Լևոն Իգիթյան. Դժբախտը

19-03-2018
2798 դիտում
Լևոն Իգիթյան. Դժբախտը

Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը կրկին փայլել է հայոց լեզվի հաշվին։ «Երկիր ծիրանիի» կին անդամներից մեկին այս մարդը կիսառուսերենով հարցրել է՝ кто ты такой?: Անմիջապես հետո ինքն էլ պատասխանել է՝ իմ արածները քո վզին դնեմ, գրիժա կստանաս։ Մեծ հաշվով զարմանալ պետք չէ այսպիսի բառապաշարից։

Մարդը ընտրությունների, այսինքն` քաղաքական գործողության ճանապարհով դարձել է ավագանու անդամ, ասում է՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Այսպիսի բառապաշարն ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ ինքն էդ ավագանիով սկսվում ու ավարտվում է։

Այսինքն` մենք չկանք, Նուբարաշենը չկա, քաղաքը չկա։ Էս մարդն էնքան է փոքրացել, որ որևէ մեկի հանդեպ ճիշտ լինելու նրա ամբողջ թիմակիցը մի Տարոն Մարգարյան է, այսինքն` մի մարդ, որը հայոց լեզվի հաշվին չի կարող նույնիսկ անգրագետ լինել։ Մյուս կողմից` ո՞վ է մարդը։ Լևոն Իգիթյանին այսօր Թումանյանով ու Չարենցով խելքի չես բերի։ Չես ասի՝ ա՛յ մարդ, էս մարդիկ վիզ չեն ծռել, ստրուկ չեն եղել։

Որովհետև հակափաստարկ ունի՝ Չարենցը նստած էր ասեղի վրա, իսկ Թումանյանն էլ դեղի փող չուներ։ Թեպետ, երբ լսում եմ Լևոն Իգիթյանին, ինձ թվում է` ինքն ամեն օր հենց այսպես է վաստակում իր ասեղն ու դեղի փողը։ Չի կարող գեղագիտություն առաջարկել մայրաքաղաքին այս մարդը, բայց կարող է առաջարկել իր գունեղ անդաստիարակությունը։

Լևոն Իգիթյանը «Սիզիփոս» է։

Նա ամեն օր զրոյից է սկսում աշխատել իր հացը։ Նա ոչ մի ակնթարթ չի հասցնում կշտանալ այնքան, որ կարողանա հայացքը թեքել Տարոն Մարգարյանից, որ կարողանա մտածել մարդու սխալականության մասին։ Ոչինչ չի կարող անել այդ մարդը։ Մենք նրան պետք է պատկերացնենք որպես չափազանց դժբախտ մի մարդ։ Կատակ բան չէ ամբողջ օրն ապրել հացի հետ։ Կատակ բան չէ կշտանալ այնքան, որ մտածես նաև կերածդ հացի մասին։

Կատակ բան չէ վաստակավոր լինել դիմացինիդ հանդեպ փաստարկների բացակայության մեջ։ Կատակ բան չէ չմտածել այնքան, որ դիմացինի սխալականությունն անգամ քեզ առիթ տա լինել մեծահոգի։ Լևոն Իգիթյանին պետք է ազատել ավագանու անդամի պարտականություններից։ Այդ մարդը գահավիժում է իր հրած քարի փոխարեն։

Հենց միայն դրա համար պետք է պատասխան տան Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցները, որովհետև կարող էր, չէ՞, այս մարդը մեզանից հեռացած լիներ ուժերի ծաղկման շրջանում և բնավ առիթ ու պատճառ չունենար լինելու այն, ինչ կա։

Այս մարդն անհնարին դժբախտ է։ Որովհետև հաստատ համոզված է, որ մտքեր է ասում։ Այս մարդու հայելին հայելի չէ, որը նրան ցույց է տալիս որպես ապրող, փողոցը փողոց չէ, որը ցույց է տալիս որպես քայլող, ինքնազգացողությունն ինքնազգացողություն չէ, քանի որ խիղճը հանգիստ է։ Անդառնալի է մարդու խցանումը Լևոն Իգիթյանի մեջ։

Ինքն ավագանիում մենակ չէ։ Ինքը մենակ չէ նաև պետության մասշտաբով։ Բայց ինքը մի մարդ է, որը պատրաստ է ավելի հեռու գնալ։

Ինչպես ասում է մեծն Վոլանդը, «բնակարանային հարցը» ծանր է նստում այս մարդու վրա։ Մենք նույնիսկ չգիտենք` որտե՛ղ և ե՛րբ կանգ կառնի Լևոն Իգիթյանը, որ մտածենք նրան ներելու մասին։ Նույնիսկ եթե դրա կարիքն ինքը չունի։

Մհեր Արշակյան

MediaLab.am