«Դուք, գալով հրապարակ, սպանեցիք ձեր միջի ստրուկին». Սամսոն Ղազարյան

16-02-2018
3619 դիտում
«Դուք, գալով հրապարակ, սպանեցիք ձեր միջի ստրուկին». Սամսոն Ղազարյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը:

- 2018-ին լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: ՀՀ ամեն քաղաքացի ունի շարժման իր պատմությունը: Դուք  «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից էիք: Ո՞րն է Համազգային շարժման Ձեր պատմությունը:   

- Ինձ համար Համազգային շարժումն սկսվել էր 1986 թվականից, երբ ստորագրություններ էինք հավաքում Ղարաբաղի հարցը  ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ ներկայացնելու համար: Հետո պատվիրակություններ գնացին Մոսկվա` ստորագրահավաքի հետքերով: Վերջին պատվիրակությունը պիտի վերադառնար 1988-ի փետրվարի 17-ին, իսկ փետրվարի 20-ին Ղարաբաղում պիտի տեղի ունենար ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը: Ես, Իգոր Մուրադյանը, Հրայր Ուլուբաբյանը, Սամվել Ավետիսյանը գնացինք օդանավակայան` դիմավորելու այդ պատվիրակությանը:

Վերադարձի ճանապարհին Իգոր Մուրադյանին առաջարկեցի փետրվարի 20-ին հանրահավաք հրավիրել` ի աջակցություն նստաշրջանի: Ի. Մուրադյանն ասաց` «А что скажет Мариус Арамич?»  (նկատի ուներ այդ ժամանակ ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանին.- Մ.Բ.): ( Տպավորություն չստեղծվի, թե Իգոր Մուրադյանը գործակալ էր, ուղղակի բոլորը, այդ թվում և` հատուկ ծառայությունները, հետաքրքրվում էին մեր գործունեությամբ. - Ս.Ղ.):

Ասացի` «Դե, այնպես արա, որ էս երկու օրը Մարիուս Արամիչը քեզ չգտնի»: Առաջարկեցի նաև, որ Գուրգեն Գաբրիելյանին խնդրենք, որ կայանալիք հանրահավաքում պատմի պատվիրակության`Մոսկվայում կայացած հանդիպումների արդյունքների մասին: Այդ երեկոյան մենք հանդիպեցինք Գ. Գաբրիելյանին, նա մերժեց առաջարկը, ասելով, որ ինքը փետրվարի 20-ին անպայման պետք է լինի Ստեփանակերտում, որովհետև վստահ էր, որ նստաշրջանի ընթացքում կարող են անակնկալներ լինել:

Նա ասաց, թե թող Վաչե Սարուխանյանը պատմի մոսկովյան հանդիպումների մասին (Վ.Սարուխանյանը նույնպես պատվիրակության կազմում էր. - Ս.Ղ.): Եվ այդպես, հանրահավաքը տեղի ունեցավ փետրվարի 20-ին: Այն ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեն դեռ գոյություն չուներ, այն ձևավորվել է փետրվարի 24-ին:

Հանրահավաքների մասնակիցների թիվը գնալով ահռելի էր դառնում, շարժումը կազմակերպելու հարցեր առաջ եկան: Մենք նախապես կազմկոմիտեի ցուցակ էինք կազմել, փետրվարի 24-ի երեկոյան Ի. Մուրադյանն այն հրապարակեց: 1988-ի մայիսի 19-ից հետո այդ կազմը փոխվեց: Ժողովուրդը հիշում է «Ղարաբաղ» կոմիտեի երկրորդ կազմը, որտեղ ներառված չէին ղարաբաղցները` Ի. Մուրադյանը, Գագիկ Սաֆարյանը, Հրայր Ուլուբաբյանը և Մանվել Սարգսյանը. տարաձայնություններ կային, նրանք դուրս եկան: Երկրորդ կազմը համալրեցին Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Դավիթ Վարդանյանը:

