«Ընդդիմադիր դաշտ բացարձակապես չի ուզում դեպի հաղթանակ գնալ, այլ ավելի ձեռնտու է այս կարգավիճակը՝ ճնշվածի, ծեծվածի, ստորացվածի». Ռուբեն Բաբայան

26-03-2018
3179 դիտում
«Ընդդիմադիր դաշտ բացարձակապես չի ուզում դեպի հաղթանակ գնալ, այլ ավելի ձեռնտու է այս կարգավիճակը՝ ճնշվածի, ծեծվածի, ստորացվածի». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

- Պարո՛ն Բաբայան, ընդդիմությունը կոչ է անում հանրությանը գալ հրապարակ և պայքարել իշխանության և Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ։ Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության այս փորձը, և, ըստ Ձեզ՝ որքանո՞վ արդյունավետ կարող է լինել այս պայքարը, հանրությունը կգա՞ հրապարակ այսպիսի օրակարգով։

- Կարծում եմ՝ ո՛չ։ Միջոցները, որոնց դիմում է ընդդիմությունը, կրկնում են այն բոլոր ձևերը, որոնք կային 20-25 տարի առաջ և որևէ արդյունք չեն տալիս։ Գուցե սխալվում եմ, բայց կարծում եմ, որ այսօր ավելի հեշտ է մարդկանց համախմբել որոշակի լոկալ խնդիրներ լուծելու շուրջ, քան գլոբալ։ Ցավոք, ընդդիմության մղումը, որ մինչև գլոբալ ձևով չլուծենք իշխանափոխության խնդիրը, որևէ ուրիշ խնդիր լուծել հնարավոր չէ, շատ է նմանվում նաև իշխանության մոտեցմանը։

Սա է բուրգի կառուցվածքը, պարզապես այլաձև մոտեցումն է, փոխենք գլուխը, հետո զբաղվենք համայնքային ընտրություններով, ուրիշ խնդիրներով և այլն։ Եվ կարծես թե ընդդիմության միակ խնդիրը դառնում է իշխանափոխությունը։ Իշխանափոխությունն ընդհանրապես առողջության նշան է, իսկ իշխանափոխություն չիրականացնելը` հիվանդության (խոսքը համակարգի մասին է), բայց ամեն ինչ սահմանափակել միայն իշխանափոխությամբ, կարծում եմ, ճիշտ չէ։ Փորձը ցույց է տալիս, որ երբ հանրությունը իր առջև դնում է լոկալ խնդիրներ լուծելու հարցը, շատ հաճախ հասնում է նաև հաջողությունների, օրինակ՝ Մաշտոցի պուրակը, «Էլեկտրիկ Երևանը» և այլն։ Պարզապես հետո կանգ ենք առնում։

Իսկ հիմա խնդիրները բազմաթիվ են՝ սկսած քրեակատարողական հիմնարկների վիճակից, մեր դատարաններից, մեր առողջապահությունից, կրթությունից և այլն։ Կարծում եմ՝ սա գավառականության նշան է, երբ այս ամենը համարում են շատ մանր խնդիրներ, որոնք արժանի չեն ուշադրության։ Ուշադրության է արժանի միայն իշխանափոխությունը, ինչն էլ, ցավոք, չի ստացվում, սկսում ենք անիծել ամբողջ աշխարհը, առաջին հերթին` հանրությանը, թե ինչո՛ւ մենք արթնացնում ենք լաոյին, իսկ լաոն ոչ մի կերպ չի զարթնում, և գալիս է հիասթափությունը։

Կարծում եմ՝ մարդիկ ավելի շուտ արձագանքում են իրենց ավելի մոտ խնդիրներին, և երբ կենցաղային, մարդու իրավունքների, սոցիալական և այլ խնդիրների կողքին պաշտպան չեն տեսնում, այլ տեսնում են, որ իրենց կոչ են անում գալ ու կանգնել որոշակի քաղաքական ուժի կողքը և օգնել նրան իշխանափոխություն կատարել, սա չի առաջացնում այն մղումը, որի վրա հույս են դնում քաղաքական ուժերը։ Քավ լիցի, ես ոչ մեկի անկեղծությանը չեմ կասկածում։ Կարծում եմ՝ այստեղ մեծ խնդիր կա մարդկային հոգեբանությունը հասկանալու։ Քաղաքական պայքարն էլ է գիտություն, և պետք է ուսումնասիրել ձևերը, մեթոդները։ Անցել է բարձրագոչ լոզունգների ժամանակը։

