«Մենք ուզում ենք ապրել արդար, ազատ ու անկախ Հայաստանում․ Ծեծը, հետապնդումներն ու անազատությունը չեն հաղթել Եղնուկյանների ընտանիքին

28-03-2018
19424 դիտում
«Մենք ուզում ենք ապրել արդար, ազատ ու անկախ Հայաստանում․ Ծեծը, հետապնդումներն ու անազատությունը չեն հաղթել Եղնուկյանների ընտանիքին

2009 թվականի հունիսյան մի տաք օր Եղնուկյանների բազմանդամ ընտանիքը մեծ հույսերով ու ոգևորությամբ ճանապարհ ընկավ դեպի Հայաստան, չպատկերացնելով՝ ի՛նչ մարտահրավերների ու անարդարությունների են բախվելու հայրենիքում։ Կարո Եղնուկյանն իր կնոջ՝ Ռուզաննայի և հինգ երեխաների՝ Էլմոնի, Հռիփսիմեի, Հակոբի, Գինեվարդի և Ազատուհու հետ, հազարավոր կիլոմետրեր հաղթահարելով, Նյու Յորքից հասավ Երևան:

Եղնուկյանների բազմանդամ ընտանիքը Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու մասին մտածել է տարիներ շարունակ: Կարո Եղնուկյանի ծնողները բուլղարահայ են, Բուլղարիայից տեղափոխվել էին Խորհրդային Հայաստան, իսկ 1971-ին ԽՍՀՄ-ից՝ ԱՄՆ: Ռուզաննա Եղնուկյանը ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում բնակվել է 1991 թվականից: Հայաստան տեղափոխվելու որոշումն ավելի վաղ էր ընդունվել։

«1990 թվականին, երբ սկեսրայրս ու ամուսինս որպես զբոսաշրջիկ եկել էին Հայաստան, օդանավով վերադառնալիս ամուսնուս հայրը կաթված էր ստացել, բայց նախքան օդանավ նստելը որոշել էին, որ պետք է մշտական բնակության տեղափոխվեին Հայաստան: Այդ կաթվածի հետևանքով 18 տարով հետաձգվեց այդ որոշման կատարումը: Երբ արդեն հայրիկը չկար, մենք որոշեցիքն գալ Հայաստան»,- պատմում է Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը:

Նրանք գիտեին՝ Հայաստանում իրենց հեշտ կյանք չի սպասում։ «Բայց դա մեր որոշման համար խոչընդոտ չհանդիսացավ, քանի որ մեր ցանկությունն էր ապրել հայրենի հողում ու երեխաներին մեծացնել Հայաստանում,- ասում է Ռուզաննան։ - Մենք Հայաստան եկանք, գիտակցելով, որ սա մեր հայրենիքն է, մեր արմատներն այստեղ են: Մենք մտահոգվում էինք, որ մեր երեխաներն օտար հողում չմեծանային, կապվեին մեր հողին ու մշակույթին: Ես Հայաստան գալիս մտածում էի՝ եթե ոչ մենք, գոնե մեր ապագա սերունդը պետք է ապրի ազատ ու անկախ, օրենքի երկիր Հայաստանում»:

Ամեն ինչ սկսվեց Մաշտոցի պուրակից

2012 թվականի ձմռանը, երբ Երևանի քաղաքապետարանը որոշել էր մայրաքաղաքի սրտում գտնվող Մաշտոցի այգում «բուտիկներ» տեղադրել, հանրային մեծ ընդվզում էր սկսվել, որին միացել էր նաև Եղնուկյանների ընտանիքը։

«Որոշեցի, որ որպես իմ երկրի ձայն ունեցող քաղաքացի՝ պետք է գնամ այդ ակցիային: Ու գնացի: Մաշտոցի պուրակի այլասերումն էինք փորձում կանխել, փոքր աղջկաս տարա հետս»,- պատմում է Ռուզաննան:

Նրա ավագ դուստրը՝ Էլմոնը, առաջին անգամ պայքարի մեջ ներգրավվել էր, երբ առաջին կուրսում էր սովորում: Նա ակտիվ պահվածք էր դրսևորել ուսանողական դասադուլի ժամանակ:

«Դարպասների վրայի աղջիկներից մեկն էի: Ինձ ասում էին՝ հայրիկդ քաղաքականության մեջ ակտիվ է, դրա համար դու էլ ես ակտիվ, բայց ես ուղղակի քաղաքացի էի համարում ինձ: Հայրիկն ինձ ուղղակի տեղյակ էր պահել, որ ուսանողների կողմից նման ակցիա կա, որոշումն ինձ թողեց: Ես որոշեցի մասնակցել, իսկ քույրս, ով ինձանից 1,5 տարով է փոքր, չմիացավ դասադուլին»,- պատմում է Էլմոնը:

Էլմոնի պայքարը շարունակական էր՝ Թռչկանի ջրվեժ, Փակ շուկա, «Սասնա ծռերի» պաշտպանության ակցիաներ․ «Պայքարում ես, որ առաջին հերթին կանխես անարդարությունը, իշխանությունների կամայականությունների դեմն առնես: Ես այդ զգացումով եմ գնացել բոլոր ակցիաներին: Բայց, իհարկե, բախվում էինք պատնեշների՝ սկսած ոստիկանական պատնեշներից, մինչև բյուրոկրատական քաշքշուկներ տարբեր կառույցների կողմից: Բայց մենք մտածում ենք, որ հույսը չի մարում, և հենց այդ պատճառով ենք միշտ մնացել պայքարի դաշտում»։

Հետապնդումներն ու խտրական վերաբերմունքը չեն «կոտրում» Եղնուկյաններին

Ռուզաննայի խոսքով՝ Հայաստան գալու սկզբնական շրջանում շատ դժվար էր, մանավանդ երեխաների համար, քանի որ դպրոցում արևմտահայերեն էին սովորել, այստեղ խնդիրներ եղան: Էլմոն Եղնուկյանը լրացնում է, որ միայն լեզվի խնդիրը չէր, որ պետք էր հաղթահարել հայրենիքում:

«Առաջին խնդիրը, որին այստեղ բախվեցի, կրթության ոլորտում կիրառվող մոտեցումներ են, որոնք էապես տարբերվում են ԱՄՆ կրթական համակարգից: Առաջին անգամ հանդիպեցինք դաս պատմելու երևույթին, շատ էինք զարմացել: Այստեղ շատ խիստ է դրվում տարբերակումը, ուսուցիչը քեզանից մի քանի մակարդակ բարձր է, իսկ այնտեղ ուսուցիչները մեզ հավասարը հավասարին կարգավիճակով էին դիտարկում, դասերն անցնում էին քննարկումներով»,- ասում է նա: Ինտեգրման առումով էլ մեծ խնդիրներ է ունեցել Էլմոնը, քանի որ ձևավորված տարիքում՝ 15 տարեկանում է եկել Հայաստան:

Մասնագիտությամբ հոգեբան Էլմոնը նկատում է, որ Հայաստանի երիտասարդների մի մասը անտարբեր է երկրի ճակատագրի նկատմամբ․ «Կոնկրետ պատճառ չեմ կարող ասել, մի շարք պատճառներ կան: Կարող է՝ դա բխում է նաև նրանից, որ երիտասարդները տեսնում են, որ իրենց ծնողները պայքարող տեսակ չեն եղել: Հիմնականում երիտասարդներն իրենց աշխատանքային կարիերան կերտելու հետևից են ընկել, իսկ այստեղ ուժեղ է այն կարծրացած մտածելակերպը, որ եթե ուզում ես կարիերայի աճ ունենալ, պետք է եթե ոչ Հանրապետական կուսակցությունից լինես, ապա գոնե որևէ պետական կառույցում աշխատես»:

«Մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ իմ սերնդի ներկայացուցիչները բան չեն տեսել, Մարտի 1 են տեսել, 2013 թվականի բողոքի ակցիաներ, «Սասնա ծռերի» դեպքը: Տեսել են, որ պայքար եղել է, արդյունք չի եղել, հետևաբար, հիասթափության գործոնն էլ կարող է պատճառ դառնալ նրանց անտարբերության համար»,- ասում է Էլմոնը:

Եղնուկյանների ընտանիքը անցած տարիներին մասնակցել է երկրում անցկացված բողոքի ու ընդվզման գրեթե բոլոր ակցիաներին: 2015 թվականին, երբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները փորձել էին ավտոերթով մտնել Արցախ, Բերձորում ծեծի էին ենթարկվել: Նրանց շարքերում էր նրանց ընտանիքների անդամների մի մասը, այդ թվում՝ տիկին Ռուզաննան ու իր երեխաներից երեքը:

«Բերձորում մեզ համար շոկային իրավիճակ ստեղծվեց, երբեք չէինք սպասում, որ այդպիսի վերաբերմունքի կարժանանանք: Դեռ մեր մասին չեմ ասում, այդ օրը մեր ազգային հերոսները դաժան վերաբերմունքի արժանացան, թիկունքից ստոր ու դավաճանական հարվածներ ստացան: Մեր ապրումներն անբացատրելի էին, ասում էինք՝ մեքենայի մեջ երեխա կա, ինչո՞ւ եք այսպես վարվում, բայց մեզ չէին լսում, ընկալելու ունակություն չունեին: Այդ մարդկանց ուղեղները լվացված էին, նրանց հանել ու բերել էին այդտեղ, որ թիրախավորված հարձակում գործեին մեզ վրա: Եվ սարսափում ես, որ քո կողքին կարող են նման մարդիկ ապրել»,- պատմում է Ռուզաննա Եղնուկյանը:

2016 թվականին Երևանում ի պաշտպանություն քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները ծեծել էին Ռուզաննային, նա հիվանդանոցային բուժում էր ստացել։ Սակայն այս ամենից հետո էլ չի մտածել Հայաստանից հեռանալու մասին: Սպասում էր, որ ոստիկանները բռնություն կգործադրեն, բայց միաժամանակ չէր ուզում հավատալ, որ դա կատարվել է իր հետ Հայաստանում:

2017 թվականի սեպտեմբերին Հանրապետության հրապարակից բերման էին ենթարկվել Կարող Եղնուկյանի կինն ու երեխաները, ովքեր փորձել էին Հայաստան-սփյուռք համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած սփյուռքահայերի ուշադրությունը հրավիրել անազատության մեջ գտնվող Կարո Եղնուկյանի գործի վրա: Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխաներին ոստիկանություն բերման ենթարկելու դեպքով տեղեկություն էր եղել, թե ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որի հիման վրա էլ իր գործողություններն իրականացրել էր: «Մեդիալաբը» փորձել էր պարզել, թե ի՛նչ ահազանգի մասին է խոսքը, սակայն ոստիկանությունից որևէ պաշտոնական բացատրություն չի ստացել։

Եղնուկյանների ընտանիքը ոստիկանության հետ բազմաթիվ խնդիրներ է ունեցել, բռնության է ենթարկվել, բայց դրանք, ըստ Ռուզաննա Եղնուկյանի, իրենց համար սովորական են դարձել․ «Մի փուլ եկավ, որ երեխաներին էին հետապնդում, մեր ավտոտնակի առաջ կայանած վիճակում ավտոմեքենան ջարդեցին»:

Կարո Եղնուկյանի գործը փակուղում է

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ներկայումս կալանքի տակ է և մեղադրվում է ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորմանը սատարելու՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելուն աջակցելու, պատանդներ պահելու մեջ:

2017-ի հոկտեմբերից նրա ինքնազգացողությունը վատթարանում է, ճնշումը կտրուկ բարձրանում է՝ ստեղծելով սրտի կաթվածի ռիսկ: Առողջական

խնդիրը հոգեբանական է, կապված դատական նիստերի հետ, քանի որ նրա ինքնազգացողությունը վատանում էր հիմնականում դատարանում: Վերջին ամիսներին, հաշվի առնելով առողջական վիճակը, Եղնուկյանը դատարանի դահլիճ չի բերվում:

Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ավելի վաղ բարձրաձայնել էր այն ապօրինությունների մասին, որոնք թույլ են տրվել այս գործի շրջանակներում: Կարոն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ասում է, որ ինքը «Սասնա ծռեր» խմբավորման անդամ չէ: Նրա գործը քննվում է «Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների գործի հետ: Եղնուկյանը տևական ժամանակ է՝ պահանջում է իր գործը տարանջատել, իրեն գրավով ազատ արձակել:

«Մեղադրանքը շինծու է, պատկերացրեք՝ Կարո Եղնուկյանին մեղադրում են նաև նրանում, որ ՊՊԾ գնդում ոստիկան պատանդ է պահել: ՊՊԾ գնդի գրավման առաջին հինգ օրը ոստիկան պատանդներն ազատ արձակվեցին, նրան մեղադրում են այդ ոստիկաններին պատանդ պահելու մեջ: Ընդ որում, այդ օրերին ամեն օր մոտ երեք պատանդ են բաց թողել «Սասնա ծռերի» անդամները»,- «Մեդիալաբին» ասում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ սա որակելով աբսուրդ:

ՊՊԾ գնդի գրավման օրերին Եղնուկյանն ընդամենը հեռախոսով զրուցել է ՊՊԾ գնդի տարածքում գտնված Վարուժան Ավետիսյանի հետ: Եվ, ըստ փաստաբանի, ո՛չ քննիչները, ո՛չ դատախազը որևէ փաստ չեն ներկայացնում, թե ինչո՛ւ պետք է Կարո Եղնուկյանը մնա կալանքի տակ: Դատարանը մերժել էր անգամ 1 մլն դոլար գրավի դիմաց նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Ռուզաննա Եղնուկյանն ասում է, որ իրենց համար սպասելի էր, որ մի օր Կարո Եղնուկյանին կտանեն, որպեսզի լռեցնեն: Նա նկատել է, որ Հայաստանում, ով յուրային չէ և ընդվզող է, իշխանությունները «գործ են սարքում» ու տանում այնտեղ, որտեղ իրականում հենց իշխանությունները պետք է լինեն:

Կարո Եղնուկյանը բերման էր ենթարկվել սեփական տանից, 2016 թվականի հուլիսի 20-ին՝ այն օրերին, երբ «Սասնա ծռերը» գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը:
Էլմոն Եղնուկյանը հիշում է՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը․ «Եկան ու խուզարկեցին տունը, մեքենաները, ավտոտնակները: Հայրիկն արդեն այդ պահին եղբորս ասաց, որ շատ հավանական է՝ ինձ ձերբակալեն: Եվ այդպես էլ եղավ, նրան ձերբակալեցին, երեք օր պահեցին, հետո արդեն մեղադրանքն առաջադրեցին»:

Եղնուկյանի ընտանիքի անդամները կարծում են, որ այսօր երկրում գործող դատական համակարգի պայմաններում դժվար է արդարադատություն ակնկալել:

«Ընդհանրապես այս դատավարությունը խեղկատակություն է սկզբից մինչև վերջ: Պարզ է, որ անձնական հաշվեհարդարի ճանապարհով են գնում իշխանությունները: Իրենք փորձելու են ամենախիստ ձևով պատժել բոլորին, ում կարող են, որպեսզի պայքարի դաշտից հանեն»,- ասում է Կարոյի կինը՝ Ռուզաննան:

Արդյոք Հայաստանում իշխանությունը վրե՞ժ է լուծում պայքարող մարդկանցից

Էլմոն Եղնուկյանն ասում է, որ իր հայրիկին անազատության մեջ պահելով՝ իշխանությունները փորձում են ուղերձ հղել և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում պայքարող հայերին, որ չեն հանդուրժելու պայքարող մարդկանց ու լռեցնելու են:

«Հայրիկը մի շենք ունի, ուզում էր փոքրիկ հյուրանոց կառուցել, բայց քաղաքական հետապնդումների պատճառով նրան թույլ չտվեցին, որ շինարարություն իրականացներ: Հետևաբար, հայրիկն այդ տարածքը տրամադրել էր «Հիմնադիր խորհրդարանին» ու այլ կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների: Եվ երբ ինչ-որ շարժման անդամներին տեղ ես հատկացնում, որպեսզի նրանք հավաքվեն, կարողանան քննարկումներ իրականացնել, այդ շարժումն ավելի հիմնավոր է դառնում: Այդ շենքը հնարավորություն տվեց, որ իրենք իրենց գործունեությունը ծավալեն, հետևաբար իշխանությունները դա չներեցին»,- նշում է նա։

