«Եթե չկարողանանք այս իշխանություններին հեռացնել, ապա ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ պատերազմը կտևի 4 օր». Արմեն Մովսիսյան

04-04-2018
3527 դիտում
«Եթե չկարողանանք այս իշխանություններին հեռացնել, ապա ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ պատերազմը կտևի 4 օր». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը:

- Պարո՛ն Մովսիսյան, լրացավ 2016-ի քառօրյա պատերազմի 2 տարին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է փոխվել այս երկու տարվա ընթացքում, որքանո՞վ դասեր քաղեց իշխանությունը այդ պատերազմից։

- Սկսենք այնտեղից, որ դա պատերազմ չէր, ընդամենը 4-օրյա ճակատամարտ էր՝ պատերազմի ընդհանուր նկարագրի մեջ։ Պատերազմը դրանից առաջ էլ էր գնում ու հիմա էլ չի վերջացել։ Այսինքն՝ էլի մեր գլխի տակ փափուկ բարձ դնելու մոտեցումն է աշխատում, երբ ասում ենք քառօրյա պատերազմ։ Պատերազմը հիմա էլ շարունակվում է։ Դա էլ պետք է մեր իշխանաց խավի PR մասնագետներն ասեն, թե ինչո՛ւ այդպես որոշվեց, որ պատերազմի հերթական ճակատամարտը վերանվանվեց պատերազմ, ու մենք դա մարսեցինք։ Հիմա, ասում են, պահածոյի տուփերը վերացել են սահմանին, հիմա ավելի զինված է մեր բանակը։ Այդ դեպքում հարց է առաջանում. ի՞նչն էր խանգարում դա անել մինչև 2016 թվականի ապրիլը։

Այդ հարցը մնաց օդում կախված, ու պատասխանները չստացանք։ Կարծում եմ՝ հանրությունն էլ է անցնում դրա կողքով, իրեն ուրիշ կուտեր են տալիս ուտելու, ու ոչ ոք պատասխան չի էլ պահանջում։ Շատ քչերն են, որ հարցնում են՝ իսկ ի՞նչն էր պատճառը, որ դրանից առաջ այդ ամենը չկար, ի՞նչն էր պատճառը, որ նախագահի ասած՝ բանակն ապահովված կլինի ամեն ինչով, ու հանկարծ կպարզվի, որ տղերքը 1980-ականների զենքով են կռվում։

Կամ ի՞նչն էր պատճառը, որ տանկն առանց վառելիքի է և չի կարողանում դուրս գալ մարտական դիրքեր։ Ի՞նչն է պատճառը, որ փամփուշտները կես ժամից վերջանում են, ի՞նչն է պատճառը, որ չեն կարողացել մոբիլիզացնել օգնական մյուս ուժերը։

Այդ հարցերի պատասխանները չպահանջեցին ու չտրվեցին։ Եթե այդ հարցերի պատասխանները բաց են մնացել, նշանակում է՝ ինչ-որ բան ինչ-որ տեղ ուզում են թաքցնել։ Դա արդեն վատ նշան է։

- Բացի այդ, այդ բացթողումների համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց. ուղղակի պաշտոնյաների ուղարկեցին թոշակի, այդ թվում՝ նախարարը փոխվեց, այն էլ՝ ամիսներ անց։ Սա խոսում է ամենաթողությա՞ն մասին։

- Այո՛, միայն փոփոխություն ու պաշտոնազրկում եղան։ Բայց իրականում մարտը կարող էր այլ ընթացք ունենալ, և չտայինք 100 երիտասարդ զոհ, երբ մարդը կարող է երկրում դատվել 10,6 տարով ոչինչ չանելու համար՝ լինելով մարտական հրամանատար, ու 100 երիտասարդ զոհված ունենք, որն իրապես մեղավորներ ունի, ու ոչ ոք պատասխան չտվեց։ Այս հարցերը մնում են։ Շատ տխուր վիճակ է։ Ըստ էության, վիճակը չի փոխվել։ Տեխնիկական մի քիչ բարելավումը ոչինչ չի նշանակում։ Վերջին հաշվով պետք է մի բան լավ գիտակցենք. հնարավոր չէ երկրում ունենալ շատ ուժեղ բանակ, երբ երկիրը թույլ է, աղքատ։

