«Մենք չպետք է թույլ տանք, որ նեխած ռուսական պետական հյուսվածքը ներմուծվի այստեղ ու ներծծվի Հայաստանի մարմնի վրա». Ռուբեն Մեհրաբյան

27-03-2018
2632 դիտում
«Մենք չպետք է թույլ տանք, որ նեխած ռուսական պետական հյուսվածքը ներմուծվի այստեղ ու ներծծվի Հայաստանի մարմնի վրա». Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

- Պարո ՛ն Մեհրաբյան, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Երևանում հայտարարեց, որ Ռուսաստանը հետևություններ է արել Ադրբեջանին մեծաքանակ զենքի վաճառքի գործարքից: Սա մեկ ամսվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ ռուս բարձրաստիճան պաշտոնյան Երևանում հայտարարում է, թե հետևություններ են արել այս ամենից, և որ հետագայում մեծ ծավալի զենք այլևս չի մատակարարվի Ադրբեջանին: Ի՞նչ է սա նշանակում:

- Ռուսաստանն ուղղակի հայտարարություն է անում այդ մասին: Այդ երկիրն արդեն իր արածն արել է և հիմա ուզում է այս հայտարարությունները ծախել մեզ վրա:

- Իսկ ինչո՞ւ հենց այս փուլում սկսեցին նման հայտարարություններ անել:

- Որովհետև այդ զենքն Ադրբեջանին մատակարարել վերջացրել են, Ռուսաստանն այդ մատակարարումներով հասել է իր նպատակին: Ադրբեջանը կարծր ու ագրեսիվ դիրքորոշում է որդեգրել այս ամենի հետևանքով, հիմա այլևս Ղարաբաղը գրավելով չի բավարարվում, Երևանը «հետ բերելու» մասին է խոսում: Սա հենց այն է, ինչ պետք է Ռուսաստանին:

Երբ Հայաստանում արդեն իրերն սկսում են կոչել իրենց անուններով, ռուսներն իրենց հայտարարություններով ուզում են այդ հայտարարությունները չեզոքացնել: Սա ընդամենը պրոպագանդիստական քայլ է, և նրանք ուզում են այսպիսի էժան քայլերով Հայաստանի հասարակության մի մասի մոտ տրամադրություններ փոխել: Երկրորդ՝ Հայաստանի ներսում ռուսական շահերն սպասարկող հատվածին ուզում են այս հայտարարություններով լրացուցիչ արգումենտներ տալ:

- Զատուլինը նաև Երևանում հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ սանձազերծվող արտաքին ագրեսիաներին պատրաստ է համարժեք արձագանք տալ՝ ստանձնած համաձայնագրերի շրջանակներում: Մենք նախկինում տեսել ենք, որ մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակներում որևէ գործողություն չի արվել այն դեպքում, երբ Հայաստանի սահմաններն են վտանգված եղել: Արժի՞ հավատալ այս հայտարարություններին:

- Այդ հայտարարությունները նույնիսկ հինգ ռուսական կոպեկ չարժեն, որովհետև կյանքը ցույց է տվել դրա ուղիղ հակառակը: Այդ ստորագրված փաստաթղթերը նույնիսկ չարժե այն թուղթը, որի վրա դա ստորագրված է: Ռուսաստանն իր գործողություններով բազմիցս դա ապացուցել է: Ավելին, այդ երկիրն ապացուցել է նաև այն, որ նույնիսկ ի հեճուկս իր ստորագրած փաստաթղթերի կարող է ուղղակի բացահայտ քայլեր անել ընդդեմ հայ ժողովրդի:

- Իսկ հնարավո՞ր է, որ Արցախի հարցում նոր զարգացումներ են սպասվում, այդ պատճառով են ռուսական կողմից նման հայտարարություններ հնչում:

- Այն, որ ռուսներն այսօր չափազանց նյարդայնացած են, փաստ է, մանավանդ համաշխարհային մասշտաբներ ստացած այս դեմարշներից հետո: Մենք այսօր տեսնում ենք, թե ինչ արձագանք է ստացել Ռուսաստանի կողմից մարտական քիմիական զենքի գործածումը Մեծ Բրիտանիայի տարածքում:

Մենք տեսնում ենք, որ նրանք ուզում են սարսափեցնել աշխարհին, թե ինչ հայտնի ու հզոր զենքեր ունեն, բայց հետո հայտնի է դառնում, որ դա կանալիզացիայի խողովակների վրա է կառուցված, ինչի մասին հրապարակումներ եղան: Եվ երեկվա դաժան ողբերգության ֆոնին մենք տեսանք, որ ամբողջ ռուսական պետական հյուսվածքն ուղղակի նեխած է վերից վար: Եվ մենք չպետք է թույլ տանք, որ այդ ամենը ներմուծվի այստեղ ու ներծծվի Հայաստանի մարմնի վրա: Հայաստանը պետք է զերծ մնա այդ աղբից:

- Գյումրիի ռուսական ռազմաբազայում ռազմական ոստիկանության ռուսական ստորաբաժանում է տեղակայվում: Սա ի՞նչ է նշանակում:

- Սա նշանակում է, որ նրանք Հայաստանում եղածով չեն բավարարվում և հենց այսօր են դա անում: Ռուսաստանը Հայաստանում ունեցած իր ուժերն ու միջոցները բավարար չի համարում, այն համալրում է նոր ստորաբաժանումներով: Ընդ որում, ռազմական ոստիկանություն նշանակում է, որ այն ունենալու է նաև իր օպերատիվ հետախուզական ծառայությունը: Դա նշանակում է, որ այն ունենալու է ինչ-որ հատուկ գործողություններ իրականացնելու հնարավորություններ: Եվ փաստորեն, մենք գոնե մինչև այս պահը Հայաստանի իշխանություններից որևէ արձագանք չենք տեսնում: Մենք նաև քաղաքական դաշտից որևէ արձագանք չենք տեսնում: Մենք տեսնում ենք ընդամենը Հարավային ռազմական օկրուգի մամուլի հաղորդագրությունը, իսկ հայկական կողմից մեկնաբանությունների բացակայություն ենք տեսնում:

- Այսինքն՝ Ռուսաստանն իր ներկայությունը փորձում է ընդլայնե՞լ Հայաստանում, սա ի՞նչ վտանգներ է պարունակում:

- Իհարկե, դա վտանգներ է պարունակում իր մեջ: Ով գիտի, թե նրանք այստեղ ինչով են զբաղվելու: Նրանք ինչով ասես կարող են զբաղվել: Ռուսներն այն աստիճանի անվստահելի են, որ նրանց ամբողջ աշխարհից արտաքսում են: Իսկ Հայաստանում նրանց ներկայությունն ավելանում է: Սա՞ էլ է «և-և»-ի քաղաքականություն:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am