Դանակի բազմաթիվ հարվածներ, ծեծ, խեղդամահություն, բռնություն. Հայաստանում կնոջը սպանելու համար տղամարդիկ ավելի մեղմ են պատժվում

27-03-2018
27537 դիտում
Դանակի բազմաթիվ հարվածներ, ծեծ, խեղդամահություն, բռնություն. Հայաստանում կնոջը սպանելու համար տղամարդիկ ավելի մեղմ են պատժվում

Հայաստանում վերջին տարիներին կնասպանության հանրային հնչեղություն ստացած դեպքերով կայացված դատավճիռներով առավելագույնը 12 տարվա ազատազրկում է սահմանվել, պատահել է, որ դատարանը պատժից ազատել է մարդասպանին:

Հունվարի 31-ին Վերաքննիչ քրեական դատարանում 11 տարվա ազատազրկման դատապարտվեց Արթուր Մելիքսեթյանը՝ կնոջը՝ Նարինե Դանիելյանին սպանելու համար։ Ամիսներ առաջ Մելիքսեթյանին առաջին ատյանի դատարանն ընդամենը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել:

Նարինե Դանիելյանին ամուսինն առանձնակի դաժանությամբ էր սպանել։ Ըստ գործի նյութերի՝ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին 38-ամյա Նարինե Դանիելյանի ամուսինը՝ Արթուր Մելիքսեթյանը, Ակնալիճ-Զարթոնք ճանապարհին «կյանքի համար անհամատեղելի հարվածներ հասցնելով»` ծեծել էր կնոջը, ապա մարմինը նետել ջրատարը։ Մելիքսեթյանն այնքան էր ծեծել Նարինեին, որ նրա դեմքն անճանաչելի էր դարձել:

Նարինեն ամուսնացել էր 14 տարեկանում: Նարինեի քույրը՝ Կարինե Դանիելյանը, ասում է՝ ամուսնության 25 տարիների ընթացքում ամուսինը շարունակ բռնության է ենթարկել Նարինեին, նույնիսկ՝ խոշտանգել.

«Ես չգիտեմ՝ դա խանդ էր, թե ինչ, բայց Արթուրը սենց էր. ինչը իմն է, դրա հետ ինչ կուզեմ կանեմ, կուզեմ՝ կդնեմ ստեղ, կուզեմ՝ կջարդեմ: Այդպես իրի և ստրուկի պես էլ վերաբերվում էր նաև քրոջս»: Կարինեն պատմում է, որ մի անգամ էլ քրոջ և նրա ամուսնու միջև հերթական վեճը ծագել էր այն պատճառով, որ Նարինեն խանութի աշխատողին ընդամենը բարևել էր. «Էդ բարևի համար տարել էր Սովետաշենի գերեզմանոց, որ սպանի: Էդ անգամ Նարինեին ամուսնուց ազատել ու փրկել էր սկեսրայրը»:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները համոզված են՝ կանանց սպանության դեպքերում Հայաստանում ավելի մեղմ պատիժ են սահմանում։ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» նախագահ Լարա Ահարոնյանը մատնանշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության համար 22 և 24 տարի ազատազրկման դատավճիռը։

«Արդարադատությունն ընտրովի է»,- նշում է նա, քանի որ հետևել է Կարեն Վարդանյանի սպանության գործով դատավարությանը։ Ահարոնյանի դիտարկմամբ՝ արդար պատիժ է, որովհետև Վարդանյանը «շատ դաժանաբար է» սպանվել. «Կարենին սպանողները փորձել էին Կարենի դին թաքցնել: Մեկ այլ մարդասպան էլ (Մելիքսեթյանը) կնոջ դին նետել էր ջրատարը: Այսինքն՝ կին սպանելը, եթե ամուսինն է իր կնոջը սպանում, շատ լուրջ հանցագործություն չի դիտարկվում մեր երկրում (11 տարի՝ 22 և 24 տարվա համեմատ)»:

Ահարոնյանը նկատում է՝ կնասպանության գրեթե բոլոր դեպքերում ամուսինները կամ զուգընկերները տարիներով խոշտանգել, հալածել ու բռնության են ենթարկել զոհերին, մինչդեռ հանցագործի նկատմամբ համաչափ ու արժանի պատիժ դեռևս չի կիրառվել:

«Կնասպանության դեպքերում առավելագույնը 11 տարի ազատազրկում է սահմանվել: Այս շեմը չի անցնում, դրանք չեն դիտարկվում հատուկ դաժանությամբ սպանություն՝ խոշտանգումների տակ, չնայած դատարանում փաստեր են ներկայացվում: Երեխաներն էլ են գալիս ու ցուցմունք տալիս, պատմում, թե ինչ դաժան կյանք է մայրն ունեցել, իրենք ականատես են եղել, թե ինչպես է մայրը տուժել այդ ամենից: Եվ այս ամենը լսելով՝ մարդկանց ծաղրելու նման մի բան է դառնում դատավճիռը՝ 7-8-9 տարի ազատազրկում: Համոզված եմ՝ եթե կարողանան՝ ավելի քիչ կտան»,- ասում է Ահարոնյանը:

 

Ըստ փորձագետի՝ կնասպանության (ֆեմիցիդ) համար մեղմ պատիժ սահմանելիս դատարանն ամեն անգամ տարբեր հիմնավորումներ է բերում, օրինակ՝ հայրը, ի վերջո, երեխաներ ունի, մի ծնողին կորցրեցին, մյուսը շուտ դուրս գա, որ երեխաներին խնամի: «Սա ապացույց է, որ մեր հասարակության մեջ, երբ մեկն իր կնոջը ծեծում է, հասցնում մինչև սպանության, չեն դիտարկում որպես լուրջ, դաժան կամ ծայրահեղ ծանր ոճիր։ Ընտանեկան բռնությունը մարդկանց մտածելակերպի մեջ սովորական մի բան է՝ հայ տղամարդը զայրանում է կնոջ վրա, մի երկու հատ խփում է, պետք լինի՝ սպանում է»,- նշում է Ահարոնյանը, հավելելով, որ մշտապես փորձում են արդարացնել բռնարար ամուսնուն:

«Ներողություն եմ խնդրում, որ Կարենի օրինակն եմ բերում, ուղղակի նրա և Նարինեի դատավճիռները ժամանակի իմաստով համընկան, Կարենինն էլ էր հնչեղ դեպք, բայց ոչ ոք չի ասում՝ դե, երևի, Կարենը մի բան արել է՝ սպանել են: Իսկ երբ կինն է սպանվածը, փաստաբանից մինչև դատավոր այդ հարցադրումն են անում ու մտածում, որ նորմալ է հարց տալը՝ ի՞նչ է արել կինը, որ (ամուսինը) սպանել է»,- նշում է նա՝ այստեղ բռնարարներին արդարացնելու միտում տեսնելով։

2012 թվականին 2 տարեկան դստեր մորը՝ Մարո Գուլոյանին, որը հղի էր, գտել էին խալաթի գոտիով կախված: Իրավապահ մարմինները այդ խալաթը չեն էլ հայտնաբերել: Մինչ այս ողբերգական դեպքը Մարոն հայտարարել էր, որ ուզում է հարաբերությունները վերջնականապես խզել բռնարար ամուսնու հետ՝ պատմել են Մարոյի հարազատները: Ըստ այս գործով փաստաբան Լուսինե Մինասյանի՝ Մարոյի պարանոցին հայտնաբերվել են բռնության հետքեր ու մատնահետքեր, որոնք փաստում են՝ Մարոյին խեղդամահ են արել: Մինչդեռ դատարանը ամուսնուն ազատել է պատժից՝ վճռելով՝ Մարոն ինքնասպան է եղել:

Երկու դուստրերի մայր, 35-ամյա Դիանա Նահապետյանին ամուսինը 2012 թվականին ծեծելով՝ ծաղկամանով մի քանի անգամ հարվածել է գլխին, ապա դանակի 21 հարվածով սպանել: Բռնարար ամուսնուն դատարանը դատապարտել է ընդամենը 3,5 տարի ազատազրկման:

Զարուհի Պետրոսյանը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու և սկեսրոջ կողմից: Երբ 2010 թվականին Զարուհին որոշել էր կյանքը փոխել ու հեռանալ բռնարար ամուսնուց, վերջինս նրան ծեծել է, ինչի հետևանքով երիտասարդ կինը, որ անչափահաս երեխա ուներ, մահացել է: Բռնարար ամուսինը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

2013 թվականին 2 անչափահաս երեխաների մորը՝ Լուսինե Դավթյանին, ամուսինը սպանել է՝ դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով: Այս ամենին ականատես է եղել նրանց դուստրը: Բռնարար ամուսինը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Դանակի 30 հարվածներով կնոջը՝ Հեղինե Դարբազյանին սպանելու համար բռնարար ամուսինը դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման: Մինչև սպանությունը ամուսինը պարբերաբար բռնության է ենթարկել Հեղինեին: Դատարանում բռնարարը փորձել է հիմնավորել, թե խանդի հողի վրա է գնացել նման քայլի, իբր կինը դավաճանել է իրեն, մինչդեռ դատարանում ամուսնական դավաճանության որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել:

