Մեդալից ընկածները

08-03-2018
3999 դիտում
Մեդալից ընկածները

Սերժ Սարգսյանը մեդալների է արժանացրել մի քանի կնոջ: Մարտի 8-ի առթիվ: Իմ թեման կանայք չեն: Նույնիսկ մեդալը չէ: Կաղամբն է: Կամ՝ խոտը: Կամ՝ տոնածառի խաղալիքը:

Հատկապես սերիալների համար սցենարներ գրող ինչ-որ աղջկա՝ Դիանա Գրիգորյանին տրված մեդալը փոթորկել է բոլորի հոգիները: Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե մեդալից ինչո՛ւ են փոթորկվում: Ես Դիանային կտայի այդ մեդալը, երկաթի այդ կտորը: Հենց այսօր ես նրան մի քանի հարյուր մեդալ կտայի: Չէի էլ պատճառաբանի: Կժպտայի ու կտայի: Ձեզ փոթորկում է այն, որ դա ամե՞ն օր չի արվում: Դուք արժանի՞ք եք փնտրում մարդու մեջ: Ես Դիանային կաղամբ էլ կտայի: Խոտ էլ կտայի: Կամ՝ տոնածառի խաղալիք:

Ու կձևակերպեի, եթե խնդիրը ձևակերպումն է՝ հեռուստատեսային բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար: Դուք էլ ասեք: Դրանից Դիանայի սերիալները բարեխիղճ և արդյունավետ չեն դառնում, կամ Նազենին՝ դերասանուհի: Կամ պարգևատրված լրագրողները՝ լրագրողներ: Նրանք հո պիտի իմանային, որ իշխանության պարգևը էն խիստ շոշափելի պատն է, որ դրվում է իրենց ու լրագրության միջև: Բայց նրանց էլ մի բան կտայի՝ ինչին հնարավոր է ձևակերպում կցել:

Դիանային չեն համոզել, Նազենիին կամ մարդկանց մեջ «լրագրող» ներկայացողներին չեն համոզել էդ մեդալները վերցնել, նրանք չեն էլ փորձել նեղություն քաշել, թե ումից են վերցնում: Եվ ի տարբերություն մեդալ տվողի, իրենք վերցնելը չեն խաղացել:

Բայց մեկը պիտի՞ նրանց ասի, որ տվողը իրենցով չի ապրում, տվողն ընդամենը փաստել է նրանց անշառությունը: Տվողը գիտի, որ մեդալ տալով վերցնողների հեղինակությանը նոր փայլ չի հաղորդում, եթե նույնիսկ ոսկեջրած ձեռքերով մաքուր ոսկուց մեդալներ է տալիս: Տվողը էդ աղջիկների կրծքին «ծիտիկ» («պտիչկա») է դրել, որ վերջիններս ընդմիշտ իմանան իրենց կոչումը, շեղում չլինի: Վերցնողն ի՞նչ գիտի, թե ի՛նչ է նշանակում տվողի ժպիտը, մեդալի փայլը հաճախ ծածկում է ժպիտը:

Ես միշտ եմ ծիծաղել պետական պարգևների վրա՝ Ազգային հերոսի կոչումից սկսած: Ավելին, նույնիսկ հետմահու տրված Ազգային հերոսի կոչումը ծիծաղելի է դարձրել իր կյանքի օրոք համընդհանուր գնահատանքի արժանացածին, թեպետ ինքն այլևս ոչինչ փոխել չի կարող, ընդվզել չի կարող:

Մի խոսքով, ինքը մեղավոր չէ: Բայց մարդու հետ չի կարելի այդպես վարվել: Որովհետև Հայաստանում պետական պարգևը ձևակերպված չէ, այն միշտ իշխանության պարգև է, ահա ինչու արժանացողները ինչ-որ Դիանա են, ինչ-որ ռաբիս երգիչ, ինչ-որ անվնաս շոումեն (ուհի), որը քաղաքական որևէ դիրքորոշում նույնիսկ ֆաշիզմի մասին չի հայտնել: Այլապես ինչպե՞ս կարելի է ծիծաղել մարդու վրա, եթե նույնիսկ ինքը համաձայնել է իր կրծքից կախել երկաթի ինչ-որ կտոր կամ՝ կաղամբ: Մարդն այդքան ծիծաղելի չէ, եթե ինքն իր հիմարն է: Նա ծիծաղելի և վտանգավոր է դառնում ագրեսիվ հիմարությամբ:

Ես չգիտեմ՝ իմաստ ունի՞ մեդալ վերցնողներին ասել՝ ՏՂԵ՛ՐՔ, մեդալը ձեզ չի շարունակում, այն չի տարրալուծվում ձեր մեջ ու լրացնում ձեզ, դուք պիտի որ ավելի փայլուն լինեք: Ես, օրինակ՝ մեդալի բովանդակությունը չեմ կարողանում կարդալ, եթե նույնիսկ ինքը մաքուր ոսկուց է և կրում է միաժամանակ մեր բոլոր հանճարների անունը: Դիանան, Նազենին և մյուսները մի օր հետ են նայելու և չեն կարողանալու իրենց դարակներից բարձրացնել էդ մեդալը, որ երեխաներին ցույց տան: Շատ ծանր է լինելու:

Ծանր ոչ թե ամոթով, այլ՝ անհեթեթությամբ: Որովհետև մի օր կբացվեն նրանց աչքերը, կնայեն մեդալին ու կասեն՝ հա, ի՞նչ: Իրենք չեն կարողանալու բացատրել էդ մեդալի նշանակությունը, որովհետև գալու է օրը և տեսնելու են, չէ՞, ինչպիսի՛ն է լինում սերիալի սցենարը, ինչպե՛ս են խաղում թատրոնում և հասկանալու են, որ անկեղծ չեն եղել իրենց տեքստի ու խաղի մեջ: Եվ գուցե ինքնուրույն հասկանան, որ մեդալը,- եթե այն չհանձնել հնարավոր չէ,- իր «բովանդակությամբ» միշտ պետք է ուղիղ համեմատական լինի սխրանքին: Այլապես դա կարող է նույն հաջողությամբ կոչվել Դիանա Գրիգորյանի կամ Նազենի Հովհաննիսյանի (անվան) մեդալ:

Մհեր Արշակյան

MediaLab.am