«Փոխանակ իշխանությունները բացատրեն, թե ինչո՛ւ շոշափելի արդյունքներ չկան կոռուպցիայի դեմ պայքարում, Գյուլնազ տատի հեքիաթներ են պատմում». քաղաքագետ

09-03-2018
7287 դիտում
«Փոխանակ իշխանությունները բացատրեն, թե ինչո՛ւ շոշափելի արդյունքներ չկան կոռուպցիայի դեմ պայքարում, Գյուլնազ տատի հեքիաթներ են պատմում». քաղաքագետ

Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն իրենց ոչ պատշաճ կերպով են պահում և ոչ ադեկվատ արձագանք են տալիս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին, ով կոչ է անում երկրում իրական պայքար մղել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«ԱՄՆ դեսպանը Հայաստանի այն իշխանություններին, ովքեր հայտարարել են, թե շահագրգռված են, որ ամերիկյան ներդրողներ գան երկիր, բավական դիվանագիտորեն ու նրբանկատորեն ուղղակի հասկացնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը հուսադրող չափով լուծված չէ երկրում: Ե՛վ ԱՄՆ, և՛ Եվրամիության դեսպանները նախկինում բազմիցս փորձել են դրվատանքի խոսքեր ասել նաև կատարված քայլերի կապակցությամբ, բայց հիմա հասկացնում են, որ այդ խնդիրը խոշոր հաշվով լուծված չէ»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան խոչընդոտում է ամերիկյան ներդրումների ներգրավմանը:

«Կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է, և որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն կոռուպցիան է, որի հետևանքով փակվում են շուկաները, ձևավորվում է անարդար մրցակցություն: Դա այն է, երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ ծառայեցնում են իրենց հնարավորություններն ու լծակները իրենց շահերին, և ի հետևանք ստեղծվում է անարդար միջավայր, չեն հաստատվում խաղի հավասար պայմաններ», - ասել էր դեսպանը:

Ավելի վաղ Ռիչարդ Միլսը Հայաստանում կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ անարդյունավետ պայքարի մասին այլ հայտարարություններ էլ էր արել, անգամ ասել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն արդյունավետ չի գործում:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս ՀՀ իշխանություններին կոչ էր արել իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ, անգամ հայտարարել էր, որ Եվրամիությունը այդ աշխատանքների համար պատրաստ է 15 մլն եվրո տրամադրել Հայաստանին, բայց պետք է իրական պայքար լինի:

Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է, որ հենց Սերժ Սարգսյանն է ԱՄՆ-ի և այլ երկրների առաջ կոռուպցիայի դեմ պայքարելու պարտավորություն ստանձնել:

«Այսօր դեսպաններն ընդամենը հիշեցնում են Սերժ Սարգսյանին, որ չի կատարել կոռուպցիայի դեմ պայքարելու պարտավորությունները»,-«Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը։

Քաղաքագետը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև 2014-ին ստորագրված շրջանակային համաձայնագիրը լուրջ փաստաթուղթ է, բայց, ցավոք, դեռ որպես փաստաթուղթ է մնում՝ շատ քիչ առարկայական դրսևորումներով: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմից որոշ ներդրումներ եղել են Հայաստանում, Որոտանի կասկադի գործարքը և այլ ներդրումներ հուսադրող նշաններ են եղել, բայց մեծ ծավալի ներդրումներ չկան:

Եվ ԱՄՆ դեսպանը բացատրում է ՀՀ իշխանություններին, թե դա երբ կարող է տեղի ունենալ: Իսկ Հայաստանի իշխանությունները, ըստ Սաֆարյանի, փոխանակ հասկանան դեսպանի ակնարկը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հերթական անգամ, առանց հաշիվ տալու, անհասկանալի ու անընդունելի արդարացումներ բերեց:

«Նա հիշեցնում է ԱՄՆ-ում և այլ երկրներում կոռուպցիայի մասին, փոխանակ խոսելու այն անելիքների մասին, որոնք Հայաստանը պարտավորվել է կատարել: Սա արդեն երկրորդ անգամ է, որ նման տխուր բեմականացում է կատարվում Վահրամ Բաղդասարյանի կողմից: Նախորդ տարի էլ նա ագրեսիվ ու կոշտ ձևով արձագանքեց, թե՝ մի՛ միջամտեք մեր ներքին գործերին: Բայց երբ նրան հասկացրին, որ դեսպանն ընդամենը ցիտում է ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքները, մի խնդիր, որը հենց ՀՀԿ-ն ու նրան ղեկավարն են ամրագրել Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, դրանից հետո գտան մարդկանց, ովքեր փորձեցին ուղղել ՀՀԿ խմբակցության ղեկավարին»,- նշեց Սաֆարյանը:

