«ՄԻԱՎ-ի պատճառով ինձ հեռացրել են կանանց ապաստարանից». նախկին շահառու

15-03-2018
10575 դիտում
«ՄԻԱՎ-ի պատճառով ինձ հեռացրել են կանանց ապաստարանից». նախկին շահառու

Գայանեն (անունը փոխված է) պատմում է, որ անցած տարվա գարնանը նրան դուրս են արել բռնության ենթարկված կանանց «Լայթհաուս» ապաստարանից` անձրևոտ եղանակին, երկու երեխաների հետ, ինչը ապաստարանում հերքում են: f

Երբ անցած տարի մարտի 8-ին որոշել էր հեռանալ տանից երեխաների հետ, քանի որ էլ ի զորու չէր դիմանալ ամուսնու պարբերաբար ծեծերին, մի քանի ապաստարան էր զանգել, սակայն ամենուր հրաժարվել էին կացարան տրամադրել, պատճառաբանելով, թե տեղ չունեն: Գայանեն, սակայն, համոզված է, նման որոշում էին ընդունում, երբ տեղեկանում էին, որ ինքը ՄԻԱՎ վարակակիր է:

«Լայթհաուս» զանգելիս չէր ասել իր կարգավիճակի մասին: Երբ ապաստարանում ասել է ճշմարտությունը, ընդունել են, բայց սկզբում ընդհանուրի փոխարեն մեկուսացված սենյակում են պահել` հիշում է Գայանեն.

«Իրանք ասում էին՝ իմացի, դու դեռ 100 տոկոսով չես ստեղ, մենք պետք է իմանանք՝ էս քո կարգավիճակն ուրիշի համար վտանգավո՞ր ա, թե՞ չէ»:

Ըստ Գայանեի` կենտրոնի հոգեբան Լիաննա Սարգսյանը խորհրդակցել է համաճարակաբանի հետ (ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի համաճարակաբան Վարդան Արզաքանյանի). «Ինքը ասել էր, որ 100 տոկոսով արխային լինեն՝ ոչ մի փոխանցվելու ուղիներ չկա։ Մոտ մեկ ամիս մնացի: Ինձ անընդհատ հսկում էին՝ հանկարծ մատս չծակեմ, մատս չկտրեմ, արյուն դուրս չգա»։

ՄԻԱՎ-ը փոխանցվում է երեք ուղիով՝ սեռական ճանապարհով, արյան միջոցով և մորից երեխային՝ հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս: 2005 թվականից հետո Հայաստանում ներդրվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում տրամադրելու ծրագիրը: Այս ընթացքում ծննդկանի մոտ ՄԻԱՎ-ի հայտնաբերման պարագայում միայն մեկ դեպք է գրանցվել, երբ վարակը փոխանցվել է երեխային` 2007-ին:

Երբ որոշ ժամանակ անց Գայանեն հիվանդանում է ու կասկածում է, որ թոքաբորբ է` հիվանդանոց գնալու հնարավորություն չունենալու պատճառով բժշկին են կանչում կենտրոն. «Հետազոտման սենյակ մտանք, Լիաննան մեզ հետ էկավ՝ ասելով, որ ինքն ամեն ինչ գիտի: Բժշկուհին ասեց՝ էրեխեն, որ տուբերկուլոզ ա տարել, հնարավոր ա՝ ես էլ տարած լինեմ»։

Հետագայում պարզվել է, որ Գայանեի մոտ տուբերկուլոզ չէ, սակայն, նա համոզված է, որ այդ դեպքից հետո «Լայթհաուսի» անձնակազմի վախն ահագնացել է, ու, ի վերջո, նրան հանել են այնտեղից.

«Եթե ես չհիվանդանայի, բժշկուհին չգար, ինձ չէին հանի։ Ինքը [Լիաննա Սարգսյանը] իմացավ տուբերկուլոզի մասին, զանգեց Սեդային (ապաստարանի հիմնադիրը) ասեց, ու էդ ժամանակ, որ ես միջանցքով անցնում էի, լսում էի, որ ինքը սկայպով Սեդայի հետ ա խոսում, ու իմ մասին են քննարկում։ [Բժշկի այցի] հաջորդ օրն առավոտ հագնվում եմ, որ հիվանդանոց գնամ՝ ֆլյուրոգրաֆիա անցնեմ։ Մեկ էլ ընկեր Լիանը կանչում ա ինձ, ասում ա՝ հենց էսօր դու պետք ա էրեխեքի հետ դուրս գաս»։

«Լայթհաուս» ապաստարանը 2011 թվականին հիմնել է ամերիկահայ բարերար Սեդա Ղազարյանը։ Գայանեն ասում է, որ հենց Ղազարյանն է կարգադրել, որ իրեն հեռացնեն ապաստարանից. Լիաննա Սարգսյանն է իրեն այդպես ասել։ Սակայն Ղազարյանը և փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանը հերքում են, որ ապաստարանից հեռացնելու պատճառը եղել է ՄԻԱՎ-ը.

«Մենք HIV-ի (ՄԻԱՎ) համար քիչ մը մտահոգ էինք, որովհետև կիներ ունինք, երեխաներ ունինք, և կվախնայինք։ Ատոր համար իրեն զատ (առանձին) դրած էինք, բայց պահեցինք իրեն,- ասում է Ղազարյանը, պնդելով, որ Գայանեին չեն հեռացրել, իրեն ժամանակավոր էին վերցրել, մինչև այլ տեղ կտրամադրվեր: - Մենք վերցրինք, քանի որ ոչ ոք չէր վերցնում անոր»։

Փոխտնօրեն Մեսրոպյանը Գայանեին առանձին պահելը այսպես է մեկնաբանում.