Անգամ ուժեղ երկրների համար ուժեղ բանակ պահելը մեծ ծանրություն է։ Հայաստանի պես երկրում, որտեղ ամեն քայլափոխի առուփախ է կատարվում, առավելևս, ունենալ ամեն ինչով հագեցած բանակ, իհարկե, հնարավոր չէ։ Սա շղթայի ընդամենը մի օղակ է, որը կապված է տնտեսական վիճակի, սոցիալական վիճակի և այլնի հետ։ Այո՛, ջահելները բարոյապես իսկապես կարողացան, ի փառս էդ տղերքի, այս անգամ իրենց կյանքի գնով պահել սահմանը։ Բայց ո՞վ երաշխիք կտա, որ դա վերջինն էր, ո՞վ երաշխիք կտա, որ Ադրբեջանի 5 մլրդ դոլարի զենքը չի կրակելու։ Ո՞վ է պատրաստվելու դրան։ Իսկ էս իշխանություններին նման բաները շատ քիչ են հետաքրքրում։

Քնաբերի պես ինչ-որ բաներ են տալիս ժողովրդին, ժողովուրդը քնում է, հանգստանում։ Ինչ-որ մանր խոսակցությունների մեջ են սկսում խորանալ՝ մազերի գույնի, հագուստի, ու կարևորն էլի մեր կողքով անցնում է։ Անցնում է, որ այս ռեժիմը հանցագործ ու հակապետական է, որ այս ռեժիմը չի աշխատում հօգուտ հայկական պետականության, որ այս ռեժիմը մեզ ձախողման է տանում։

Քանի դեռ այս հարցերն իրենց պատասխանները չեն ստացել, բանակը այդ շղթայի մի օղակն է մնում։ Բանակը մեր անվտանգության երաշխիքն է, բայց այն միայն օղակներից մեկն է։ Եթե մենք չկարողանանք այս իշխանություններին հեռացնել իրենց ամբողջ ապազգային քաղաքականությամբ, ոչ ոք երաշխիք չունի, որ հաջորդ պատերազմը կտևի 4 օր։ Իսկ որ դա լինելու է, թող ոչ ոք չկասկածի։ Ու այդ ժամանակ հանկարծ կպարզվի, որ մենք շատ ու շատ խնդիրների առջև կկանգնենք, որովհետև քնած ենք վերաբերվել իշխանավորների հակազգային, հակապետական կառավարմանն ու ամբողջ ներկապնակին։

- Վերջին շրջանում ռուս պաշտոնյաներ են այցելում Հայաստան, հայտարարում, թե Ռուսաստանը 2016-ի ապրիլից հետո վերանայել է իր մոտեցումը Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում և այլևս նման ծավալներով զենք չի տա։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանն իսկապե՞ս ուզում է վերանայել իր քաղաքականությունը, թե՞ սրանք պարզապես հանգստացնող խոսքեր են Հայաստանի իշխանությունների համար։

- Անկեղծ ասած, Ռուսաստանից շատ մեծ ակնկալիք չունեմ, հատկապես վերջին ընտրությունները հուշում են, որ այդ երկիրը գնում է դեպի խորհրդային կարգերի ամենավատ ժամանակաշրջանը։ Այսինքն` իրենց մոտ այդ վելիկոռուսական, վելիկոդերժավայի գաղափարախոսությունը մնում է առաջին դիրքերում։ Պետք է դա էլ ընդունենք, որ նրանք իրենց շահերով են առաջնորդվում։ Հիմա ճի՞շտ է, թե՞ սխալ՝ դա այլ քննարկելիք հարց է։ Մենք պետք է ընդունենք, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, նա իր շահերով է առաջնորդվում։

Եթե իր տնտեսության համար պետք է 5 մլրդ դոլար, ինքը պատրաստ է դա վերցնել՝ թեկուզ մեր թշնամիներին զենք վաճառելով։ Բնական է, որ նա Հայաստանին պետք է վերաբերվի որպես իր աղքատ ֆորպոստի, իսկ այդ տարածքում հայերի առկայությունը էական չէ։ Երևի Հայաստանը դիտում է որպես իր ազդեցության ոլորտ Կովկասում։ Մենք պետք է դրան նորմալ մոտենանք, առանձնապես չեմ հասկանում սրա հետ կապված մեր ջղաձգումները։ Ինձ զարմացնում է, որ հայերի մի մասը այդպես չի մտածում, և նրանց թվում է, թե հայ-ռուսական 150-ամյա բարեկամություն գոյություն ունի։

