Միլիոնավոր դոլարներ՝ կոռուպցիայի դեմ անտեսանելի պայքարի համար. «Արդյոք կառավարման համակարգում եղած անձինք իրենք իրենց դե՞մ պետք է պայքարեն»

02-03-2018
7551 դիտում
Միլիոնավոր դոլարներ՝ կոռուպցիայի դեմ անտեսանելի պայքարի համար. «Արդյոք կառավարման համակարգում եղած անձինք իրենք իրենց դե՞մ պետք է պայքարեն»

Հայաստանում կոռուպցիայի դեմ իրական պայքար չի մղվի, քանի դեռ կառավարման համակարգը վերահսկվում է կոռուպցիայի միջոցով: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծված հանձնաժողովները, իրականացվող միջոցառումները միայն ցուցադրություն են միջազգային կառույցների համար՝ ֆինանսական օգնություն ստանալու նպատակով: Իրականում ոչինչ չի փոխվում:

«Իսկ ի՞նչ փոփոխություն պետք է լինի, երբ Հայաստանում կառավարման համակարգը վերահսկվում է կոռուպցիայի միջոցով: Արդյոք կառավարման համակարգում եղած անձինք իրենք իրենց դե՞մ պետք է պայքարեն»,- «Մեդիալաբի» հետ զրույցում հարցադրում է անում Ավետիք Իշխանյանը:

Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար Հայաստանը վերջին տարիներին հսկայական ֆինանսական աջակցություն է ստացել ԱՄՆ-ից ու Եվրամիությունից:
2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար ՀՀ կառավարությունն ԱՄՆ-ից ստացել է 806 հազար դոլար: Իսկ Եվրամիությունը շուրջ 15 մլն եվրո է հատկացրել ՀՀ կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար: 2017 թվականի փետրվարին Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել էր. «Պետք է կոռուպցիայի դեմ մի բան անենք, 15 մլն եվրո տվել ենք, էլի կտանք, բայց պետք է գործ արվի»:

Չնայած միջազգային կառույցների հսկայական ֆինանսավորմանը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ տեսանելի պայքար չկա: Օրերս «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2017 թվականի համաթիվը: Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի 2017 թվականի արժեքը 35 միավոր է, մեր երկիրը Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ 180 երկրների շարքում կիսում է 107-110-րդ տեղերը: Մասնագետները գնահատում են, որ 2016 թվականի համեմատությամբ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրեթե չկա. 2016-ին Հայաստանի համաթվի արժեքը 33 միավոր էր:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունք չի տալիս մի շարք պատճառներով: Առաջին ու գլխավոր պատճառը, նրա խոսքով, քաղաքական կամքի բացակայությունն է: Թեպետ կոռուպցիայի դեմ պայքարելու համար օրենսդրական փոփոխություններ են իրականացվում, բայց, մասնագետի խոսքով, օրենքների կիրարկման խնդիր է ծագում:

«Լավ, ասենք՝ օրենքներն ընդունեցին, եթե քաղաքական կամք կա՝ կիրարկում կլինի, չկա՝ չի լինի: Երկրորդ՝ երբ խորն ուսումնասիրում ենք այդ ընդունած օրենքները, տեսնում ենք, որ կան սողանցքներ: Նույն ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրությունը, երբ դիտարկում ենք, կան երկրներ, որտեղ այդ կարգի օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ նայում են նաև պաշտոնյաների նախկին հայտարարագրերը: Իսկ մեզանում օրենքը հետադարձ ուժ չունի»,- «Մեդիալաբին» ասում է Վարուժան Հոկտանյանը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց նախորդ տարվա տարեկան հայտարարագրերը պետք է հրապարակվեն մինչև մարտի 30-ը: Վարուժան Հոկտանյանն ասում է, որ ինքը որևէ ակնկալիք չունի, թե ինչ-որ բան է փոխվելու հայտարարագրման մեխանիզմում: «Բայց սպասողներ կան, որոնք երևի մտածում են, թե այնտեղ այնպիսի բաներ կլինեն, որ մեր իրավապահ մարմիններն ուղղակի օր ու գիշեր պետք է ընկնեն այդ ապօրինի հարստացածների հետևից: Հիմա եթե նախկին հայտարարագրերը նայեին, էլի կընկնեին այդ պաշտոնյաների հետևից: Եթե քաղաքական կամք լիներ, առանց այդ օրենքի էլ այդ պայքարը կմղվեր»,- ասում է Վարուժան Հոկտանյանը:

Նրա խոսքով՝ զարգացած երկրներում ապօրինի հարստացումը քրեականացնող օրենք չի գործում, բայց կարողանում են շատ բարեհաջող բացահայտել նման դեպքերը: Նմանօրինակ երկրներում իրավապահներն անգամ մամուլի հրապարակումներին են արագ արձագանքում ու քննություն անցկացնում: Այսինքն՝ ըստ Հոկտանյանի, քաղաքական կամքից շատ բան է կախված:
«Թող այդ մեթոդները մեզ մոտ էլ ներդնեն, թող հատուկ քննչական ծառայությունը չսպասի, որ ինչ-որ հայտարարագիր մեջտեղ գա: Իրենք ուղղակի նայելով այդ մարդկանց ապրելակերպը՝ կարող են ուսումնասիրել, թե որտեղից այդ գումարները, ինչ կոռուպցիոն հանցագործության հետևանքով են ձեռք բերել այդ գումարը»,- ասում է նա:

Անդրադառնալով հարցին, թե այն պարագայում, երբ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունք չի տալիս, հնարավո՞ր է միջազգային կառույցները դադարեցնեն այս ուղղությամբ Հայաստանին տրվող ֆինանսավորումը, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց, որ այդ գումարները Հայաստանին աշխարհաքաղաքական նկատառումներով են տրամադրվում:

«Իհարկե, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով իրենք ուզում են, որ Հայաստանը ներսից ուժեղ լինի, դա ձեռնտու է հիմնականում արևմտյան դոնորներին: Ուժեղ երկիրն ավելի քիչ կլսի հյուսիսային կամ այլ հարևանների, ավելի ուժեղ կդիմադրի ճնշումներին: Առայժմ իրենք շարունակում են այն մոտեցումը, որ ներսից ուժեղ Հայաստանը կդառնա եթե ոչ իրենց դաշնակիցը, ապա գոնե ինքնուրույն խաղացող, որն իրենց շահերին կհամապատասխանի»,- հավելեց մասնագետը:

Հոկտանյանը նաև նկատում է, որ այսօր միջազգային կառույցների կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները նվազել են, չնայած ասում են, թե Եվրամիության հետ համաձայնագրի կնքումից հետո դրանք կավելանան: Ըստ մասնագետի՝ պետք է սպասել հետագա զարգացումներին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am