«Մենք ունենք հիմնական կացարան և ունենք առանձին կացարան, որ գալիս են առանց բժշկական թղթերի և այլնի, և այլնի, մենք ժամանակավոր տեղավորում ենք այդ [առանձին] կացարանում, որից հետո իրենք տեղափոխվում են հիմնական կացարան»։ Նա վկայակոչում է պայմանագիրը, ըստ որի Գայանեին մի քանի շաբաթով էր ապաստան տրամադրվել։ Պայմանագիրը հրաժարվեց ներկայացնել, ասելով, որ դա միայն շահառուներին կարելի է տեսնել, իսկ Գայանեն պայմանագրի իր օրինակը չունի։

Անցած տարի նոյեմբերին ընդունված ընտանեկան բռնության մասին օրենքի համաձայն` ապաստարաններն այլևս գտնվում են Հայաստանի կառավարության վերահսկողության ներքո։ Ըստ այդ օրենքի` շահառուներն ապաստարանում կարող են մնալ ոչ ավելի, քան 12 ամսով, և այդ միջակայքում ապաստարանում գտնվելու ժամկետը որոշում է ապաստարանը։

Ղազարյանն ու Մեսրոպյանն ասում են, որ իրենք ամենաշատը 2 տարի ժամկետով են տրամադրել ապաստան։ Ժամկետը պայմանավորված է լինում կնոջ սոցիալական վիճակով և հնարավորություններով, եթե կինը շատ վատ պայմաններում է ու տեղ չունի գնալու՝ ավելի երկար են պահում։ Ղազարյանն ասում է, որ Գայանեի դեպքում իրենք այլ ապաստարան էին գտել, ուստի տեղափոխեցին, իսկ իրենց մոտ 250 հոգի կա, ու անընդհատ նոր մարդիկ են գալիս։

Մեսրոպյանը նաև ասում է, որ ապաստարանում հիմնական բժշկական աջակցություն չունեն. «Եթե ունենանք բժշկական աջակցություն, էդ հիվանդությամբ մարդկանց կարող ենք ավելի երկար պահել»։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ ներկայացուցիչ Աննա Ավետիսյանը, որը որպես սոցիալական աշխատող շփվել է Գայանեի հետ, համոզված է` նրան ապաստարանից հեռացրել են ՄԻԱՎ-ի պատճառով. «Լիաննան (ծրագրի ղեկավարը և հոգեբանը) կոնկրետ չասեց, թե ինչի համար են հանում։ Ինքը ասեց՝ ես չեմ կարող, ինքը պետք ա ստեղից գնա։ Ես ասում եմ՝ պատճառն ի՞նչն է, ինձ ասեք՝ ես հասկանամ»,- պատմում է նա, նշելով, որ դեպքից երկու տարի առաջ էլ Գայանեն մտածում էր լքել տունը, բայց մտափոխվեց, ու այդ ժամանակ, նրա հիշելով, «Լայթհաուսը» մերժել էր ընդունել նրան:

«Էս անգամ էլ մարդը լացակումած վիճակում զանգում, ասում ա՝ խնդրում եմ, ես չգիտեմ՝ ուր գնամ էրեխեքի հետ էս վիճակով, տրանսպորտով եմ։ Հարցրեցի՝ նույնիսկ տաքսիո՞վ չեն ճանապարհել»,- մտաբերում է Ավետիսյանը։

Լիաննա Սարգսյանը իր նկատմամբ մեղադրանքները ևս հերքում է, նույնպես ասում է, որ Գայանեի ապաստանը ժամանակավոր հիմունքներով էր, բայց. «Երեխաները չէին համապատասխանում տարիքին։ Մեզ մոտ [երեխաները կարող են լինել] մինչև վեց տարեկան»։

Նոր ապաստարան գտան Գայանեի համար, ու նա դուրս եկավ՝ ասում է Սարգսյանը, պնդելով. «Եթե մեր վրա ազդեր [ՄԻԱՎ կարգավիճակը], իրեն մենք առաջին օրվանից չէինք ընդունի, բայց մենք ընդունել ենք»։

Գայանեն ու Ավետիսյանը պնդում են, որ Սարգսյանն ուրիշների մոտ բացահայտել է Գայանեի ՄԻԱՎ կարգավիճակը. «Շահառուն (Գայանեն) ասում ա, որ իրա կարգավիճակի մասին ինքը բոլոր տեղերում ասել ա։ Ես զանգում եմ, ասում եմ՝ դուք ինքներդ անձամբ գիտեի՞ք, թե կարգավիճակի բացահայտումը ինչ խախտում ա։ Ասում ա՝ ես չէի կարա չասեի, ես պարտավոր էի ասել»։

«Լայթհաուսից» հեռանալուց հետո Գայանեն ուրիշ ապաստարան չի տեղափոխվել, այլ կանանց աջակցման կազմակերպությունների օգնությամբ բնակարան է վարձել։

Փաստաբան Հասմիկ Պետրոսյանը նշում է, որ Հայաստանում որևէ օրենսդրական հստակ կարգավորում գոյություն չունի, որ այսպիսի դեպքերում անձը կարողանա բողոքը դատարան հասցնել։

«Սակայն խտրականության դեմ օրենքն ընդունելուց հետո, որի նախագիծն արդեն քննարկման է դրված, գուցե հնարավոր լինի»,- հավելում է նա։

Հովհաննես Իշխանյան

MediaLab.am