«Այսօր կոռուպցիոն ռիսկերով լի համակարգը պատրաստ չէ դեղերը դեղատոմսով վաճառելու ծրագրին». Առողջապահության նախկին նախարար

26-02-2018
13408 դիտում
«Այսօր կոռուպցիոն ռիսկերով լի համակարգը պատրաստ չէ դեղերը դեղատոմսով վաճառելու ծրագրին». Առողջապահության նախկին նախարար

Դեղերը դեղատոմսերով բաց թողնելու ծրագիրը ռիսկային է և հաջողություն չի արձանագրի Հայաստանի ներկայիս առողջապահության համակարգի պայմաններում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ անդրադառնալով «Դեղերի մասին» նոր օրենքի այս դրույթին: Նրա խոսքով՝ Հայաստանի առողջապահության համակարգը պատրաստ չէ այս նորամուծությանը:

«Մենք ունեինք բավարար ժամանակ, որպեսզի թե՛ առաջնային բուժօգնության համակարգը նախապատրաստեինք, թե՛ բնակչությանն աստիճանաբար իրազեկեինք այս փոփոխությունների մասին: Ճիշտ է, հիմա ուզում են համակարգը փուլային ներդնել, բայց այդ ժամանակահատվածն այնքան կարճ է, որ ինձ թվում է՝ ծրագիրը բավական ռիսկային է լինելու և հաջողություն չի արձանագրի: Իմ կարծիքով՝ մարտի մեկից հետո կունենանք խնդիրներ, և առողջապահության նախարարությունը ստիպված կլինի հետաձգել այս ծրագրի իրականացումը»,- «Մեդիալաբին» ասում է Արարատ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ «Դեղերի մասին» օրենքով այս տարվա մարտի 1-ից Հայաստանում գրանցված հակավարակային (այդ թվում` հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն: Իսկ արդեն հոկտեմբեր ամսից Հայաստանում գրանցված 4700 դեղամիջոցներից միայն մոտ 1000-ը չեն վաճառվի դեղատոմսով, մյուսների համար բժշկի նշանակում է պետք:

Առողջապահության նախարարությունն այս փոփոխությունը հիմնավորում է նրանով, որ հիվանդների բուժումը պետք է ճիշտ կազմակերպվի, քաղաքացին պետք է պարբերաբար հետազոտվի բժշկի մոտ և ինքնաբուժմամբ չզբաղվի:

Այս փոփոխությունը մտահոգություններ է առաջացրել մասնագիտական շրջանակներում ու հանրության մոտ: Կան կասկածներ, որ կարող են աճել կոռուպցիոն ռիսկերը, քանի որ հատկապես առաջնային բուժօղակի աշխատողների ծանրաբեռնվածությունն էապես ավելանալու է: Առողջապահության նախարարությունը մարդկանց խորհուրդ է տալիս անվճար հետազոտվել իրենց տարածքային պոլիկլինիկաներում ու դեղատոմսերով գնալ դեղատուն: Արարատ Մկրտչյանն ասում է, որ առաջնային բուժօգնության օղակը պատրաստ չէ այս փոփոխություններին:

«Այս փոփոխությունները ճիշտ հաշվարկված չեն: Գործընթացում երեք մասնակիցներ ունենք՝ հիվանդը, դեղատնային համակարգը և բուժհիմնարկները, հիմնականում` առաջնային բուժօգնության համակարգը: Մեր առաջնային բուժօգնության համակարգը պետք է իր վրա վերցնի այս բոլոր խնդիրները, լինի ճկուն և նախապատրաստված այս ծրագրի իրականացմանը: Այդ օղակը, ես գտնում եմ, որ պատրաստ չէ: Նախ` պետք է այդ խնդիրը լուծվեր, մենք պետք է ունենանք լուրջ ու կոռուպցիոն ռիսկերից զերծ գործող համակարգ: Այսինքն՝ ամբուլատոր- պոլիկլինիկական համակարգում ունենք կազմակերպման, ուսուցողական, իրազեկման խնդիր: Ունենք նաև կոռուպցիոն ռիսկերով լի առողջապահության համակարգ»,- ասում է մասնագետը:

Իսկ եթե որևէ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը մեծ են, ըստ նրա, ցանկացած սահմանափակում ու կանոնակարգում բերում է կոռուպցիոն ռիսկերի բազմացմանն ու խորացմանը:

Մյուս վտանգը, Արարատ Մկրտչյանի խոսքով, վերաբերում է բնակչության ու դեղատնային համակարգի նախապատրաստությանը: Դա արված չէ, բնակչությունը պետք է արդեն իրազեկված լիներ, բայց այսօր անակնկալի է եկել այս որոշումից: «Նախորդ տարի հակաբիոտիկների մասին խոսվեց, պետք է որպես առաջին քայլ ներդրվեր դրանց դեղատոմսերով վաճառքը, սակայն հետաձգվեց անորոշ պայմաններով: Եվ մեկ տարի քար լռություն տիրեց, այնինչ կարելի էր «Դեղերի մասին» օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում մարդկանց նախապատրաստել այս փոփոխություններին»,- ասաց նա:

Արարատ Մկրտչյանի խոսքով՝ երբ հարց է ծագում, թե որքանո՞վ է այս փոփոխությունն անհրաժեշտ որպես միջազգային փորձ, ապա պետք է նշել, որ ողջ քաղաքակիրթ աշխարհը գնացել է դեղերը դեղատոմսով բաց թողնելու ճանապարհով: Այսինքն՝ քաղաքակիրթ երկրներում դեղամիջոցների 90-95 տոկոսը նշանակվում և դուրս է գրվում դեղատոմսերով: Հայաստանը բազմաթիվ միջազգային համաձայնագրերով է նաև դա կարևորել, հատկապես որ քայլ է կատարում դեպի Եվրոպա:

«Դեղերը դեղատոմսերով դուրս գրելը մի քանի խնդիր է լուծում՝ սկսած դեղանունից ու դեղաչափից և դրա անհրաժեշտությունից, նաև դեղերի ընդունման ձևը, ժամանակը` այդ ամենը նշանակվում են բժշկի կողմից: Նաև այսօր մասնավորապես հակաբիոտիկների տեսանկյունից համաշխարհային խնդիր կա: Դրանց անվերահսկելի նշանակումները բերում են նրան, որ շրջակա միջավայրում եղած մանրէները կորցնում են իրենց ընկալունակությունը հակաբիոտիկների նկատմամբ, և դեղագործական միտքը չի հասցնում այդ կայուն ձևերի նկատմամբ հակաբիոտիկներ սինթեզել»,- ասաց մասնագետը: Բայց, Արարատ Մկրտչյանի խոսքով, պետք է նախքան այս փոփոխությունները կատարելը, համակարգը պատշաճ նախապատրաստեին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am