- Բայց թանկացումները, որ հարվածում էին շատ-շատերի գրպանին, հանրությանը չհամախմբեցին։

- Նայած ակցիա։ Ուղեվարձի թանկացման դեմ ակցիան, օրինակ` հաջողությամբ ավարտվեց։ Ես կողմն եմ ավելի կոնկրետ և նպատակին հասնող խնդիրներ դնել, որովհետև եթե դու նույնիսկ փոքր խնդիր ես լուծում և հասնում հաղթանակի, դա քո հանդեպ հավատ է ներշնչում, արդեն երկրորդ քայլդ, որ կարող է լինել ավելի մեծ, կհամախմբի մարդկանց, քանի որ կասեն՝ ա՛յ սա խնդիր դրեց և հասավ։ Երրորդ քայլը ավելի մեծ կլինի։

Միանգամից փորձ է արվում անել մեծ քայլ և նպատակին չի հասնում, գալիս է հիասթափությունը։ Կարծում եմ՝ շատ մեծ խնդիր է մարդկանց վստահություն ներշնչելը։ Իսկ ինչպե՞ս են մարդկանց վստահություն ներշնչում. պարզապես մերժելո՞վ այս իշխանություններին։ Բոլորն էլ մերժում են, հետո ինչ անենք։ Կամ ասելով, որ եթե փոխենք նախագահին և վարչապետին, մեր կյանքը միանգամից կփոխվի, և ամեն ինչ իր տեղը կընկնի, մարդիկ շատ մեծ կասկածանքով են մոտենում, որովհետև նախ՝ կասկածում են, որ դա իսկապես այդպես կլինի, հետո հասկանում են, որ քաղաքակրթության տեսանկյունից շատ հաճախակի ընդդիմության որոշ (իհարկե ոչ բոլոր) զանգվածներ և իշխանությունը գտնվում են նույն դաշտում, և մշտական պարտությունները որևէ հավատ չեն ներշնչում։

Պետք է սկսել պայքարել հաղթանակների համար։ Այլապես հին մենթալիտետն է՝ մեզ մորթել են, սպանել են, մեր հայրենիքը մեզնից վերցրել են, և հիմա էլ այս ամբողջ տրամաբանությունը սկսել է տեղափոխվել քաղաքական դաշտ, և ձևավորվում է մի մեծ ընդդիմադիր դաշտ, որը բացարձակապես դեպի հաղթանակ չի ուզում գնալ, այլ ավելի ձեռնտու է այս կարգավիճակը՝ ճնշվածի, ծեծվածի, ստորացվածի։ Մեզ մոտ հաղթող լինելը մինուս նշանով է գնում, մեզ մոտ պլյուս նշանով պարտվածն է հանդես գալիս։ Ա՛յ էլի մեզ ծեծեցին, մենք այսքան լավ բան էինք ուզում անել, բայց էլի թույլ չտվեցին, խե՜ղճ ժողովուրդ, խե՜ղճ քաղաքական գործիչներ, որոնց միշտ հալածում են։ Է հետո՞...

- Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում, ըստ էության, հաստատեց, որ կառաջադրվի վարչապետի թեկնածու՝ մեկ հավելումով, որ այս տարիներին երիտասարդ լիդերներ կպատրաստի։

- Ինձ համար նորություն չէ, ես այս հայտարարությունից հանկարծակիի չեմ եկել։ Ես այդպես էլ պատկերացնում էի։ Կա ՀՀԿ մեծամասնություն, և պարզ տրամաբանություն կար, որ այդ կուսակցությունը կառուցված է մեկ լիդերի սկզբունքով։ Սա ցույց է տալիս այդ կուսակցության քննարկումները, որոշումների ընդունման կարգը, քվեարկությունները, մենք այդ կուսակցության մեջ բազմակարծություն չենք տեսնում։

Եվ շատ կուսակցություններում` նույնպես։ Ինձ համար ավելի կարևոր է, թե արդյոք այն համակարգը պառլամենտական հանրապետության, որ այդքան թմբկահարում էին, ասում էին, որ կգա, կփոխի կառավարման ձևը, ավելի ժողովրդավարակա՞ն կդառնա, լսելի՞ կդառնան բոլոր ձայները, երկրի ղեկավարումը չի՞ լինի այդքան ավտորիտար, արդյոք այդպես կլինի՞։ Եվ այստեղ կապ չունի, թե Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, պարզապես այն լիազորությունների շղթան, որ կամաց-կամաց տեղափոխվում է դեպի վարչապետ, և որից կամաց-կամաց զրկվում է ԱԺ-ն, որը հենց պառլամենտական հանրապետության հիմքն է, ա՛յ սա ինձ համար շատ ավելի մտահոգիչ է։