«Կանանց աջակցման կենտրոնի» ղեկավար Մարո Մաթոսյանն ասում է՝ անգամ Հայաստանի Քրեական օրենսգրքում կա խտրական վերաբերմունք. «Եթե տուժողը վիրավորում կամ դավաճանում է բռնարարին, նրան կարելի է ավելի մեղմ պատիժ տալ: Սա, միջազգային չափանիշներով, խտրականություն է»:

Նա նկատում է՝ մինչ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերով հանցագործները համարժեք պատիժ չեն ստանում, միջազգային պրակտիկայում ընտանեկան բռնության դեպքերի համար ավելի խիստ պատիժ է սահմանված, քան սովորական մարդասպանության կամ սովորական բռնության դեպքերի համար. «Որովհետև հաշվի են առնում, որ զոհը տևական ժամանակ գտնվում է այնպիսի միջավայրում, որտեղ բռնություն է տիրում, զոհը երբեք պաշտպանված չէ, ու բռնարարը միշտ վերադառնում է ընտանիք, որտեղ բռնությունն ու դաժանությունները տարիներով շարունակվում են: Իսկ սպառնալիքներն ու սպանության փորձերը կատարվում են տարիների ընթացքում»:

Մաթոսյանն ասում է՝ Հայաստանում այդպես չէ, որովհետև մենք ունենք հայրիշխանական հասարակություն, որտեղ տղամարդիկ կնոջից բարձր առավելություններ ունեն, տղամարդիկ կողմնակալություն են ցուցաբերում տղամարդկանց հանդեպ. «Այսինքն՝ երբ տղամարդն է զոհը, սա արդեն մեծ պատիժ է ու ոճիր, իսկ եթե կինն է զոհը, արդեն մեծ խնդիր չէ, պատիժն էլ մեծ չէ: Մենք ունենք նույնիսկ մահվան ելքով ընտանեկան բռնության դեպք, բայց պատիժը քիչ էր, որովհետև հուզական շեշտադրումներ էին դրել, պատճառաբանում էին՝ խանդի հողի վրա է արվել սպանությունը, կամ ասում են՝ աֆեկտի տակ է եղել, բայց խանդը պատճառ չէ մարդուն սպանելու»:

Ըստ Ահարոնյանի՝ հայաստանյան իրականությունում տղամարդիկ կնոջը վերաբերվում են ինչպես ապրանքի, ասենք՝աթոռ կամ սեղան.

«Մտածում են՝ իմն է, ինչ ուզեմ՝ կանեմ։ Մտածում են՝ կինն իրենց է պատկանում»:

Նա շատ դեպքեր գիտի, երբ կինը որոշել է ամուսնալուծվել և վերադառնալ հայրական տուն, բայց նրան մերժել են, որովհետև կնոջ հարազատներն էլ են համարում, որ կինն ամուսնու սեփականությունն է. «Չեմ ասում՝ բոլորն են այսպես, բայց շատ են, ու մեծամասնությունն այսպես է մտածում, նույնիսկ առանց գիտակցելու, որովհետև միշտ այդ են տեսել, իրենց ծնողներն ու պապիկ-տատիկներն այդպես են վարվել: Իրենք չեն մտածում, որ այլ կերպ պետք է լինի»:

2017-ի վերջին Ազգային ժողովն ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը։ Մինչ ընդունումը օրենքն այլ անվանում ու բովանդակություն ուներ՝ կոչվում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»։ Մարո Մաթոսյանն ասում է՝ օրենքում լավ դրույթներ էլ կան, օրինակ՝ մասնագետների վերապատրաստում, ապաստարանների բացում, պաշտպանական դրույթներ. «Բայց օրենքը պետք է երեք դրույթ ունենա՝ կանխարգելել, պաշտպանել և դատապարտել: Դատապարտումը չկա, պատժելիությունը հղվում է Քրեական օրենսգրքին, որում ընտանեկան բռնության առանձնահատկությունները հաշվի չեն առնում ու համարժեք պատիժ չի սահմանվում»:

Նա հիշեցնում է միջազգային փորձագետների կարծիքը՝ այն ընտանիքում, որտեղ կա բռնություն, անհնար է հաշտեցում, որովհետև դա մի վիրավորական խոսք չէ, որ ասել է, անցել է, ու կարող է հաշտվեն.

«Հաշտեցումը լինում է, երբ մարդիկ հավասար են: Բայց բռնարարը միշտ բռնությամբ իշխելու ու վերահսկելու վարքագիծ ունի ու կնոջը երբեք հավասարի պես չի ընդունում, անգամ մեղքը չի ընդունում: Դեպք կա, որ կնոջ գանգը ջարդված է եղել, ամուսինն ասել է՝ դե, ընտանիք է, մի հատ սիլլա եմ տվել: Նման դեպքերում հաշտեցումը տանելու է սպանության»:

Նկարազարդումները՝ «Մեդիալաբի»

Նելլի Բաբայան

MediaLab.am