Մարտի 1–ի աղավաղումը պատմության դասագրքերում

01-03-2018
13644 դիտում
Մարտի 1–ի աղավաղումը պատմության դասագրքերում

Հայոց պատմության նորագույն շրջանի իրադարձությունները տեղ են գտել 9-րդ և 12-րդ դասարանների հայոց պատմության դասագրքերում։ Այս դասագրքերում հանդիպում ենք ձևակերպումների, մտքերի, որոնք մոլորության մեջ են գցում ընթերցողին, տվյալ դեպքում՝ աշակերտներին, կամ որոշ դեպքերի ընդհանրապես անդրադարձ չեն կատարում։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։

1996

Խոսելով, օրինակ, 1996 թ-ի նախագահական ընտրությունների մասին՝ 9-րդ դասարանի դասագրքի հեղինակները նշում են. «Երկրորդ անգամ հանրապետության նախագահ ընտրվեց Լ. Տեր–Պետրոսյանը։ Դժգոհելով նախագահական ընտրությունների արդյունքներից` մարդիկ դուրս եկան հանրահավաքների: Այդ ընտրություններից հետո իշխանությունների ու հասարակության միջև սկսվեց որոշ օտարացում։Այդ քաղաքական ճգնաժամը հասցրեց 1998թ. փետրվարին Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականին»։

12-րդ դասարանի դասագրքում, այս միտումն ավելի է խորանում և հանդիպում ենք հետևյալ շարադրանքին. «Դժգոհելով նախագահական ընտրությունների արդյունքներից, այն համարելով կեղծված՝ մարդիկ դուրս եկան հանրահավաքների և ցույցերի՝ պահանջելով անցկացնել կրկնակի ընտրություններ։ 1996թ. սեպտեմբերի 25-ին հանրահավաքի մասնակիցները ներխուժեցին խորհրդարանի շենք։ Բողոքի այս պոռթկումը կասեցվեց։ Սկսվեցին ընդդիմության առաջնորդների ու առավել ակտիվ ներկայացուցիչների ձերբակալությունները, տեղի ունեցան քաղաքական դատավարություններ, հանրապետությունում արգելվեց հանրահավաքներ ու ցույցեր կազմակերպել»։

Այս ամենը ուշագրավ է նրանով, որ հայոց պատմության նորագույն շրջանին հաջորդող իրադարձությունները նկարագրելիս, այլևս չեն օգտագործվում՝ «ձերբակալություններ», «քաղաքական դատավարություններ» ձևակերպումները, ինչպես նաև ընդդիմության կազմակերպած հանրահավաքը այլևս չի ձևակերպվում, որպես «մարդիկ դուրս եկան հանրահավաքների»։

2003

Օրինակ, 9-րդ դասարանի դասագրքում նախագահական չորրորդ (2003 թ․) ընտրությունների մասին պատմելիս որևէ խոսք չկա դրանց հաջորդող գործընթացների՝ ցույցերի մասին, որևէ բառ անգամ չկա գրված Բաղրամյանի դեպքերի մասին։ Եվ դա այն պայմաններում, որ 2003 թվականին անգամ Սահմանադրական դատարանն էր կասկածի տակ առել իշխանությունների հանրային սատարումը:

2008

Սակայն առավել տարակուսելի և խնդրահարույց է 2008թ. մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ նկարագիրը։ 9-րդ դասարանի դասագրքում հանդիպում ենք հետևյալ ձևակերպմանը. «ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Չընդունելով ընտրության արդյունքները` ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր–Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր խաղաղ հանրահավաքներ սկսեց, որոնքցրվեցին իշխանության կողմից: Ապակայունացած իրավիճակը Երևան քաղաքում մարտի 1-2-ը հանգեցրեց ողբերգական դեպքերի: Տեղիունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև: Զոհվեց 10 մարդ: Եղան վիրավորներ: Երկրում մտցվեց 20-օրյաարտակարգ դրություն»։

Եվ չնայած նրան, որ 9-րդ դասարանի դասագրքում հեղինակներն օգտագործում են «խաղաղ հանրահավաքներ» եզրույթը, 12-րդ դասարանի դասագրքում նույն տեքստից այս եզրույթը դուրս է մնացել, – «Չընդունելով ընտրության արդյունքները` ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր անընդմեջ շարունակվող հանրահավաքներ սկսեց»։

Եթե առաջին դեպքում առկա է այն միտքը, որ իշխանությունը ցրեց այդ հավաքները, ապա երկրորդ դեպքում, այս միտքը արտահայտված չէ տեքստում։ Դասագրքում որևէ խոսք չկա ձերբալությունների, քաղաքական դատավարությունների և ընդդիմության առաջնորդների հետապնդումների մասին։ Մինչդեռ 1996-ի դեպքում, երբ ծավալները 10-յակ անգամ քիչ էր, հեղինակները չեն «մոռանում» նշել դրանց մասին: Ընդ որում, ըստ դասագրքերի՝ 1996թ-ին հանրահավաքի դուրս էին եկել «մարդիկ», իսկ 2008թ․-ին  «ընդդիմության արմատական թևը»։

2008 թվականի իրադարձությունների մասին, սակայն, կա իրականությանը չհամապատասխանող ևս մեկ հանգամանք.  դասագրքի հեղինակները նշում են երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Այնինչ, Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրության մասին հրամանըվերաբերում էր միայն Երևան քաղաքին։

Նշենք, որ հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքի գլխավոր խմբագիրն ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն էր (Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախկին փոխնախագահ): Իսկ Հայոց պատմության 12-րդ դասարանի դասագիրքը խմբագրել են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Աղբյուրը՝ sut.am