Ամեն ինչ կենտրոնացնել վարչապետի ձեռքում և վարչապետ չլիներ Սերժ Սարգսյանը, ի՞նչ տարբերություն, ինձ համար տարբերություն չկա։ Մենք բազմաթիվ երկրների օրինակով տեսնում ենք, որ պետության ղեկին հայտնվում են ոչ այնքան էլ հաջողված անձինք, և ի՞նչ։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները։ Որտեղ զսպող մեխանիզմներ կան։ Պետք է աշխատել համակարգի վրա, ոչ թե անձանց։

- Ընդհատակում գտնվող Գարեգին Չուգասզյանն անդրադարձել էր քաղբանտարկյալի՝ Ձեր պատկերացումներին, նշելով՝ երբ լռությունն ավելի նախընտրելի է։ Ինչպե՞ս եք արձագանքում նրա մեկնաբանությանը։

- Ես կաշխատեմ օգտվել նրա խորհրդից և չարձագանքել, ինչպես ինձ չարձագանքեցին ժամանակին, բայց ուզում եմ ասել, որ այստեղ պարզապես մոտեցումների տարբերություն է։ Եվ ես իմ հայացքը բացարձակապես չեմ պարտադրում որևէ մեկին։ Սկսած՝ Լենինից, Ստալինից, Կամոյից, Ֆիդել Կաստրոյից, Չե Գևարայից, բոլոր հեղափոխականները քաղբանտարկյալ չեն, սա իմ մոտեցումն է։ Ինձ համար քաղբանտարկյալ են եղել Բուկովսկին, Պարույր Հայրիկյանը, Ազատ Արշակյանը։

Բայց սա չի նշանակում, որ իմ հայացքը միակ ճշմարտությունն է, ես պարզապես որևէ մեկի մոտեցումը չմերժելով համարում եմ, որ քաղբանտարկյալը հիմնականում օգտագործում է բոլոր առիթներն արտահայտելու իր քաղաքական հայացքները։ Եվ հիմնականում օգտվում է այդ ամբիոնից, որպեսզի ոչ միայն ասի, թե ինչի՛ դեմ է ինքը պայքարում, այլ նաև ասի՝ հանուն ինչի՛ է պայքարում, թե ի՛նչ երկիր է ուզում տեսնել։

Միջին Արևելքում մենք դրա շատ լավ օրինակն ունենք, երբ արաբական աշխարհի մի մեծ մասը, փոխանակ սեփական երկիրը կառուցելու, պայքարում է, որ Իսրայել երկիրը չլինի։ Արդյունքում `այն մեկը կայանում է, զարգանում է, իսկ սրանք իրենց տեսանկյունից զբաղված են շատ արդար պայքարով, որի մեջ մտնում է ամեն ինչ, հեղափոխական գործունեություն՝ պայթեցնել, կռվել և այլն, և այլն, ես ուրիշ մեթոդների կողմնակից եմ։ Չնայած շատ լավ հասկանում եմ, որ մարդկանց համար, ովքեր ուրիշ իդեալներով են ապրում, խիստ դատապարտելի է իմ մոտեցումը։ Բայց պարտադիր համարել, որ նա, ով չի կիսում քո կարծիքը, ծախված է կամ որոշակի ազդեցության տակ է գտնվում, սա նշանակում է, որ կա մեկ ճշմարտություն։ Բայց այդպես չէ։

Կարծում եմ՝ Գարեգին Չուգասզյանը` որպես կիրթ մարդ, որ ժամանակին աշխատել է տարբեր գիտական հիմնարկներում, պետք է համաձայնի, որ ճշմարտությունները շատ տարբեր են և բազմաթիվ են։ Եվ ճշմարտությունը չի կայանում է նրա մեջ, որ դու ժխտում ես ուրիշի՝ սեփական կարծիք ունենալու իրավունքը։ Եվ ես ինձ թույլ չէի տա որևէ մեկին սեփական կարծիք ունենալու մեջ մեղադրել։

- Պարո՛ն Բաբայան, Դուք միշտ բաց տեքստով քննադատել եք իշխանություններին։ Արդյոք ճնշումներ չե՞ն լինում Ձեր նկատմամբ։

- Ազնվությամբ՝ չեմ զգացել կամ գուցե բանի տեղ չեմ դրել։

Մանե Հարությունյան

MediaLab.am