Ժամանակ առ ժամանակ կոռուպցիոն դեպքերի բացահայտումներով իշխանությունները միջազգային հանրությանը փորձում են ցույց տալ, թե իբր գործ են անում. Սաքունց

19-03-2018
6478 դիտում
Ժամանակ առ ժամանակ կոռուպցիոն դեպքերի բացահայտումներով իշխանությունները միջազգային հանրությանը փորձում են ցույց տալ, թե իբր գործ են անում. Սաքունց

Հայաստանում պայքար չի մղվում համակարգային կոռուպցիայի դեմ, և որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի պատժվում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով պաշտպանության ոլորտում կոռուպցիոն հերթական հանցագործության բացահայտման մասին հայտարարությանը:

Ըստ Սաքունցի՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նմանօրինակ դեպքերը չպետք է դիտարկել որպես կոռուպցիայի դեմ պայքար, այլ պետք է դիտարկել որպես վատ պաշտպանված կամ պաշտպանվածության տեսանկյունից կոռուպցիոն խոցելի դեպքեր: Կոռուպցիայի դեմ իրական պայքար կլինի այն դեպքում, երբ, ըստ իրավապաշտպանի, իշխանությունն իր ներսում կորոշի պատժել ամենաբարձրաստիճան կոռուպցիոներներին:

«Կոռուպցիոն նման հանցագործությունների բացահայտումը ես համարում եմ կոռուպցիայի դեմ ընտրողական պայքար, երբ պաշտպանվածության տեսանկյունից առավել խոցելի դեպքերն են բացահայտվում: Այսինքն՝ ըստ էության Հայաստանում կոռուպցիան պաշտպանված է իշխանության կողմից»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը մարտի 17-ին հայտարարեց, որ պաշտպանության նախարարության նյութական միջոցների մատակարարման մրցույթների ոլորտում 2008-2013 թվականներին կաշառակերության մեղադրանքով կալանավորվել է ՊՆ վարչության պետի տեղակալ: Խոսքը 29 մլն 220 հազար դրամ կաշառքի մասին է, որը վարչության պետի տեղակալն ստացել էր ՊՆ-ին նյութական միջոցներ մատակարարած «Ա.Ա.» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենից:

Օրերս էլ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 2015-2017 թվականներին բանակից հափշտակվել է մոտ 45 մլն դրամ: Այս գործով, ըստ քննչական կոմիտեի, ձերբակալվել է երկու անձ՝ հրամանատարի տեղակալն ու պահեստապետը:

Արթուր Սաքունցի խոսքով՝ սա չենք կարող համարել ցուցանիշ, թե կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ինչ-որ բան է փոխվում երկրում: Իրավապաշտպանը հիշեցնում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումների ականատես եղանք: Մասնավորապես, բացահայտվեց սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ մարտական հերթապահության դիրքերում գտնվելու փաստը, բանակի սննդի, զինամթերքի և ընդհանրապես անվտանգության ու պաշպանության միջոցների մատակարարման վերաբերյալ փաստերը ջրի երես հանվեցին, բայց էական պատիժներ չեղան: Բանակից դուրս ևս, ըստ Սաքունցի, կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերի ենք մշտապես ականատես լինում, բայց դրանց ընթացք չի տրվում:

«Այդ դեպքերը վերաբերում են հենց այս պահին ընթացող կոռուպցիոն այնպիսի դրսևորումների, որոնց ուղղությամբ իշխանությունն արդեն պետք է բազմաթիվ քրեական գործեր հարուցած լիներ, եթե քաղաքական կամք ունենար: Եվ բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, որոնք երկար տարիներ ղեկավարել են պաշտպանության ոլորտը, շատ այլ պաշտոնյաներ, որոնք, օրինակ՝ վերահսկել են հանքերի շահագործման ոլորտը, լիցենզավորման աշխատանքները, պետք է պատժված լինեին, նրանց մեծ մասն էլ պետք է արդեն ազատազրկված լինեին»,- ասաց նա:

Քաղաքական կոռուպցիան ևս Հայաստանում, ըստ Սաքունցի, ծաղկում է: Ամենաթարմ օրինակն այն է, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ հիմնավոր փաստաթուղթ չներկայացրեց, որ վերջին վեց տարիների ընթացքում միայն ՀՀ քաղաքացի է եղել: Իսկ դա արդեն քաղաքական կոռուպցիա է, ապօրինություն:

Ուշագրավ է, որ կոռուպցիոն այս բացահատումները հաջորդում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին, որոնցով նրանք Հայաստանի իշխանություններին փաստացի մեղադրում են կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ գործունեություն չծավալելու մեջ: Դեսպանները Հայաստանի իշխանություններին նախազգուշացնում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար ֆինանսավորման ծրագրերը կշարունակվեն միայն շոշափելի արդյունքի դեպքում:

Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար Հայաստանը վերջին տարիներին հսկայական ֆինանսական աջակցություն է ստացել ԱՄՆ-ից ու Եվրամիությունից:

2015-2018 թվականներին հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար ՀՀ կառավարությունն ԱՄՆ-ից ստացել է 806 հազար դոլար: Իսկ Եվրամիությունը շուրջ 15 մլն եվրո է հատկացրել ՀՀ կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար: 2017 թվականի փետրվարին Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել էր. «Պետք է կոռուպցիայի դեմ մի բան անենք, 15 մլն եվրո տվել ենք, էլի կտանք, բայց պետք է գործ արվի»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ ժամանակ առ ժամանակ նման դեպքերի բացահայտումների շարք է լինում, որոնցով իշխանությունները միջազգային հանրությանը փորձում են ցույց տալ, թե իբր գործ են անում: Ոչ վաղ անցյալում նման մի արշավ ծավալվեց դատավորների դեմ, ոմանք ձերբակալվեցին: Բայց, ըստ նրա, այդ գործընթացը դադարեց, կարծես թե դատական իշխանությունում դադարել են կոռուպցիոն դրսևորումները: Այնինչ հենց այսօր բոլորի աչքի առաջ տարբեր գործերով խայտառակ դատավարություններ են ընթանում:

«Կամ ես ինչպե՞ս կարող եմ համարել, որ երկրում կոռուպցիայի դեմ իրապես պայքար է մղվում, երբ գլխավոր դատախազն ընդունում է ԽՍՀՄ ժամանակների գլխավոր դատախազ Օսիպյանին և հուշամեդալ շնորհում նրան՝ կարևորելով նրա դերը դատախազության համակարգի կայացման մեջ: Դա այն դեպքում, երբ նույն Օսիպյանի ու իր ընտանիքի անդամների կողմից քրեական ծագման փողերի ստացման և դրանց իրացման հետ կապված բավական լուրջ հարցեր են բարձրացվել, ինչի ուղղությամբ քննություն չի կատարվում հենց այսօրվա դատախազության կողմից»,- նշեց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ կոռուպցիան լայնորեն տարածված է նաև Հայաստանի քաղաքական համակարգում: Օրինակ՝ նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում զանգվածային ընտրակաշառքներ բաժանվեցին: Բայց ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի համատարած խախտումների պայմաններում որևէ քրեական գործ չհարուցվեց պաշտոնատար անձանց կամ պատգամավորների թեկնածուների նկատմամբ: Ավելին, օֆշորային սկանդալներում ներգրավված պաշտոնյան դարձավ պատգամավոր, իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխարեն օֆշորի գործով այլ անձ պատասխանատվության ենթարկվեց:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am