Չկա նման բան։

Հանգիստ պետք է վերաբերվել սրան։ Ռուսաստանը, ինչպեսև Թուրքիան, ինչպես Իրանը, Վրաստանը, Ադրբեջանը, ընդամենը կամա-ակամա ազդում են մեր երկրի վրա իրենց լավ ու վատ կողմերով։ Այստեղ հարցն այն է, թե մենք ի՛նչ իշխանություններ կունենանք, որ կարողանան շահած դուրս գալ այս պայմաններում։ Վերջին հաշվով քաղաքականությունը գիտություն ու արվեստ է, որին պետք է տիրապետեն մեր քաղաքագետները՝ կարողանալով ճիշտ օգտագործել ամեն հնարավոր, անգամ անհնար դեպքերը հօգուտ հայկական պետականության։

Հայկական երկաթգիծը մնաց օդում։ Այս ղեկավարների 10 տարվա բացթողումները մեզ համար ցավալիորեն բաց թողած հսկայական ժամանակաշրջան է, հսկայական շանսերի, իսկ այս պարագայում ունենալ Հյուսիս-Հարավ ճանապարհ, կարելի է ասել՝ արյունատար երակի պես կարևոր բան էր, երկաթգիծ ունենալը՝ նույնպես։

Նորմալ մարդն այս պայմաններում ինչպե՞ս կարող է լուրջ ընդունել, որ Սերժ Սարգսյանն ապահով Հայաստան է ստեղծում։ Ներքին բացթողումներից, ֆիասկոներից բացի, արտաքին քաղաքականության մեջ էլ հսկայական բացթողումներ կան, նաև կարևոր ձախողումներ կան տնտեսական զարգացման ուղղությունների առաջնայնությունները ճշտելու հարցերում։ Ես միանշանակ համարում եմ, որ սա ձախողումների ժամանակաշրջան է մեզ համար։

- Վերջին շրջանում տարբեր քաղաքական ուժեր փորձում են կանխել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, այդ թվում Նիկոլ Փաշինյանն է քայլերթ սկսել, «Հանուն Հայաստան պետության» ճակատն է հանրահավաքներ անցկացնում։ Արդյոք այս ամենի արդյունքում մենք ա՞յլ իրավիճակ կունենանք, և, ինչպես ընդդիմությունն է խոստանում, կշրջափակի խորհրդարանը և հաջողությա՞ն կհասնի։ Արդյոք այս ամենը ճի՞շտ հաշվարկված քայլեր են։

- Մենք այլընտրանք չունենք, պետք է հաջողենք։ Ես համարում եմ, որ դա հնարավորություններից մեկն է, որը բաց թողնելը կնշանակի այս ռեժիմը երկարաձգել մինչև 2022 թվականը։ Իսկ դա կարող է իսկապես մահացու հարվածներ հասցնել մեր պետականությանը։ Հիմա եթե ամեն ինչից հույսներս կտրենք, ինչպե՞ս կլինի։ Լավ օրից չէ, որ մի մասը գաղթական է դարձել, այսօր մեր հայրենիքն իսկապես իր քաղաքացիների կարիքն ունի։

Իմ կարծիքով՝ կան մարդիկ, որոնց ձեռքերը մաքուր են։ Ես անձամբ համոզված եմ, որ կան շատ մարդիկ, որ մաքուր ու ազնիվ են, որքան էլ պիտակավորեն, որ սա սրա կամ նրա պրոյեկտն է, ընդհակառակը՝ պետք է մի կողմ դնել ամեն ինչ ու միանալ մեկ գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի պետականության, հանուն այն բանի, որ ունենանք մեզ բաժին ընկած փոքր, բայց պատմական հայրենիքի վրա վերականգնված պետականություն։ Հանուն դրա պետք է մի կողմ դնել բոլոր կռիվները։

Մանե Հարությունյան

MediaLab.am