«Քաղաքական մանիֆեստացիաները բնորոշ գործիքներ են այն ընդդիմության ձեռքին, որը իրավական միջամտության բոլոր տարբերակները սպառել է». Անուշ Սեդրակյան

14-02-2018
5115 դիտում
«Քաղաքական մանիֆեստացիաները բնորոշ գործիքներ են այն ընդդիմության ձեռքին, որը իրավական միջամտության բոլոր տարբերակները սպառել է». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

- Ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած բռնությունը։ Բռնություն գործադրածները փորձում են արդարացնել իրենց, թե ո՛ւմ կարելի է խփել, ո՛ւմ՝ոչ։

- Այս խնդիրը կարելի է դիտարկել երեք դիսկուրսով, որոնց բոլորին ուզում եմ հատ-հատ անդրադառնալ. առաջինը, որը բարձրացրել են ֆեմինիստները, կին-տղամարդ հարաբերությունների համատեքստում է։ Կին-տղամարդ հարաբերությունների համատեքստը կարգավորում է՝ ա) արևելյան ավանդույթը, բ) կամ քաղաքացիական կոդեքսը, որովհետև երրորդ կարգավորման մոդել չկա։ Արևելյան ավանդույթը, եթե չի նախատեսում իսլամիստական, ֆունդամենտալիստական մոտեցում խնդրին, ենթադրում է կնոջ հանդեպ լրացուցիչ հարգանք, զիջողականություն և ընդհանուր առմամբ, այսպես ասած, ներողամտություն։ Մենք տեսանք, որ այս պարագայում չի գործել արևելյան ավանդույթը և չի գործել իսլամիստական մոտեցումը։

Գործել է իշխանական կլասիկ ճնշման մոդելը, որովհետև եթե Երևանի ավագանու ՀՀԿ-ի ներկայացուցիչները համարում էին, որ «Երկիր ծիրանիի» ներկայացուցիչների գործողությունները ոչ իրավական էին, ապա այդ դեպքում ինչ են անում ցանկացած նորմալ պետականության ներկայացուցիչները, այսինքն՝ մարդիկ, որոնք կոչված են մարմնավորել պետականությունը։

Նրանք կանչում են ոստիկանություն, որովհետև ոստիկանությունն է այն գործիքը, որն իրականացնում է ոչ իրավաչափ գործողություններին միջամտելու գործառույթը։ Ինչպես տեսնում եք, մեր ավագանին նույնիսկ չմտածեց ոստիկանություն կանչելու մասին, այլ գնաց տարրական հաշվեհարդարի ճանապարհով։ Այդ ճանապարհի մեջ մենք մոտեցանք այն սերմանվող միտումին, որը գնում է նաև Հանրային հեռուստատեսության եթերում, առ այն, որ կինն իր տեղը պետք է ճանաչի։ Ես նկատի ունեմ ռեփեր երեխայի տեսահոլովակը։

Կնոջն իր տեղը դնելու միտումն այժմ իշխում է բոլոր ավտորիտար մոտեցումներում, որովհետև կանայք շատ ավելի քիչ կոռումպացված են, շատ ավելի ակտիվ են և շատ ավելի նախանձախնդիր են։ Կանանց նկատմամբ բացահայտ բռնություն և բացահայտ վախ սերմանելու մեթոդաբանություն կիրառելը, որպես կանոն, դատապարտվում է հասարակության կողմից։

Դրա համար հատուկ նպատակ կա թե՛ սոցիալական ցանցերի միջոցով, թե՛ այն մտայնության միջոցով, որ կինը պետք է իր տեղը ճանաչի, սերմանել կանանց գործոնի ապաակտիվացում։ Ես ինքս երբևէ անձամբ վառ արտահայտված որևէ ֆեմինիստական շարժման չեմ պատկանում և կարծում եմ, որ կանանց ու տղամարդկանց իրավունքները հավասար են և քննարկման ենթակա չեն այն պետություններում, որտեղ կանանց իրավունքների համար պայքարն արդեն հաջողությամբ է պսակվել։ Հայաստանը չի դասվում այդ երկրների շարքին։ Դրա համար մենք ունենք տվյալ միջադեպի մեջ նախևառաջ պետական իրավասությունների խախտում, երկրորդ՝ քաղաքացիական իրավունքի խախտում, երրորդ՝ մարդու իրավունքների խախտում և, որպես հետևանք՝ կանանց իրավունքների խախտում։ Գենդերային բաղկացուցիչը, չնայած այդ գենդերային բաղկացուցիչը գերակա չէ։

Կարող եմ նաև հուշել քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետին գործողության հնարավոր քաղաքակիրթ զարգացման սցենարներ։ Սցենար համար մեկ. ժողովո՛ւրդ ջան, դուք չափից դուրս ծայրահեղական եք, եկեք այդ հարցը քննարկենք ավելի իրատեսական մթնոլորտում։ Սցենար համար երկու. ժողովո՛ւրդ ջան, դուք ոչ իրավական եք, և ես դրա համար կանչում եմ ոստիկանություն, ինչը ևս նորմալ է։