Էլմոնի խոսքով՝ Կարո Եղնուկյանին կալանավորելու մյուս պատճառն այն էր, որ նա «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի հիմնադիրներից է, որի նպատակը քաղբանտարկյալների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելն է․ «Հայրիկն իր գործունեությամբ ապացուցել է, որ օտարերկրյա լրտես չէ, ինչպես իրենք էին փորձում այդ պիտակը կպցնել նրան, այլ իրոք հայրենասեր մարդ է: Նա չէր խնայում իր ժամանակը, ֆինանսն ու տարածքը, որպեսզի Հայաստանի հասարակությունը կարողանար հասնել իր գլխավոր նպատակին՝ ազատվել այս իշխանություններից»:

Ռուզաննա Եղնուկյանի խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ երկրի ու հասարակության համար, բայց վերջին տարիներին այն գլխատվեց․ «Հույս միշտ կա, որ հնարավոր է փոփոխություն կատարել երկրում: Եթե հույսն էլ չլինի, իմաստ չունի ապրել ու պայքարել: Պարզապես մեծ խնդիր է այն, որ հասարակությունը պետք է գիտակցված պայքար մղի: Վախի մթնոլորտը, իհարկե, այս ամենում դեր է խաղում, բացի այդ մարդիկ հիասթափված են, անպատժելիության մթնոլորտ կա: Ցավոք սրտի, այնպիսի պայմաններ են ստեղծում մարդկանց համար, որ որոշ դեպքերում էլ նույնիսկ իրավունք չունես մեղադրելու, մարդն ուղղակի չի կարող գոյատևել ու, սիրտը կոտրված, հեռանում է Հայաստանից»:

Էլմոնը համոզված է՝ այսօր մի շարք գործիչներ, այդ թվում՝ իր հայրը, անազատության մեջ են, քանի որ իրական ընդդիմություն են, անկեղծ են, ժողովուրդն այդ անկեղծությունը տեսնում է․ «Նրանց լռեցնում են, որպեսզի գլխատեն շարժումները, որպեսզի շարժումներ չձևավորվեն երկրում: Այսինքն՝ իշխանությունը կանխարգելում է հետագա զարգացումները: Երբ տեսնում են, որ այդ գործիչները ժողովրդի կողմից սիրված ու հարգված են, ժողովուրդն իրենց վստահում է, նման քայլերի են դիմում: Ցանկացած մարդ, ով կառչած է իշխանության աթոռին, իրենցից ուրիշ քայլ սպասել հնարավոր չէ»:

Ռուզաննա Եղնուկյանն ասում է, որ դժվարանում է պատկերացնել մի պատճառ, որն իրենց կստիպի հեռանալ Հայաստանից․ «Մենք ուզում ենք ապրել արդար, ազատ ու անկախ Հայաստանում, որտեղ ոչ ոք իրավունք չի ունենա ՀՀ քաղաքացուն բռնությամբ ու ստիպողաբար պարտադրել իր հայացքները: Օրենքի երկիր պետք է լինի Հայաստանը, բայց ոչ այնպիսի օրենք, որ բոլորը շրջանցեն, կտրեն ու կարեն իրենց հագով, ինչպես Սահմանադրությունը: Այսօր Սահմանադրություն փոխեցին, իրենց հագով կարեցին միայն այն բանի համար, որ երկարաձգեն իրենց պաշտոնավարումը»:

Եվ չնայած քաղաքական հալածանքներին՝ քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանն ու իր ընտանիքը չեն պատրաստվում հեռանալ Հայաստանից:

«Մենք եկել ենք այստեղ ոչ թե ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու համար, այլ որպեսզի մեր հայրենիքում լինենք: Մենք գիտեինք, որ այստեղ հեշտ չէ, բայց միաժամանակ մեր գալը զոհողություն էլ չէ, մեր ցանկությունն է: Ամուսինս միշտ ասում էր՝ ես իմ հողի վրա ինձ լավ եմ զգում, հաստատ եմ քայլում»,- ասում է Կարոյի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am