Հայ-ռուսական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք

19-03-2018
5710 դիտում
Հայ-ռուսական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք

Մարտի 18-ին Ռուսաստանում կայացան նախագահական ընտրություններ, որոնք բազմաթիվ տարածաշրջանային և միջազգային փորձագետների կողմից բնութագրվել են որպես ձևական ընտրություններ։

ԿԸՀ-ի արձանագրած նախնական արդյունքներով՝ հաղթել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, ով փաստացի ղեկավարում է ՌԴ-ն 1999 թվականից (սկզբում նախագահի, 2008-2012թթ վարչապետի, իսկ 2012-ից ի վեր կրկին նախագահի պաշտոնում)։ Դիտարկենք Վլադիմիր Պուտինի վերջին երկու տասնամյակում ՌԴ արտաքին քաղաքականության ուղղությունը որոշող հիմնական անձի իշխանության ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները։

Ռուսական իմպերիալիզմը և Հայաստանը

Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալուց հետո ՌԴ քաղաքականությունը, որը 90-ականներին առավել կենտրոնացած էր ներքին խնդիրների կարգավորման վրա, կրկին վերադարձավ իմպերիալիստական ուղեծիր: Վլադիմիր Պուտինի արտաքին իմպերիալիստական քաղաքականության տեսանկյունից հետսովետական մի շարք երկրներ համարվում են Ռուսաստանի ազդեցության գոտի, և Մոսկվայի կամքին հակառակվելու դեպքում, համարվում է, որ առաջնորդվում են օտար ուժերի կողմից՝ արևմուտքից, այլ ոչ թե ինքնուրույն պայքարում սեփական շահերի համար։ Բացառություն չի կազմում նաև Հայաստանը:

Արձագանքը Հայաստանի ներքաղաքական անցուդարձին

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում լրատվամիջոցների մեծամասնությունը անազատ են, գտնվում են Կրեմլի վերահսկողության տակ ու սովորաբար կոնկրետ իրադարձությունները միանման են լուսաբանում: Արդյունքում Հայաստանի ակտիվ քաղաքացիների մի ստվար զանգված կորցրել է վստահությունը ՌԴ նկատմամբ: Թերևս, ՌԴ-ն միակ երկիրն է, որի դեսպանը կարող է իրեն թույլ տալ հայտարարել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ սեպ խրող հասարակական կազմակերպությունները պետք է չեզոքացնել նաև «այլ մեթոդներով»։ Հիշեցնենք, որ ՌԴ տարբեր պաշտոնյաներ պարբերաբար առաջարկում են ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների համար ստեղծել Ռուսաստանում գործող «օտար գործակալների» օրենքը, որի միջոցով իշխանության կողմից բացարձակ վերահսկողության է ենթարկվում քաղաքացիական հասարակությանը։

ՌԴ-Ադրբեջան համագործակցությունը և Արցախյան հակամարտությունը

Վլադիմիր Պուտինի իշխանության օրոք տեղի ունեցավ ևս մի կարևոր փոփոխություն խախտվեց Լեռնային Ղարաբաղի հարցում նախկինում գոյություն ունեցող բալանսը: Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) միջազգային զենքի առևտրի վերաբերալ 2014թ. զեկույցի համաձայն՝ 2010-2014թթ. ընթացքում Ադրբեջանը 2005-2009 թվականների համեմատ 249%-ով ավելացրել է սպառազինությունների ներկրումը: Ըստ նույն զեկույցի՝ Ռուսաստանը մատակարարում է Ադրբեջանի հարձակողական զենքի 85%-ը: Հայաստան ներմուծված զինամթերքը 2010-14թթ. կազմել է Ադրբեջանի ներմուծումների ընդամենը 4%-ը: ՌԴ նմանօրինակ քաղաքականությունը խախտել է նախկինում հակամարտող կողմերի միջև գոյություն ունեցող ուժերի հավասարակշռությունը, ինչը առիթ տվեց Ադրբեջանին սանձազերծել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը:

Եթե մինչև 2016թ. ապրիլը Հայաստանում լայն հանրությանը հայտնի չէր ՌԴ քաղաքականության նմանօրինակ փոփոխության մասին, ապա ապրիլից հետո այդ տեղեկատվությունը հանրայնացվեց՝ Հայաստանում ստեղծելով ընդհանուր անվստահության մթնոլորտ ՌԴ նկատմամբ:

Վերևից ներքև քաղաքականություն

Թեև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կանոնավոր կերպով հայտարարում են, որ երկու երկրները ռազմավարական դաշնակիցներ են, սակայն անզեն աչքով էլ նկատելի է, որ դրանք ուղղահայաց հարաբերություններ են: 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թերևս այդ հանգամանքի ուժով հանկարծակի հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին, թեև դրանից դեռևս մի քանի օր առաջ ՀՀ կառավարությունը պատրաստվում էր գնալ Եվրամիության հետ ասոցացման ճանապարհով:

Փաստորեն Վլադիմիր Պուտինի օրոք ՌԴ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ոչ այլ ինչ է, եթե ոչ վերադաս-ստորադաս հարաբերություններ, որտեղ Ռուսաստանը դիտարկում է Հայաստանին որպես իր ազդեցության ոլորտում գտնվող մի մասնիկ: Ընդ որում, Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին Ռուսաստանը մոնոպոլիզացրել է Հայաստանի էներգետիկայի որոշ ոլորտներ (օրինակ՝ գազի մատակարարումը)՝ հաճախ քաղաքական ճնշման մեթոդներով, սակայն այս հարցը հավելյալ քննարկման առարկա է։ 

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»