«Այս օրենքով նաև խտրականություն է մտցվում լրատվամիջոցների միջև՝ բաժանելով նրանց յուրայինների ու օտարների». իրավապաշտպաններ

28-03-2018
4294 դիտում
«Այս օրենքով նաև խտրականություն է մտցվում լրատվամիջոցների միջև՝ բաժանելով նրանց յուրայինների ու օտարների». իրավապաշտպաններ

Երևանի ավագանու նիստերը փակ անցկացնելով՝ իշխանությունները բացահայտ թքած ունեն այն սկզբունքների և արժեքների վրա, որոնք դրված են տեղական ինքնակառավարման, ժողովրդավարության ու ապակենտրոնացված կառավարման հիմքում:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի մասին» նոր օրենքի այս դրույթին:

«Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանն այսպիսով որոշեցին, որ ճիշտ կլինի հիվանդին անջատել կաթիլայինից: Եվ մեր ամենավատ կանխատեսումներն սկսեցին իրականանալ. Կառավարության նիստերը փակելուց հետո որոշեցին, որ Երևանի ավագանու նիստերն էլ պետք է փակեն: Վաղը կարող են որոշել օրենքով դա տարածել նաև Գյումրիի ու Վանաձորի վրա: Դա արդեն տեղական ինքնակառավարման հետ կապ չունեցող բան է, քանի որ տեղական ինքնակառավարումը ենթադրում է հանրային մասնակցության լայն հնարավորություններ»,- «Մեդիալաբին» ասում է Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ օրերս խորհրդարանն ընդունեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը, որում կառավարության անդամները հապճեպ, առանց հանրային քննարկումների ներառել են այն դրույթը, որ Երևանի ավագանու նիստերին լրագրողները չեն կարող մասնակցել, միայն հնարավոր է ուղիղ եթերով հետևել այդ նիստերին:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, որ սա ավելի արդյունավետ աշխատաոճ է, քանի որ լրագրողները չեն խոչընդոտի ավագանու նիստերի ընթացքը: «Մենք իրենց չենք խանգարում, իրենք էլ մեզ չպետք է խանգարեն»,- ասել էր Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ Երևանի ավագանու նիստերը փակ անցկացնելու մասին սկսեցին քննարկումներ գնալ այն բանից հետո, երբ ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը կոյուղաջրերով տարաներ բերեց ավագանու նիստ` փորձելով դրանք մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Դրանից հետո ավագանու նիստում ծեծկռտուք սկսվեց:

Լևոն Բարսեղյանը նշում է, որ Հայաստանը բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել, որոնցով վերահաստատել է, որ կողմ է տեղական ժողովրդավարությանը, թափանցիկ կառավարմանը, հանրային մասնակցությանը: Հիմա, փաստորեն, այս օրենքով դա վերացվեց:

«Սա իսկապես շատ վատ նշան է, քանի որ իշխանությունը ջանալու է բոլոր հնարավոր եղանակներով թափանցիկությունն ու մատչելիությունը սահմանափակել: Դա կարող են անել ամեն օր, արդեն երկար չեն մտածում: Դավիթ Հարությունյանը նախկինում ճամարտակում էր, մի քիչ երկար էր խոսում, օրինակներ էր բերում: Հիմա մարդը կարճ է կապում, ասում է՝ ասացինք ժողովրդավարություն, չասացինք ամենաթողություն: Դրանք իրականում կրտսեր քաղծառայողի ռեպլիկներ են: Մարդը բեզարել է արդեն, էլ զահլա չունի»,- նշեց Բարսեղյանը:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է, որ սրանով իշխանությունները, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանն օրինական տեսք տվեցին այն սահմանափակումներին, որոնք ուզում էին իրականացնել` ինչ-որ կարգ մտցնելով: Մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքը լրագրողների հետ պետք է էապես տարբերվի պետական մարմինների աշխատանքից:

«Պետական մարմինը նախատեսում է հավատարմագրման կարգ, իսկ տեղական ինքնակառավարման մարմինն իր էությամբ պետք է բաց լինի ու բաց աշխատի և՛ իր համայնքի, և՛ լրատվամիջոցների հետ: Կարծում եմ, որ այս օրենքով նաև խտրականություն է մտցվում լրատվամիջոցների միջև՝ բաժանելով նրանց յուրայինների ու օտարների: Փաստորեն այս օրենքի համապատասխան հոդվածով նախատեսվում է, որ լրագրողները կարող են ավագանու նիստերի դահլիճում լինել, եթե նրանց թույլ տա քաղաքապետը կամ նիստը վարողը: Եվ հասկանալի է, որ իրենց քննադատող լրատվամիջոցներին հազիվ թե Երևանի քաղաքապետը հրավիրի դահլիճ»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը:

Իսկ քննադատող ԶԼՄ-ները, նրա խոսքով, ստիպված են լինելու բավարարվել այն տեղով, որն իրենց հատկացնում են: Սա, ըստ մասնագետի, բացահայտ խտրական մոտեցում է, թաքնված գրաքննության դասական օրինակ:

Առհասարակ այն, ինչ այսօր կիրառվում է, ըստ Աշոտ Մելիքյանի, հակասում է ՀՀ Սահմանադրության հոդվածներից երկուսին` արտահայտման ազատության և տեղեկատվության ազատության իրավունքներին:

«Բացի այդ, այս ամբողջ գործընթացը գաղտնի տեղի ունեցավ: Ստացվեց, որ իշխանություններն իրենց մեջ պայմանավորվելով՝ օրենքը հարմարեցրել են իրենց նպատակներին՝ անհիմն սահմանափակումներ կիրառելով: Ազգային ժողով առաջին ընթերցմամբ այլ օրինագիծ էր ներկայացվել, բայց երկրորդ ընթերցման ժամանակ այն այնպիսի լրամշակումների ենթարկվեց, որ անպայման պետք է հանրային քննարկման թեմա դառնար»,- եզրափակեց Աշոտ Մելիքյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am