Կոմիտեի մնացած 8 անդամներն առաջին կազմից էինք մնացել` ես, Վանո Սիրադեղյանը, Սամվել Գևորգյանը, Ալեքսան Հակոբյանը, Համբարձում Գալստյանը, Աշոտ Մանուչարյանը, Վազգեն Մանուկյանը, Ռաֆայել Ղազարյանը: Առաջին կազմում հրապարակախոս, թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանն էլ կար, բայց նա ինքը հրաժարվեց կոմիտեի անդամությունից զբաղվածության պատճառով: Փետրվարի 24-ին հրապարակվեց նաև ավագների խորհրդի կազմը, որի մեջ էր նաև Ռաֆայել Ղազարյանը. նա` իր ակտիվ գործունեությամբ, ըստ էության, և՛ ավագների կազմում էր, և՛ «Ղարաբաղ» կոմիտեի:

Այն ժամանակ ընդամենը երկու կամերա կար, որ հանրահավաքները նկարում էին, իհարկե, չհաշված հատուկ ծառայություններինը, բայց մենք դրանից անտեղյակ էինք. գուցե նրանց արխիվում մինչև հիմա էլ պահպանվել են այդ տեսագրությունները: Մեր կամերաներից մեկը լուսահոգի Վահեինն էր` Արմեն Հովհաննիսյանի եղբորինը: Նա օրուգիշեր նկարում էր ամենաբարդ ու հետաքրքիր տեղերում: Մյուս կամերայով Սարգիս Մուրադյանի աղջիկը` Զարուհին էր նկարում:

- Ովքե՞ր էին եկել առաջին հանրահավաքին` փետրվարի 20-ին:

- Հիմնականում մտավորականներ էին: Երևի մոտ 6 հազար` գրողներ, նկարիչներ, ճարտարապետներ, ազգագրական համույթների երգիչներ, ինժեներներ, գրականագետներ, դերասաններ, ակտիվ ուսանողներ: Բոլոր նրանք, որ դարձան «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ, հայտնի մարդիկ էին`քիչ թե շատ: Ես մի քանի տեղ էի աշխատում` Ռադիոհեռուստապետկոմում, «Ավանգարդ» թերթում, միաժամանակ` Աշոտ Բլեյանի դպրոցում: Հանրահավաքի համար բարձրախոսներ էին պետք: Մեկն ինձ խոստացել էր, բայց վախեցավ տրամադրել: Ճանապարհին Ռուբեն Հախվերդյանին տեսա, ասաց` «Խնդիր չունես, ցավդ տանեմ, ես կբերեմ էդ դինամիկները»: Բարձրախոսները, սարքավորումները  բերեցինք Աբովյան քաղաքից: Հետո, երբ արդեն 100 հազարավոր մարդիկ էին մասնակցում միտինգներին, նաև մեր դպրոցից բերեցինք բարձրախոսներ:

- Հիշո՞ւմ եք, թե ինչ ասացիք հրապարակից առաջին հանրահավաքին:

- Այդ օրը շատ ելույթներ չեղան: Ընթերցվեց Ղարաբաղի ուղերձը, սպասում էինք ԼՂԻՄ նստաշրջանի ավարտին: Հիշում եմ, որ ասացի` «Դուք, գալով հրապարակ, սպանեցիք ձեր միջի ստրուկին»: Հետագայում այդ խոսքս դարձավ թևավոր խոսք` Սպանի՛ր քո մեջ եղած ստրուկին: Հետո ինձ պատմեցին, որ հենց այդ օրերին այսպիսի հումոր էին արարել, թե`«Ախպե՛ր, ինչի՞ սպանենք մեր միջի ստրուկին, մեզ լավ էլ պահում ա, էլի, թող մնա մեզ պահի»:

- Այս 30 տարվա ընթացքում ստրուկը սպանվե՞ց, թե՞ դեռ «պահում է մեզ»:

- Ցավոք, դեռ շարունակում է «մեզ պահել»: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ 1988-ին, հարյուրամյակների կորուստները վերադարձնելու մղում էր, ինչը, ըստ էության, իրականացավ. իհարկե, մասնակիորեն` բայց իրականացավ: Առաջին հանրահավաքին եկածները դեռ վախվորած էին, ինչ ասես կարող էր պատահել, անորոշություն էր: Բայց հետո մարդիկ գալիս էին` իրենց վախերը թոթափած: Հայ ժողովուրդն այդ օրերին կերպարանափոխված էր: Հրապարակում համակ սեր էր ծփում: Սեր, արդարություն, արդարության պահանջ: Հրապարակն էր թելադրում մեր անելիքը, ուղղորդում մեզ, թե ի՛նչ պիտի անի կոմիտեն: Հանկարծ եթե իրենց չուզած արտահայտություն լսեին, միանգամից ամբողջ հրապարակն էր արձագանքում: Ձայն բազմաց, ձայն Աստծոն` հրապարակում էր: Ու դա շատ երկար տևեց:

- Ե՞րբ կորավ ձայն բազմաց, ձայն Աստծոն:

- Դա արդեն ուրիշ խոսակցություն է: Հիմա ընդհանրապես չկա: Այն կռտվեց: Ես դրա մասին խոսել եմ դեռ 2006-ին` խոսքս ուղղելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Եվ արժե այդ պատմությունը նորից կրկնել. ցարական Ռուսաստանում դեկաբրիստների ապստամբությունից հետո եկավ Նիկոլայ Պալկինը և լուսավորության նախարար նշանակեց Ուվարովին: Եվ այդ Ուվարովը գիտե՞ք ինչ էր ասում` «Եթե ինձ հաջողվի ռուս ժողովրդին պահել խավարի մեջ ևս 50 տարի, ես պարտքս հայրենիքիս հանդեպ կատարած կլինեմ»: Ես տեսնում էի, որ նույն տենդենցը Հայաստանում է գնում: Ես այն ժամանակ ասացի` «Տղե՛րք, էս ի՞նչ եք անում: Դա Ռուսաստանի համար գուցե ձեռնտու էր, բայց մեր ռեսուրսը մարդն է` ազատ, անկաշկանդ, անբռնազբոս մարդը, որը կարողանում է ձևավորել ձայն բազմացը: Եթե մենք սա կռտում ենք, հպատակի ենք վերածում այդ մարդուն, մենք միայն մարդուն չենք կորցնում, մենք ամեն ինչ ենք կորցնում»:

- Բոլորն են կարոտով հիշում այն օրերը, երբ սերը, արդարությունը թևածում էին Ազատության հրապարակում: Մարդիկ այդ օրերին սիրում էին միմյանց:

- Ես մի բան պատմեմ. Վանո Սիրադեղյանը կոչ արեց փող հավաքել: Գիտե՞ք ինչքան փող էր հավաքվել` 18 հազար հատ 1 ռուբլիանոց: Այն ժամանակ Օպերայի գեղարվեստական ղեկավարը Տիգրան Լևոնյանն էր, փողը լցրել էին  նրա առանձնասենյակի գորգի վրա, ու մարդիկ նստած հաշվում և դասավորում էին: Մարդիկ իրենց գրպանի վերջին կոպեկն էին հանել Համազգային շարժման համար: Մարդիկ իրենց հայրենիքի համար էին ելել: Նրանք չէին եկել, որ դառնան հերոս: Մեր մտքով էլ չէր անցնում, թե հերոսություն ենք անում: Պետք էր անել` անում էինք: Ոմանք ասում են` պատահական ընտրվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները: Բայց պատահական ոչինչ չկար: Բոլորն էլ իրենց ոլորտներում կայացած մարդիկ էին:

- Ի՞նչ եք կարծում` այն ժամանակ անկախություն ու միացում պահանջելիս պատկերացնո՞ւմ էին, թե ի՛նչ է անկախությունը, ի՛նչ է Ղարաբաղը:

- 1987 թ. սեպտեմբերի 1-ին «Նաիրիտի» համար ցույց կազմակերպելու համար ինձ աշխատանքից ազատեցին «Ավանգարդ» թերթից: Պարույր Հայրիկյանին արդեն ազատել էին բանտից, նա «Ամերիկայի ձայն» հաղորդման թղթակիցն էր: Հայրիկյանն ուզում էր հարցազրույց վերցնել ինձնից: Ասացի` Պարո՛ւյր, չեմ ուզում, նա էլ համոզում էր, որ բոլորը պիտի իմանան, որ ինձ քաղաքական հայացքների պատճառով ազատել են աշխատանքից: Ես ասում էի` «Ես գործ ունեմ, չեմ ուզում աղմուկ բարձրացնել այդ թեմայով»:

Պարույր Հայրիկյանը հետագայում գրել է իր հուշերում, ինձ էլ առաջարկեց իմ դիտանկյունից հուշեր գրել այդ օրերի մասին: Մեր այդ հանդիպման ժամանակ Հայրիկյանը ասաց, որ եթե մենք դառնանք Խորհրդային Միության փլուզման դրոշակակիրը, Արևմուտքը մեզ վարձահատույց կլինի: Ես Հայրիկյանին համաձայն չէի այն պատճառով, որ Սովետը այսպես թե այնպես քանդվում էր: Ասում էի` «Պարո՛ւյր, իմ խնդիրն այն է, որ այս անգամ չմնանք հերթական կայսրության փլատակների տակ:

Իսկ Արևմուտքի վարձահատույց լինելը շատ հարաբերական է. մենք այն տեսել ենք 1918-1922 թվականներին… »: Եվ մեզ հաջողեց չմնալ սովետական կայսրության փլատակների տակ: Յուրաքանչյուր ժողովրդի հավաքական կամքի դրսևորումը պետականությունն է: Եթե պետականություն չունես` քամուց քշված ես:

Հիմա, փառք Աստծո, մենք այդ պետականությունն ունենք: Բայց եթե այսպես շարունակվի, պետականության կորուստն անխուսափելի է լինելու, և դառնալու ենք քամուց քշված: Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում է, թե վերադառնալու են Երևան: Նրանք շատ էլ լավ գիտեն, որ երկիրը դատարկվում է: Եթե այս արտագաղթը չկանգնեցնենք, Ալիևի ասածն ինքնըստինքյան կիրականանա: Կրկնում եմ` փառք Աստծո, որ պետականությունը դեռ կա, կա՛ այն հիմնական, ամենակարևոր գործիքը, որի միջոցով կարող ենք լուծել մերր խնդիրները: Բայց ինչպե՞ս աշխատեցնել, ինչպե՞ս կառավարել: Հարկավոր է վերադառնալ այն ձայն բազմացին, որի հիմքում սերն էր, որը արդարություն ու ապագա, արդար ապագա էր պահանջում:

- Գիտե՞ք` որտեղ սխալվեցինք:

- Կան սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ: Այն, ինչ հիմա կասեմ, չկարծեք, թե փորձում եմ արդարացնել «Ղարաբաղ» կոմիտեին կամ առաջին իշխանություններին: Մարդիկ մոռանում են, որ երկրաշարժ եղավ ու պատերազմ էր, 1992-ին էլ երկաթգիծը փակվեց: Մենք օբյեկտիվորեն ռեսուրսներ չունեինք, բայց 1994-ին կարողացանք հաղթել պատերազմում: Ժողովուրդն իր պահանջած «Միացումը» բերեց-հասցրեց իր տրամաբանական ավարտին: 1994-ի զինադադարից հետո տեսանք, որ երկրի կեսն ավերված է:

Տնտեսությունը քանդված էր, որովհետև Սովետն այնպիսի տնտեսություն էր ձևավորել, որ արտադրանքի մի դետալն արտադրվում էր Վլադիվոստոկում, մեկը` Երևանում, մյուսը` երրորդ տեղ: Գործարանները չէին գործում, ճանապարհները փակվել էին: Այդպես էր` պիտի քանդվեր, պիտի քայքայվեր այդ ամենը: Սրանք օբյեկտիվ պատճառներն են: Իսկ սուբյեկտիվ պատճառների մասին խոսելն այսօր ավելորդ է: Մենք ի վիճակի էինք հաղթահարելու սուբյեկտիվ պատճառները: Բայց գիտեք ինչպես է լինում` երբ  իրավիճակը վատանում է, դառնում է անկառավարելի, քավության նոխազի փնտրտուք է սկսվում:

- Այո՛, հաղթանակը հազար տեր ունի, պարտությունը միշտ որբ է:

- Ունե՞նք արդյոք առաջիկայում հաղթելու և հաղթահարելու ռեսուրս և պոտենցիալ: Համոզված եմ` ունենք: Վարչապետներից մեկը, չեմ ուզում ասել, թե ով, ինձ հարցնում է`« Դու տաքսի ես քշում, դու ավելի շատ ես շփվում ժողովրդի հետ, քեզ հետ անկեղծ խոսում են` ի՞նչն է պակաս երկրում»: Ասում եմ` «Արդարությունն է պակասում, ի վիճակի՞ ես իրականացնել»:  Իր առանձնասենյակում էինք խոսում: Չի էլ բարձրաձայնում, միայն գլուխն է տարուբերում` չեմ կարող: Հենց խոսում ես արդարությունից, ասում են` դե, դա հարաբերական հասկացություն է: Իսկ ինձ չի թվում, թե հարաբերական է: Հնարավոր է հաստատել այդ արդարությունը:

- Կարծում եմ` վիրահատական ծանր միջամտություններով:

- Նույնիսկ դա էլ պետք չէ: Մեկ տարում հեշտությամբ հնարավոր է վերականգնել: Կամք է պետք: Կա՛մքը չկա: Ասում եմ` 1988-ին մեկ շաբաթում հայ ժողովուրդը թոթափեց սովետական մառազմը: Դա եղել է: Հիմա ի՞նչն է պատճառը, որ չի լինում: Ոչ ոք չի կարող ինձ ապացուցել, թե դա հնարավոր չէ, թե չկա կախարդական փայտիկ: Կա՛ այդ կախարդական փայտիկը:

- 30 տարի առաջ, երբ «Ղարաբաղ» կոմիտեի տղաներով միասին գործ էիք անում, պայքարում էիք, Ձեր մտքով կանցնե՞ր, որ կյանքն այս հունով կգնա, այսպիսի դեպքեր կլինեն:

- Այն ժամանակ մենք գործ էինք անում: Տարաձայնություններ կային, բայց գործն արվում էր: Շատ հարցերում Աշոտ Մանուչարյանի հետ համաձայն չեմ, բայց ես նրա գործունեությունը բացասական չեմ համարում:

- Վստահո՞ւմ եք նրան:

- Ոչ միայն նրան:

- Իսկ Մանուկյան Վազգենի՞ն:

- Եկեք չանձնավորենք: Հենց անձնավորենք, ստիպված կլինեմ խոսել վերը նշած սուբյեկտիվ պատճառների մասին, իսկ ես դա հիմա չեմ ուզում: Հիմա իմաստ չունի:

- Ինչո՞ւ եք կարծում, թե հիմա իմաստ չունի:

- Ոչ թե մտքիս մեջ չունեմ ձևակերպումները, այլ որովհետև անընդհատ իրավիճակ է փոխվում` թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ներքաղաքական: Տեսեք` 5-րդ դարից որքան դարեր են անցել, բայց դեռ պարզ չէ` Վարդանը` հերոս, Վասակը` դավաճա՞ն, թե՞ հակառակը: Ընդամենը 30 տարվա պատմությունն իր սուբյեկտիվ գործոններով անպայման պիտի վերլուծվի, բայց ոչ այս հեռավորությունից:

