«Ընտրական գործընթացների հետևանքով ավագանի է տեղափոխվել «շեֆը կարգադրում է, թաղի տղերքը հարցերը լուծում են» մտածելակերպը. Արմեն Բադալյան

22-02-2018
5320 դիտում
«Ընտրական գործընթացների հետևանքով ավագանի է տեղափոխվել «շեֆը կարգադրում է, թաղի տղերքը հարցերը լուծում են» մտածելակերպը. Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

- Պարո՛ն Բադալյան, Երևանի ավագանու վերջին նիստից հետո շատ քննարկումներ եղան «Երկիր ծիրանի» և ՀՀԿ խմբակցության միջև տեղի ունեցած միջադեպի շուրջ: Ի վերջո, ընդդիմադիր խմբակցության այդ ակցիան կարծես արդյունք տվեց, Նուբարաշենի կոյուղաջրերին լուծում են տալիս: Ի՞նչ է կատարվում, փաստորեն պայքարի նման մեթոդներն «աշխատո՞ւմ» են:

- Նախ՝ պետք է ասել, որ «Երկիր ծիրանիի» այդ քայլը քաղաքական քայլ չէր, ապաքաղաքական էր: Իհարկե, դա պայքարի ձևերից մեկն է, բայց պայքարի ոչ բոլոր ձևերն են քաղաքական: Երկրորդ՝ իհարկե, բռնություններ տեղի ունեցան երկուստեք, մեկը հարվածել է, մյուսը՝ պատասխանել: Երրորդ՝ քանի որ ավագանին հիմնականում վերածվել է ապաքաղաքական մարմնի, ինչը նորմալ չէ, բնականաբար, ընդդիմադիր ուժերից մեկն այդտեղ կիրառում է ապաքաղաքական պայքարի ձև՝ կոյուղաջուրը բերելով ավագանու նիստ: Չորրորդ՝ դրանից հետո ունեցան այդ խնդրի հետ կապված որոշակի լուծումներ, ինչը շատ վատ նախադեպ է: Սա ցույց է տալիս, որ Հայաստանում հարցերը կարելի է լուծել ապաքաղաքական պայքարի միջոցով: Եվ եթե մի հարց ես ուզում լուծել, ապա պետք է ոչ թե այն քաղաքական օրակարգով առաջ տանել, այլ ապաքաղաքական ինչ-որ միջոցառում իրականացնել: Սա բացասական գործընթաց է:

- «Երկիր ծիրանիի» այդ քայլը տարբերվե՞ց մյուս ուժերի՝ մինչ այդ կատարած քայլերից ու պայքարի ձևերից: Դրա արդյունքում կարծես խնդիր լուծվեց:

- Նախ՝ խնդիրը չլուծվեց, ժամանակավոր ինչ-որ լուծում գտնվեց: Նախկինում ինչ-որ չափով Հայաստանում քաղաքականություն կար, բացի քանի որ հիմա քաղաքական կյանքը մահանում է, սկսում են գլուխ բարձրացնել պայքարի ապաքաղաքական ձևերը: Բայց չենք կարող միանշանակ ասել, որ սա եզակի դեպք էր, որովհետև մինչ այս էլ նմանօրինակ դեպքեր եղել էին: Չմոռանանք Շանթ Հարությունյանի փայտերով հեղափոխությունը, «Սասնա ծռերի» գործունեությունը՝ դրանք բոլորն ապաքաղաքական գործընթացներ էին: Քաղաքական են միայն օրենքով արտոնված միջոցառումները՝ հանրահավաքներ, երթեր և այլն:

- Փաստորեն ստացվում է, որ ընդդիմադիր ուժերին այլ ելք չի՞ մնում, քան նման միջոցներով պայքարելը:

- Մենք կարող ենք ավելի խոր մտածել այս հարցի շուրջ. իսկ ինչո՞ւ քաղաքական ուժերին այլ ելք չի մնում, չէ՞ որ շարքային քաղաքացիների մոտ ևս կարող են հեռու գնացող մտքեր ծագել, որ կարելի է ապաքաղաքական նման քայլերով հաջողության հասնել: Իսկ թե հատկապես ոչ ադեկվատ քաղաքացին ապաքաղաքական պայքարի ի՛նչ ձև կընտրի՝ դժվար է ասել, որովհետև տվյալ դեպքում քաղաքացին կարող է ոչ թե կեղտաջուր տանել այս կամ այն համայնքապետի կամ ինչ-որ հիմնարկի ղեկավարի սենյակ, այլ ավելի լուրջ գործիքներով մտնել ղեկավարների մոտ և փորձել ինչ-որ հարցեր լուծել:

- Իշխանությունների գործունեությո՞ւնն է հանգեցրել նրան, որ նման քայլեր են կատարվում երկրում:

- Այո՛, իշխանություններն են դա արել: Երբ իշխանությունները հասարակության ակտիվ մասին զրկում են քաղաքական գործիքներով աշխատելուց, բնականաբար, հասարակության շատ փոքր մասի մոտ, իսկ այդ մասը բոլոր երկրներում կա, առաջանում է ոչ քաղաքական մեթոդներով հարցերը լուծելու ցանկություն: Իսկ թե ցանկությունն ինչպե՛ս կդրսևորվի՝ դժվար է ասել, որովհետև «Սասնա ծռերը» զենքով ՊՊԾ գունդը գրավեցին, մեկ այլ քաղաքացի այլ շենք կուզի գրավել, ինչը բացասական միտում է: Ավագանու նիստում դա աշխատեց, հարցին դրական լուծում տրվեց, իսկ թե վաղը մեկ այլ քաղաքացի ինչպե՛ս դա կընկալի և ի՛նչ մեթոդներով կփորձի հարցերը լուծել՝ ոչ ոք չի կարող ասել:

- Մենք տեսանք, որ իշխանության ներկայացուցիչները ագրեսիվ պահվածք դրսևորեցին, ՀՀԿ-ական տղամարդիկ հարձակվեցին և ծեծի ենթարկեցին կանանց, ինչի՞ց էին վախենում:

- Որովհետև նրանք քաղաքական գործիչներ չեն, այնտեղ ուրիշ մթնոլորտ է տիրում, մենթալիտետն ուրիշ է: Ընտրությունների ժամանակ մամուլում տարածվեց մի արտահայտություն՝ թաղային հեղինակություն: Ա՛յ դա թաղային հեղինակության մտածելակերպ է: Թաղի հոգեբանության մեջ նման մոտեցում կա՝ շեֆը կարգադրում է, թաղի տղերքը հարցերը լուծում են: Այդ մտածելակերպը նախորդ տարի տեղի ունեցած ընտրական գործընթացների հետևանքով տեղափոխվել է ավագանի և հիմա շատ սովորական գործելաոճ է դարձել: Երբ ոչ օրինական հարաբերություններ են լինում թաղերում, շատ դեպքերում լուծումները հենց այդպես են լինում՝ «թաղի նայողը» կարգադրում է իր ենթականերին մյուսների հարցը լուծել ուժային մեթոդներով: Այդ ամենը տեղափոխվել է ավագանի, և նրանք, ըստ իրենց հարազատ մտածելակերպի, այդպիսի գործողությունների դիմեցին, զարմանալ պետք չէ, որովհետև իրենք այդպիսին են: Նրանք չեն կարող կեղծ ժողովրդավարություն դրսևորել, ասել՝ հարգելի ավագանու ընդդիմադիր կանայք, չի կարելի այդպիսի բան անել: Նրանք հասկանում են թաղի մտածելակերպը՝ իրենց վրա կինը ձեռք է բարձրացրել, որին պետք է դաստիարակել ու տեղը նստեցնել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am