«Մեր հասարակության մեջ չկա հարգանք տարբերության հանդեպ, ուրիշ մարդու, այդ մարդու ընտրության հանդեպ». Միքայել Զոլյան

28-03-2018
4017 դիտում
«Մեր հասարակության մեջ չկա հարգանք տարբերության հանդեպ, ուրիշ մարդու, այդ մարդու ընտրության հանդեպ». Միքայել Զոլյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Միքայել Զոլյանը:

- Պարո՛ն Զոլյան, ինչպե՞ս կգնահատեք այն, ինչ արել են Արցախի ոստիկանները Ասյա Խաչատրյանի նկատմամբ։ Արցախի ոստիկանությունում նրան ապտակել են, հայհոյել, սպառնացել և ասել, որ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենքը թող գնա և Հայաստանում պահանջի։

- Ասյա Խաչատրյանի հետ կատարվածը, մեղմ ասած, մտահոգիչ է: Ոմանց տեղի ունեցածը կարող է փոքր միջադեպ թվալ, բայց այն ունի բազմաթիվ շերտեր և վերհանում է մեր հասարակության մեջ առկա բազմաթիվ խնդիրներ: Այժմ բանավեճերը սոցիալական ցանցերում հիմնականում գնացին հայաստանցի-արցախցի բաժանման գծով, բայց, կարծում եմ` խնդիրն ավելի խորքային է: Այս պատմության մեջ կա անհանդուրժողականություն, կա խտրականություն կանանց հանդեպ, կա նաև ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմ և արհամարհանք քաղաքացու նկատմամբ:

Մի բան է, երբ, ասենք, տեղացի տատիկ-պապիկներն են շոկի մեջ ընկնում կապույտ մազերով աղջիկ տեսնելիս, այլ բան, երբ ոստիկանությունն իրեն իրավունք է վերապահում չափահաս քաղաքացուն խրատել, թե ի՛նչ տեսք պետք է ունենա, ո՛ր ժամերին դրսում լինի, ծխի, թե չծխի և այլն: Սա արդեն «Իսլամական պետությանը» կամ «Թալիբանին» բնորոշ վարքագիծ է, և դրա դեմ պետք է պայքարել ամեն գնով: Սա Հայաստան է, այլ ոչ թե Պակիստան: Պետք է ամեն ինչ անել, որ մեղավորները պատժվեն, և դա դաս դառնա իշխանությունների համար թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի մարզերում, և նման դեպքերի կրկնությունը բացառվի:

Բայց նաև ասեմ, որ ես չեմ գտնում, որ այս խնդիրը զուտ Արցախի խնդիրն է: Այն երևույթները, որոնք դարձան այս միջադեպի պատճառ, միայն Արցախին չեն բնորոշ, դրանք բնորոշ են ամբողջ Հայաստանին, պարզապես Արցախում ինչ-ինչ պատճառներով ավելի խտացված են հանդես գալիս: Թերևս այնտեղ ռազմաճակատին մոտ լինելու պատճառով ուժայիններն իրենց թույլ են տալիս որոշ գործողություններ, որոնք գուցե Հայաստանի մարզերում թույլ չտային, և հասարակությունն էլ հենց այդ պատերազմական վիճակի պատճառով ավելի հակված է արդարացնելու ուժայիններին: Բացի այդ, Արցախի՝ չճանաչված պետություն լինելու պատճառով այնտեղ ավելի թույլ են մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Սակայն ինքը՝ խնդիրը, կա ամեն տեղ, և նման բան, գուցե մի փոքր այլ տարբերակով, կարելի է պատկերացնել Հայաստանում ամեն տեղ, թեկուզև` Երևանում:

- Սա արդյոք չի՞ խոսում այն մասին, որ մենք անհանդուրժող ենք տարբերվողի նկատմամբ:

- Այդ բառը շատ է ծեծված, մասնավորապես, իշխանավորներն այնքան են օգտագործել, որ արդեն այդ բառը բացասական երանգ է ստանում: Բայց իրականում այդ խնդիրը կա: Մեր հասարակության մեջ չկա հարգանք տարբերության հանդեպ, հարգանք ուրիշ մարդու, այդ մարդու ընտրության հանդեպ: Ընդ որում, դրանից զերծ չէ նաև մտավորականությունը: Յուրաքանչյուրն ունի ճիշտ պահվածքի մասին որոշակի պատկերացում և ցանկացած այլ պահվածք դատապարտում է: Տարբերությունը լավագույն դեպքում ընկալվում է որպես խնդիր, վտանգ, և, ի վերջո, կարող է հիմք դառնալ ատելության կամ բռնության համար:

Չկա հարգանք ուրիշի ընտրության հանդեպ։ Եվ դա նույնիսկ «պռադվինուտի» մարդկանց շրջանում ա էդպես. եթե ես ապրում եմ սենց, ուրեմն բոլորն էլ պիտի սենց ապրեն։ Եթե ես ծխող եմ, ուրեմն բոլորն էլ պետք ա իմ ծուխը շնչեն, դուրները չի գալիս` թող իրանք էլ ծխեն, ու վաբշե, ով չի ծխում` չմո ա։ Եվ հակառակը, եթե ես ծխող չեմ, ոչ ոք չպիտի ծխի, նույնիսկ իրա տանը ով ծխում ա՝ «անհաջողակ ա»։

- Ֆեյսբուքյան քննարկումները բուն խնդրից տեղափոխվեցին հայաստանցի-ղարաբաղցի տիրույթ: Սա ցույց չի՞ տալիս, որ այդ անհանդուրժողականությունը փոխադարձ է:

- Երբ ես խոսում եմ անհանդուրժողականության մասին, բնականաբար, խոսում եմ ամբողջ հայաստանյան հասարակության մասին, և որևէ տարբերություն չեմ դնում ղարաբաղցու և հայաստանցու միջև: Հայության տարբեր հատվածների միջև առկա անհանդուրժողականությունը և բացասական կարծրատիպերն ընդհանրապես մի առանձին մեծ թեմա է: Գնացե՛ք, օրինակ` Լոս Անջելես և հարցրեք, թե ի՛նչ կարծիքի են իրար մասին այսպես կոչված «հայաստանցիները», «բեյրութցիները», «պարսկահայերը», և այնպիսի բաներ կլսեք, որ դրա համեմատ հայաստանցի-ղարաբաղցի հակասությունները ձեզ անէական կթվան:

Պարզապես Արցախի դեպքում այս ամենին միանում է քաղաքական գործոնը, մասնավորապես, երկրամասի իրավական կարգավիճակի չհստակեցված լինելը, ինչպես նաև Հայաստանի իշխանավորների արցախյան ծագումը, և այդ ամենն ավելի է բարդացնում իրավիճակը: Բացի այդ, այս խնդրի մասին չի խոսվում, փորձ է արվում այս թեմայի գոյությունը լռության մատնել, իսկ դա միշտ բերում է նրան, որ կարծրատիպերը և բացասական վերաբերմունքը երկու կողմում էլ խորանում են: Իհարկե, վճռական պահերին, ինչպես, օրինակ` 2016-ի ապրիլին էր, այս ամենը մի կողմ է դրվում, բայց, ինչպես տեսանք այժմ, եթե առիթ է առաջանում, կարող է վերադառնալ:

- Որքանո՞վ է Արցախի իշխանությունների արձագանքն ադեկվատ տեղի ունեցածին: Արդյոք ուշացած չէ՞ր այդ արձագանքը:

- Այն արձագանքները, որոնք ես լսել եմ, կարծես բավական ադեկվատ են եղել: Այլ հարց է, թե որքանո՛վ անաչառ կլինի հետաքննությունը, և կպատժվե՞ն արդյոք մեղավորները: Ես, իհարկե, մեծ հույսեր չունեմ, որ մեղավորները կպատժվեն, բայց, համենայն դեպս, երևի ավելի զգույշ կլինեն հաջորդ անգամ՝ թե՛ շարքային ոստիկանները, թե՛ ղեկավարները: Բայց այստեղ կա խնդրի երկու կողմ: Մեկն այն է, որ ոստիկանությունն իրեն չպետք է բարձր համարի շարքային քաղաքացուց և չպետք է փորձի բարոյականության դասեր տալ քաղաքացուն:

Սա համեմատաբար հեշտ լուծելի հարց է: Բայց ոստիկանները լուսնից չեն ընկնում, նրանք մեր հասարակության մի մասն են, և քանի դեռ մեր հասարակության մեջ կան կարծրատիպեր, անհանդուրժողականություն և խտրականություն, նման պատմություններ կարող են պատահել մեր երկրում, ցավոք: Բայց լավ նորությունն այն է, որ ամեն նման պատմություն մի որոշակի, թեկուզև փոքր փոփոխություն է առաջացնում հասարակության մեջ:

Մանե Հարությունյան

MediaLab.am