին քսի տալ բողոքն արտահայտող ավագանու անդամների վրա, ուղղակի վկայություն է այն բանի, որ պետության զավթման սխեման թույլ չի տալիս իրենց պատկերացումներից դուրս որևէ բան անել: Եվ կապ չունի` այդ գործողությունն օրինակա՞ն է, թե՞ ոչ:
Մյուս խնդիրը, որին կուզեի անդրադառնալ, կին-տղամարդ հարցն է: Բացարձակ անընդունելի եմ համարում քննարկել այն հարցը, որ տղամարդ անդամը կին անդամի նկատմամբ բռնություն գործադրի: Սեռն այստեղ կապ չունի: Այն, որ փաստացի տղամարդկանց կողմից կնոջ դեմ է եղել հարձակումը, հասկանալի է, բայց հարցն այդ չէ: Եթե կնոջ փոխարեն տղամարդ լիներ, էլի նույն վերաբերմունքն էր լինելու: Այնպես չէ, որ կին լինելու պատճառով հարձակվեցին, այլ կոնկրետ կլանային փիլիսոփայությունից է դա գալիս:

Այդ բողոքը Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած իրավիճակի նկատմամբ քաղաքապետի անտարբերությունից էր ծնվել: Եթե տևական ժամանակ մարդը բանի տեղ չի դնում մարդկանց, ավագանու անդամներն էլ հավանաբար գտել են, որ բողոքն արտահայտելու այդ ձևն է իրենց համար ընդունելի: Տարիներ առաջ Գյումրիում երիտասարդներն այնքան էին հոգնել փողոցներում աղբի քանակությունից, որ աղբը հավաքեցին ու մեծ տոպրակներով տարան լցրեցին քաղաքապետարանի դռների առաջ: Դա էլ ակցիայի մի ձև էր:

- Ի՞նչ զարգացումներ կարող են լինել այս միջադեպից հետո:

- Ես չեմ բացառում, որ կարող են նեգատիվ զարգացումներ լինել: Նիստի վերջում արդեն ՀՀԿ-ականներն սկսեցին խոսել այն մասին, որ պետք է երաշխավորված լինի նիստի անվտանգությունը: Դա նշանակում է, որ վաղը-մյուս օրը լրագրողներին էլի կնստեցնեն շուշաբանդի մեջ, ինչպես Ազգային ժողովում: Գուցե ճաղավանդակներ էլ քաշեն քաղաքապետի շուրջբոլորը, քաղաքապետը ճաղավանդակների միջից ելույթ ունենա:

- Այսինքն՝ իշխանությունները վախեցա՞ծ են:

- Այո՛, փոխանակ արդյունավետ լուծումներ գտնեն, որ նման կրքեր չբորբոքվեն, իրենք որոշում են ռեպրեսիվ մեթոդներով պայքարել: Ինչ եք կարծում` այսօրվա նրանց արածից հետո այդ էմոցիաները կհանդարտվե՞ն: Հաջորդ անգամ ընդդիմադիրները մեկ ուրիշ դժոխային պատմություն են սարքելու ՀՀԿ-ական ահաբեկիչների դեմ:

- Այսինքն՝ այս իրավիճակն է ստեղծվել, քանի որ իշխանությունները խնդիրները լուծելու փոխարեն փորձում են մարդկանց լռեցնե՞լ:

- Կոնֆլիկտների լուծման տեսության մեջ կա գրիմի կամ լեյկոպլաստի էֆեկտ: Խնդիրը կա, բայց կոնֆլիկտի կողմերը կամ կողմերից մեկն ու մեկը չեն ուզում տեսնել խնդիրը: Ոնց որ մարդու մարմնին վերք լինի, վրան լեյկոպլաստ կպցնես, ասես՝ լավ է, դե չի երևում, անցած լինի: Բայց դրանով վերքը չի բուժվում, ուռում է ու մի օր տրաքում: Այս նույն կոպիտ սխալներն են այսօր կատարվում: Խնդիրները պետք է լուծել, խնդիրները չլուծելը որևէ կերպ չի հանգեցնում խնդրի ինքնաբերաբար լուծման: Եթե այդ աղջկան ծեծեցին, նա վաղն այլևս չգա ավագանու նիստին, դա չի նշանակում, որ կոյուղին մաքրվեց, ու խնդիրը լուծվեց: Սա կառավարման գործում տարածված կոպիտ սխալ է, իսկ Հայաստանում մեծ ու փոքր պաշտոնյաների մի խումբ կա, ովքեր ընդհանրապես գաղափար չունեն խնդիրների լուծման ալգորիթմի մասին: Չեն պատկերացնում, որ խնդիրը պիտի լուծել, որ չկուտակվի, ոչ թե խնդրի մասին բարձրաձայնողին քացու տակ գցել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am