- «Ղարաբաղ» կոմիտեի տղաներից ո՞ւմ եք ամենաշատ կարոտում:

- Կարոտ` չէ: Ավելի շուտ` ո՞ւմ հետ կուզեի վիճել: Մենք միշտ վիճել ենք, վիճել ենք անխնա: Հիմա, ցավոք, դա մարեց-գնաց, և երևի այդ ժամանակ կորցրինք շատ կարևոր մի բան: Ես կարոտում եմ այն մթնոլորտը, երբ մենք մեր քննադատության, ճշմարտություններ ասելու մեջ անխնա էինք մեկս մյուսի հանդեպ: Այն ժամանակ անձի խնդիր չկար, և ոչ ոք քննադատությունը անձնական դաշտում չէր դիտարկում: Չկար բան, որ չասվեր:

- Երբ «Ղարաբաղ» կոմիտեի տղաներին, այդ թվում և` Ձեզ, 1989-ի հունվարին ձերբակալել էին, բանտում ինչի՞ մասին էիք մտածում:

- Մայրս վատառողջ էր, երբեմն մայրս էր մտքովս էր անցնում, բայց հիմնականում Երկիրն էր` իր փլատակներով, խնդիրներով, հազար ու մի մարտահրավերներով: Ես Լենինականից եմ, ես իմ ծննդավայրի, իմ մանկության աշխարհի ավերակների պատկերներն ինձ հետ տարա բանտ. դա էր աչքիս առաջ: Ղարաբաղն էր աչքիս առաջ: Երկիրը: Իրոք, Երկիրը: Եվ մարդիկ, որ սիրում էին Երկիրը:

- Բայց հիմա էլ են սիրում Երկիրը: Սերժ Սարգսյանից սկսած` բոլորը սեր են խոստովանում երկրին:

- Չէ՛, ես այդ «սիրո» մասին չեմ խոսում: Շեկոյան Արմենը «Աղանդեր» ժողովածու ունի: Այնտեղ մի քառյակ կա` կարծեմ, 1994-1995-ին գրված, ասում է` «Ատելությունն է մեր շարժիչը»: Շեկոյանը լավ էր տեսնում անցումը` սիրուց ատելություն: Սերն աստիճանաբար մահանում էր: Շեկոյանը դրա մասին ցավով է ասում: Այո՛, բոլորն են ասում` սիրում եմ: Բայց դու ոչ մի շան չես կարող խաբել, թե սիրում ես: Բա ժողովուրդն ինչո՞ւ չի զգում, որ իրեն սիրում են:

- Ո՞ւմ կուզեիք շնորհավորել Համազգային շարժման 30-ամյակի առթիվ:

- Ժողովրդին: Ժողովրդին: Ժողովուրդը, որ մի անգամ արթնացել է, չի կարող չվերադառնալ իրեն: Մեր ժողովուրդը սահմանային վիճակներում միշտ էլ վերադարձել է իրեն` 1996-ին, 2003-ին, 2008-ին, 2012-ին: Ժողովրդի հավաքական գիտակցությունը տեղն է, չի մահացել: Բայց բոլոր տեսակի տապալումները գրում են ժողովրդի վրա: Ասում եմ` ձեր տապալումները մի՛ վերագրեք ժողովրդին: Խոնարհաբար խոնարհվում եմ ժողովրդի առաջ: Չեմ մոռանա, թե ինչպես հանրահավաքներից մեկի ժամանակ (ունենում էինք նաև հուսահատության,անհաջողությունների պահեր - Ս.Ղ.) իմ ընկեր Ճաղարյան Լիզան հոնգուր-հոնգուր լացում էր, թե` «Ի՞նչ է լինելու հիմա»: Ասացի` «Լիզա՛, հիշի՛ր, քանի երկրագունդը պտտվում է, հայ ժողովուրդն ապրելու է»:

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի       

MediaLab.am