Դա պետականության շրջանակներում է, եթե դու կարծում ես, որ կատարվել է հանցանք, դու կանչում ես ոստիկանություն։ Սցենար համար երեք. ավանդական, արևելյան. լավ, էլի, աղջիկնե՛ր ջան, եկեք այդ հարցը մեր մեջ լուծենք։ Բայց իսլամիստական բռնությունների սցենարը այս պարագայում ամենաանընդունելին էր, որը կիրառեց ՀՀԿ-ն։ Վիճարկել, թե ինչպես են իրենց պահել կանայք, ինչ են արել, ուղղակի ծիծաղելի է, որովհետև քաղաքական մանիֆեստացիաները շատ բնորոշ գործիքներ են այն ընդդիմության ձեռքին, որը իրավական միջամտության բոլոր տարբերակները սպառել է։

Մենք գիտենք, որ քաղաքապետարան իրավականորեն ներկայացված ցանկացած հարց դեմ է առնում պատին և չի լուծվում։ Ի վերջո, որևէ մեկը չի կարող վիճարկել, որ այդ կոյուղու խնդիրը գոյություն ունի։ Ու մեր քաղաքապետարանը փոխանակ այդ խնդրին հրատապ լուծում տա, քննարկում է, թե ո՛ւմ ինքն իրավունք ուներ ծեծել, և ո՛ւմ իրավունք չուներ ծեծել։ Հիշեցնեմ, որ որևէ մեկը որևէ մեկի հանդեպ ֆիզիկական բռնություն իրականացնելիս համարվում է հանցագործ, եթե դա պետական իրավասու մարմին չէ։ Դրա համար, ինձ թվում է, այդ հարցը պետք է դրվի զուտ քրեաքաղաքացիական օրենսգրքի շրջանակներում, և դրանով պետք է զբաղվեն իրավապահները։

- Ոստիկանությունն արդեն քննում է գործը, քաղաքապետարանն էլ իր հերթին դիմել է ոստիկանություն այս հարցով։ Եթե այս անգամ էլ անպատժելիությունը շարունակվի, ստացվում է, որ թե՛ Ազգային ժողովի, թե՛ Երևանի ավագանու նիստերում բռնությունը դառնում է ամենամեծ գործի՞քը իրար մեջ հարցեր պարզելու համար։

- Դա Հայաստանի պետության ցանկալի մոդելն է այն իշխանավորների համար, որոնք տիրապետում են այդ բռնության լծակներին։ Ցավալիորեն, հենց այդ իշխանավորները զրկվում են այդ բռնության լծակներից, անմիջապես սկսում են կոչեր անել միջազգային հանրությանը, վկայակոչում են մարդու իրավունքները, որովհետև այդ ժամանակ հասկանում են, որ միակ բանը, որ կարող է իրենց պաշտպանել, հենց այդ կոդեքսն է։ Ոստիկանությանը դիմելը պետք է կատարվեր այդ պահին։ Եթե հիմա է քաղաքապետարանը դիմել ոստիկանություն, կարծում եմ՝ «Երկիր ծիրանին» պետք է հանդես գա հակընդդեմ հայցով և շահի այդ դատը։

Չնայած փաստաբանների գործադուլների համատեքստում դա դառնում է գրեթե անհնար, որովհետև ինչպես տեսնում եք, բռնաճնշումներ իրականացվում են փաստաբանների նկատմամբ, լրագրողների, հիմա էլ՝ ավագանու անդամների վրա։ Ես կարծում եմ, որ ռազմական հակամարտություն ունեցող պետությունը այդ ուղիով չէ, որ պետք է զարգացնի իր քաղաքացիական ազատությունների և քաղաքացու պաշտպանության խնդիրը։ Կարծում եմ՝ ամեն ինչ գնում է իսկապես պետության համար վտանգավոր ուղիով, ու դա պետք է կանխել։

- Տիկի՛ն Սեդրակյան, ինչպե՞ս եք գնահատում իննամյա ռեփերի մասին պատմող տեսանյութը Հանրային հեռուստատեսության եթերում, որը մեծ քննադատության արժանացավ համացանցում։

- Եթե այդ տեսահոլովակը տարածվեր միայն համացանցում, որևէ խնդիր չկա։ Բայց դա հեռարձակվել է «Հ1»-ով, և դա Հանրային հեռուստատեսության համար աններելի խարան է, որովհետև եթե նախօրոք 9 տարեկան երեխաների ուղեղի մեջ սերմանվում է, որ կինն իր տեղը պետք է ճանաչի, նշանակում է հայ հասարակությանը 21-րդ դարում զրկում են իր 50 տոկոսի, իր լավագույն մասի քաղաքացիական պոտենցիալից։

Որովհետև համաձայն, այսպես ասած, սեռական ստատուսի, կնոջ տեղը խոհանոցն է։ Թող այդ մարդիկ հույս չունենան, որ իրենք նոր բան են հնարել։ Այդ բանը դեռևս նացիզմի ժամանակաշրջանում ասել է Հիտլերը, որ կինը պետք է զբաղվի երեխաներով, խոհանոցով և եկեղեցիով։ Ինչո՞վ վերջացավ նացիստական Գերմանիան՝ պարզ է։ Ընդ որում, նման տնտեսական ու ռազմական պոտենցիալի առկայության պայմաններում ինչի՞ հույս ունի Հայաստանը, որ կանանց աջակցությունը և կանանց ներդրումը բացառելու պարագայում պիտի հայկական մաչիզմի և, այսպես ասած, ավանդական բռնապետությունը զարգանա՞։ Դա ուղիղ ճանապարհ է դեպի կործանում։

Մանե Հարությունյան

MediaLab.am