«Երբ դանակը հասնում է ոսկորին, գտնվում են մարդիկ, որոնք շտկում են իրավիճակը». Հովիկ Չարխչյան

20-02-2018
3389 դիտում
«Երբ դանակը հասնում է ոսկորին, գտնվում են մարդիկ, որոնք շտկում են իրավիճակը». Հովիկ Չարխչյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը։

- Պարո՛ն Չարխչյան, տրամաբանական կլիներ, որ մեր զրույցն սկսենք գիրք նվիրելու օրից, Ձեր հեղինակած գրքից, առհասարակ, գիր-գրականությունից, մշակույթից: Բայց այն, ինչ կասեմ, հարց չէ, սովորական տեղեկություն չէ, բանավեճի թեմա չէ. Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել է քաղցից հյուծվող, քաղցից մահացող երեխաների մասին: Ես հասկանում եմ, որ Դուք սոցապ նախարարություն չեք, բայց ի՞նչ պիտի լինի հետո: Ի վերջո, ինչ-որ բան պիտի՞ անել:

- Անկասկած, ինչ-որ բան պիտի անել: Եվ այն, ինչ պիտի արվի, վաղ թե ուշ լինելու է` չեմ կասկածում: Երբ դանակը հասնում է ոսկորին, գտնվում են մարդիկ, որոնք շտկում են իրավիճակը: Մեր պատմության մեջ, ցավոք, այդպիսի իրավիճակներ բազմակի են եղել ու հաճախակի, երբ հասարակությունը չի պատկերացրել, թե ո՛ր կողմի վրա պիտի նետվի` ֆիզիկական գոյության խնդի՞ր պիտի լուծի, թե՞ հոգևոր առաջընթացի մասին մտածի: Ժամանակներ կան, երբ «Ի՞նչ եք գրում հիմա» հարցը տեղին չէ, որովհետև ի՞նչ գրելու մասին է խոսքը, երբ մի կյանք փրկելն ավելի կարևոր է, քան մի կտոր գիրքը: Եթե կա մեկ երեխա, որն այսօր կիսաքաղց է, ապա մեղավոր ենք բոլորս. պետք է եղել խոսել` լռել ենք, պետք է եղել արագ գործել` դանդաղել ենք, պետք է եղել ապտակել մեկին` քաղաքավարություն ենք խաղացել: Քանի դեռ կա քաղցած երեխա, այլ անելիք չպիտի լինի, քան այդ երեխայի խնդիրը լուծելն է:

- Վերջերս մեկ խնդիր, կարծես, լուծվեց, երբ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները ավագանու նիստում ստիպեցին իշխող կուսակցության ավագանու անդամներին ու քաղաքապետին շնչել այն գարշահոտը, որն Աստծո ամեն օր շնչում են Նուբարաշենի բնակիչները: Հենց գարշահոտն առան, խնդրի լուծման քայլեր ձեռնարկվեցին: Մինչ այդ բազում դիմումներ են գրվել, բազում անդրադարձնել են եղել, բայց մինչև գարշահոտը քթները չընկավ, մինչև սկանդալ ու բռնության տեսարաններ չեղան, տեղաշարժ չեղավ: Քաղցից մահացող երեխաների պարագայում ի՞նչ պետք է անել` նկարները հրապարակենք, այդ երեխաներին տանենք նրանց առանձնասենյակներ, փող հավաքենք, որբանոցներ հիմնենք... Ի վերջո, 1915 թիվը չէ:

- Այն մտայնությունը, որ այսօր 1915 թիվը չէ, մեր տունը քանդում է: Այսօր 1915 թիվն է: Գուցեև ավելի վատ թիվ է: Ընդամենը մենք մեզ երևակայում ենք, թե ապրում ենք 21-րդ դարում, և այդպիսի խնդիրներ չպիտի լինեն: Նույն կերպ 1915-ին մարդիկ մտածում էին, թե իրենք 20-րդ դարում են, և չեն կարող մասսայական կոտորածներ լինել, քաղաքակիրթ աշխարհը թույլ չի տա, որ Ցեղասպանություն լինի: Պետք չէ նայել օրացույցին, թե ժամանակի որ կտրվածքում ենք ապրում: Պետք է դիմել թույլատրելի և նույնիսկ անթույլատրելի քայլերի: «Մենք այս հարցը կլուծենք օրենքի շրջանակներում,Սահմանադրությանը համապատասխան»` սա իմ ամենաչսիրած արտահայտություններից է: Ի՞նչ օրենք, ի՞նչ Սահմանադրություն: Եթե մի տարածքում քաղցից երեխաներ են մահանում, ուրեմն այդտեղ օրենքն ու Սահմանադրությունը պարտվել են: Դուք ճիշտ նկատեցիք` հենց գարշահոտությունն առան, քայլեր ձեռնարկվեցին: Խնդիր լուծվեց, և արդեն կարևոր չէ, թե ինչպես: Նպատակը միշտ չէ, որ արդարացնում է միջոցները: Բայց ամբողջ հարցն այն է, որ ուրիշ միջոց չեն թողել:

- Գիտեի՞ք, որ Տարոն Մարգարյանն ամենաշատ ձայները ստացել է Նուբարաշենում:

- Դե, ուրեմն, թող նուբարաշենցիները մտածեն:

- Բայց կմտածե՞ն:

- Եթե նոր գարշահոտություններ են ուզում, կարող են և չմտածել: 100 տարով ետ գնանք: 1918 թվականին` հայ-վրացական պատերազմի ժամանակ, երբ վրացիները հայկական գյուղեր էին գրավել, հայկական զորքը, որ գնացել էր ազատագրելու հայկական բնակավայրերը, գյուղացիներից օգնություն էր խնդրում թշնամուն գյուղերից հանելու համար: Ժամանակակիցը պատմում է, որ հերթական գյուղն ազատագրելուց հետո գյուղացիները հրաժարվում էին պայքարել հարևան գյուղի համար: Համարում էին, որ մյուս գյուղերի ճակատագիրն իրենց չի վերաբերում: Ցավոք, այդ մտայնությունը նաև այսօր է պահպանվել: Եվ եթե նուբարաշենցին համարում է, թե իր խնդիրը լուծվեց, չարաչար սխալվում է:

- Իսկ այն, որ նուբարաշենցին, մայրաքաղաքի մյուս վարչական շրջանների բնակիչները, գարշահոտության միջով անցնելով, քաղաքային տրանսպորտի մեջ ճզմվելով, գնացել և ընտրել են գործող քաղաքապետին, այստեղ Ձեր` որպես գրողի անելիքի պակասը, թերացումը չե՞ք տեսնում:

- Բացարձակ չեմ տեսնում: Գրողի, առհասարակ, մտավորականի դերն ու գործառույթն ուռճացվում է: Ավելին է պահանջվում, քան նրանք ընդունակ են անելու: Մտավորականի զենքը խոսքն է: Բայց մտավորականն էլ հասնում է մի կետի, երբ հասկանում է, որ խոսքն այլևս ավարտվել է: Խոսքի գործիքն էլ չի աշխատում: Ու այդ նույն մտավորականը գնում միանում է որևէ ցուցարարի, ընդվզող խմբի: Ուրիշ ի՞նչ կարող է անել: Այդ մտավորականն էլ ունի այն նույն կենցաղային, քաղաքական ու հոգևոր խնդիրները, ինչ մյուսները:

Պահանջել մտավորականից քաղաքական ակտ` տեղին չէ: Մտավորականը կարող է կանգնել ընդվզող քաղաքացու կողքին, վանկարկել այն, ինչ մյուսները, կարող է իր հերթին կոմպրոմիսի չգնալ իշխանության որևէ գործարքի հետ` որպես սովորական քաղաքացի` այն նույն հնարավորություններով ու խնդիրներով, ինչ մյուսներն ունեն:

Դուք քաղցած երեխաների, այդ փաստը բարձրաձայնելու, իշխանություններին փաստի առաջ կանգնեցնելու մասին եք ասում: Ցանկացած մեկը, որ մարդկային հույզեր ունի, որ ընտանիքից է դուրս եկել, գիտի` ինչ է երեխան, ինչ է երեխայի լացը, ինչ է քաղցից թուլացած երեխայի անգամ լացելու անզորությունը, նրան այդ ամենը բացատրել պետք չէ: Կարծում եք` իշխանությունը չգիտի՞, որ երկրում քաղցից երեխաներ են մահանում: Եվ ի՞նչ կարող եմ անել ես, բացի այն, որ համացանցում կարդալով որևէ երեխայի այս կամ այն պետքի մասին, ինչը տալու հնարավորությունն ունեմ, վերցնեմ ու սուսուփուս հասցնեմ այդ երեխային:

Պետք է հստակեցնենք, թե ով է մտավորականը և ինչ կարելի է նրանից ակնկալել: Ինքս մի բանաձև գիտեմ`եթե ամեն մարդ իր տեղում իր գործը լավ է անում` վերջ, երկիրը փրկված է: Ուրիշ ոչինչ պետք չի անել նորմալ երկիր ունենալու համար: Հնարավոր չէ հայրենասիրություն, մարդկայնություն, ազնվություն սերմանել. մարդու մեջ դրանք կա՛մ կան, կա՛մ` ոչ:

- Իսկ հնարավո՞ր է սեր սերմանել գրքի, ընթերցանության հանդեպ: Փետրվարի 19-ը` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որպես գիրք նվիրելու օր նշելու որոշումը նկատի ունեմ:

- Սեր` չէ, բայց հետաքրքրություն` հնարավոր է: Դա ես չեմ ասում, վիճակագրությունն է ասում: Նախ` հետաքրքրությունը պիտի լինի, որ հետո արթնանա սերը: Իհարկե, ցուցամոլ հետաքրքրություն էլ կա, բայց ոչինչ, թող դա էլ լինի: Այդտեղ վտանգ չկա:

- Գիրք նվիրելու օրվան ընդառաջ` «Անտարես» հրատարակչության նախաձեռնած ակցիայի շրջանակներում բավական տարածվեց Ձեր գիրքը` «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» հատորները: Իհարկե, միշտ հետաքրքիր է կարդալ ուրիշի նամակները, մանավանդ, սիրային բովանդակությամբ: Դուք ինչպե՞ս գտաք այդ նամակները:

- Իրականում, դա այնքան էլ դժվար չէր: Երբ ես արդեն ունեի այդ նամակները, հասկացա, որ ինձնից առաջ ոչ ոք չէր էլ որոնել: Ընդամենը չէին որոնել: Եթե որոնեին, գուցե ավելին գտնեին, քան ինձ հաջողեց: Վստահ եմ, որ այդպես է: Արդեն 14 տարի է անցել այդ գրքի առաջին հրատարակությունից: Գիրքը կարողացել է իր համար ճանապարհ հարթել: Թող գնա այնտեղ, ուր պիտի հասնի:

- Սուլամիթան ո՞ղջ է:

- Այո՛:

- Նա ստացե՞լ է այդ գրքից:

- Ստացել է:

- Եվ ի՞նչ է ասել:

- Այնպես չէ, որ միանշանակ գոհ էր: Նամակ գրեց ինձ, որտեղ գրքի մասին հետևյալն էր ասում` «Այնտեղ լավն ավելի շատ է, քան վատը»: Իր ձևակերպումն այս էր: Եվ դա բնական է, որովհետև դա իր կյանքն է, իսկ ես ընդամենը պատմողն եմ: Ինչպես էլ պատմեմ, իր համար կիսատ մի բան մնալու է: Եթե Դուք իմ կյանքը փորձեք պատմել` անգամ լավագույն նկատառումներով ու նպատակներով, հաստատ, ինձ գոհացնել հնարավոր չէ: Բաներ կան, որ շատ անձնական են, շատ քոնն են, ու որևէ մեկը չի կարող դա գաղտնազերծել կամ ներկայացնել այնպես, ինչպես դու ես զգացել, դու ես ապրել:

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի

MediaLab.am