«Հասարակությունն արտագաղթի ուժեղացված տեմպերի միջոցով «կպայքարի», որ գործող նախագահը չդառնա վարչապետ». Արմեն Բադալյան

13-03-2018
3786 դիտում
«Հասարակությունն արտագաղթի ուժեղացված տեմպերի միջոցով «կպայքարի», որ գործող նախագահը չդառնա վարչապետ». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

- Պարո՛ն Բադալյան, ապրիլի 9-ին ընդառաջ «Հանուն Հայաստան պետության» ճակատը հանրահավաքների շարք է սկսել: Ճակատի անդամները հանրությանը կոչ են անում դուրս գալ հանրահավաքների: Ըստ նրանց՝ պետք է ստեղծել ժամանակավոր կառավարություն, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ժողովրդից թալանված միջոցները վերադարձնել: Որքանո՞վ է իրատեսական այս քայլերի իրականացումը:

- Ոչ միայն այս, այլև արդեն վերջին 3-4 տարիների ընթացքում ընդհանրապես բոլոր հանրահավաքներն այլևս ոչինչ չեն տալիս: Նախ՝ մարդիկ ինտերնետի ու հեռուստատեսության միջոցով են հետևում դրանց, դրա համար շատ քչերն են մասնակցում հանրահավաքներին: Այդ հանրահավաքները սկսեցին ոչինչ չտալ 2008 թվականի մարտի մեկից հետո սկսված գործընթացների ժամանակ, հատկապես երբ 2011 թվականին սկսվեց, այսպես կոչված, երկխոսությունը:

Ահա այդ ժամանակ պարզ դարձավ, որ հասարակության մեջ ոչ մի դեր չի խաղում մոբիլիզացիոն գործոնը, քանի որ հասարակության մեջ այդ մոբիլիզացիան ուղղված է ոչ թե երկրի ներսում ինչ-որ գործողություններ իրականացնելուն, այլ արտագաղթելուն:

Դրա համար հանրահավաքներն այլևս ոչինչ չեն տալիս և չեն էլ տալու: Իհարկե, կլինեն հանրահավաքներ, երբ ընտրությունների ինստիտուտը նորից վերականգնվի: Այդ ժամանակ միգուցե հանրահավաքները նորից խորհրդանշական դեր կատարեն, բայց հիմա դրանք այլևս ոչ մի դեր չեն կատարում, անկախ նրանից, թե ով է կազմակերպում:

- Իսկ ի՞նչ կարելի է անել այս պայմաններում:

- Ես չեմ պատրաստվում խորհուրդներ տալ քաղաքական գործիչներին: Դրա համար պետք է դիտարկեն քաղաքական գործընթացները, իրենց առաջ նպատակ դնեն՝ ինչ-որ բանի հասնելու համար, տեսնել, թե հարևան երկրներում ինչպես են հասնում նպատակներին և այլն: Դա բավական բարդ մասնագիտական աշխատանք է, և նրանք, ովքեր սկսում են այդ գործընթացը, պետք է դրանով զբաղվեն:

- Մենք առաջին անգամ չենք լսում, որ քաղաքական գործիչները հայտարարում են անցումային ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին: Որքանո՞վ է դա իրականանալի քայլ:

- Անկախ նրանից, թե հանրահավաքում ինչ կխոսեն, դա բացարձակ անիմաստ քննարկում է: Ժամանակավոր կառավարության ստեղծում, կուլակաթափություն և այլն՝ դրանք ուղղակի անիմաստ հայտարարություններ են: Մարդիկ այդ մասին խոսում են, որովհետև կարծում են, թե դա է իրենց փրկությունը: Կամ միգուցե մտածում են՝ դրա պահանջարկը կա:

- «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, ով որպես հանդիսատես միացել էր հանրահավաքին,  հայտարարել է, որ իրենք բռնի քաղաքական պայքարին կողմնակից չեն: Շատ են խոսակցություններն այն մասին, որ այսօրվա ընդդիմությունն իշխանությանը ձեռնտու դիրքերից է հանդես գալիս: Այդպե՞ս է։

- Ո՛չ, այդպես չէ: Այլ կերպ կարող ենք ձևակերպել՝ ոչ թե ընդդիմությունն է իշխանությունների համար ցանկալի ելույթներ ունենում, այլ հասարակությունը Հայաստանում արդեն «մահացած» է: Ա՛յ դա իշխանություններին ձեռնտու է: Հասարակությունը մտածում է երկրի մասին, իսկ եթե տվյալ երկրում հասարակությունը «մահանում» է և վերածվում բնակչության, այդ բնակչությունն սկսում է մտածել իր անձնական խնդիրները հեշտացված ու կարճ ճանապարհով լուծելու մասին:

Իսկ այդ շատ կարճ միջոցը կամ պայքարի ամենաարդյունավետ ձևը դա արտագաղթն է, ինչը մենք տեսնում ենք: Մարդիկ ուղղակի արդեն հեռանում են այս տարածքից: Դա տեղի է ունենում արդեն 2008 թվականի մարտի մեկից հետո: Եվ արտագաղթը կշարունակվի, երբ գործող նախագահը կդառնա վարչապետ: Կպայքարի՞ արդյոք հասարակությունը, որ գործող նախագահը չդառնա վարչապետ:

Այո՛, կպայքարի, բայց պայքարը տեղի չի ունենա իրեն սպառած հանրահավաքի միջոցով: Պայքարը տեղի կունենա արտագաղթի ուժեղացված տեմպերի միջոցով: Մարդկանցից շատերը հույս ունեին, որ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը կարող էր ինչ-որ ճնշումներ գործադրել իշխանությունների վրա կամ Հայաստանում ժողովրդավարության հաստատման վրա դրական ազդել, բայց տեսնում ենք, որ դա էլ տեղի չի ունենում:

Եվ, բնականաբար, մարդիկ այլևս չեն սպասելու, թե 2022 թվականին ինչ ընտրություններ կլինեն, հետո՝ 2027-ին, ուղղակի հենց այսօր արդեն գնում են, երեկ գնում էին, վաղը նույնպես գնալու են: Ահա պայքարը գործող նախագահի ու ապագա վարչապետի դեմ հենց այսպես կարտահայտվի:

- Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով դատախազությանը կոչ էր արել հարցաքննության կանչել Քոչարյանին: «Իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստ»,- ասել է Քոչարյանը: Ի՞նչ է սրանով նա հասկացնում քաղաքական դաշտին:

- Երկրորդ նախագահը շատ հստակ հասկացրեց, որ Մարտի մեկի միակ թիրախն ինքը չի դառնալու: Նա քննադատեց ընդդիմադիր գործչին, բայց հարցաքննության մասին խորհրդարանում ելույթներ ունեցան նաև ՀՀԿ-ական գործիչները: Ուղղակի այս հայտարարությամբ երկրորդ նախագահի գրասենյակը հաստատեց՝ եթե Մարտի մեկի միակ մեղավոր են փորձում ճանաչել երկրորդ նախագահին, ապա այդպես չի լինի:

Այնտեղ կան ուրիշ մեղավորներ, ովքեր հենց դրա կազմակերպիչներն են: Ես ենթադրում եմ, որ դա ուղղված չէր միայն ընդդիմադիր գործչին, այլ գործիչների ևս վերաբերում է, ովքեր կարող են փորձել ապրիլին սպասվելիք այս իշխանափոխության գործընթացում մեղադրանքի սլաքն ուղղել երկրորդ նախագահի դեմ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am