Այս անգամ էլ, նրա խոսքով, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է փորձում սրբագրել Բաղդասարյանին, ասելով, որ դեսպանի խոսքը սրտացավ մարդու խոսք է, իրենք գիտեն, որ նա բարի սրտով է դա ասում:

Այս պայմաններում, ըստ Սաֆարյանի, մի բան է անհասկանալի՝ մի՞թե մինչև հիմա իշխանության ներկայացուցիչները չհասկացան, որ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում, Վաշինգտոնում բարձր մակարդակով պարտավորություններ է ստանձնել՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու և շոշափելի արդյունքներ ցույց տալու համար:

«Եթե այդ մարդիկ չգիտեն, թող որևէ մեկն իրենց բացատրի: Սեփական թիմակիցները մի՞թե չեն ուզում հասկանալ, որ ԱՄՆ դեսպանը նման բարձրաձայնումներ, սրտացավ ակնարկներ չէր անի, եթե Սերժ Սարգսյանը նման հանձնառություններ ստանձնած չլիներ: Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ական բարձրաստիճան պաշտոնյաների համար երևի մի թրեյնինգ պետք է անել այն մասին, թե Սերժ Սարգսյանն ու Հայաստանն ընդհանրապես ինչ պարտավորություններ ունեն, որպեսզի այս կամ այն դեսպանին չմեղադրեն այդ պարտավորությունները հիշեցնելու մեջ»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է այս հայտարարություններով ԱՄՆ-ի և Եվրամիության դեսպանները իշխանություններին մղում են, որպեսզի ապրիլից հետո երկրում իրոք փոփոխություններ կատարվեն, քաղաքագետը պատասխանեց, որ կարող ենք ասել, որ դեսպանները միամիտ հույսեր են փայփայում, որ գոնե նոր իշխանությունը կկատարի պարտավորություններն այն ծավալով, ինչ ծավալով որ Սերժ Սարգսյանը պարտավորություն է ստանձնել:

«Եվ այս կտրվածքով, իհարկե, ապրիլի փոփոխություններին ընդառաջ թերևս կարող ենք նման ասպեկտ առանձնացնել: Բայց հրապարակվեցին Հայաստանի նախորդ տարվա ցուցանիշները, որտեղ կրկին օտարերկրյա ուղիղ ներդրումները և դրանց չափերը մխիթարող չեն: Հայաստանը շարունակաբար հայտարարում է ներդրումներ ներգրավելու պատրաստակամության մասին, դեսպաններին հանձնարարություններ են տրվում՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, օտարերկրյա ներդրողներին խնդրում են, որ իրենք նույնպես նպաստեն դրան: Եվ երբ օտարերկրյա դեսպանները հիշեցնում են, թե դրա համար ինչ պայմաններ են պետք, ահա այստեղ է, որ անհասկանալի իրավիճակ է ստեղծվում»,- ասաց նա:

Սաֆարյանը նաև հիշեցնում, է, որ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հստակ ասել է, որ այն, ինչ խոստացվել է Հայաստանին համագործակցության ծրագրերի շրջանակներում, լիարժեք ծավալով կտրամադրվի, եթե շոշափելի արդյունքներ լինեն:

«Այս խոսքերը հենց դեսպաններինն են: Եվ փոխանակ Հայաստանի իշխանությունները բացատրեն, թե ինչո՛ւ շոշափելի արդյունքներ չկան, կամ երբ կլինեն դրանք, ժամանակացույց ու գործողություններ ներկայացնեն, որոնք հույս կներշնչեն, որ ինչ-որ պահի դրանք կկատարվեն, ընկել ու անիմաստ բացատրություններ են տալիս, Գյուլնազ տատի հեքիաթներ են պատմում: Ամոթ է, ի վերջո պետք է հասկանանք՝ ի՛նչ է քաղաքականությունը, ի՛նչ է դիվանագիտությունը, ինչպե՛ս պետք է արձագանքել դիվանագետին»,- ասում է Սաֆարյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am