«Պարզ երևում է, որ մի շարք ոլորտներում չարաշահումները դադարեցվել են և չեն շարունակվում». Վահան Բադասյան

05-04-2018
3062 դիտում
«Պարզ երևում է, որ մի շարք ոլորտներում չարաշահումները դադարեցվել են և չեն շարունակվում». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մարտական խաչ» ասպետ Վահան Բադասյանը:

- Պարո՛ն Բադասյան, ապրիլյան քառօրյա պատերազմից երկու տարի է անցել, ի՞նչ է փոխվել Արցախում ու Հայաստանում:

- 2016 թվականի ապրիլից հետո, կարելի է ասել, ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել: Դասերի քաղման, դիրքերի կահավորման, ինժեներական կառույցների պատրաստման, նոր զինատեսակների ներդրման, նոր սարքավորումների տեղակայման ուղղությամբ էական առաջընթաց կա: Դիրքերի, տեխնիկայի ու սպառազինության դասավորության, զգոնության ու անձնակազմի տեղաբաշխման ուղղությամբ նույնպես մեծ փոփոխություններ կան: Եվ մենք արդեն կարող ենք վստահ ասել, որ հարձակման դեպքում հակառակորդի կողմից ոչ մի առաջխաղացում չի լինելու, եթե չլինի հակառակը՝ առաջխաղացում մեր կողմից:

- Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեծ չարաշահումներ են եղել, բանակին հատկացված գումարները տարիներ շարունակ, մեղմ ասած, իրենց նպատակին չեն ծառայել: Երկու տարի է անցել, բայց մենք կարծես պատասխանատուներին պատժելու քաղաքականություն չտեսանք:

- Ճիշտ է, էական պատիժներ չեն եղել, բայց աղմկահարույց և ժողովրդի համար տեսանելի և անտեսանելի պաշտոնանկություններ եղել են: Արդարացիորեն պետք է նշել, որ պաշտոնանկություններ տեսել ենք: Օրինակ՝ մի շարք վայրերում մարտերն սկսվելուն պես այն բարձրաստիճան սպաներին, որոնք ճիշտ չէին գործել, շփոթվել էին, արդեն սուսուփուս հեռացրել են բանակից: Ժողովրդի մեջ սխալ տեսակետ ու խոսակցություն կան, թե իբր այդ օրերին տանկերի մեջ վառելիք չի եղել, կամ վառելիքի փոխարեն ջուր է եղել: Նման բան չի եղել: Եթե մենք ճշմարտությունը չասենք, ճիշտ գնահատական չտանք, ավելորդ բաներ խոսենք, ինքներս մեզ կվնասենք:

Հանուն արդարության պետք է նշել, որ, այո՛, բանակում եղել են չարաշահումներ, օրինակ՝ գոմեշի մսի համար ժամանակին ո՞ւմ են մեղադրել: Սա սպառազինության հարց չէ, բայց շատ կարևոր է, արդարության հարց է, որովհետև գոմեշի միսը ո՞վ էր ներկրել՝ լավ էլ գիտեին, բայց փոխանակ ներկրողին պատժեին, պատժել են ուտողներին:

Կամ՝ բանակում միջանձնային հարաբերությունները ճշտող մի կույրաղի կառույց կա, որը կոչվում է ռազմական ոստիկանություն: Նրանք իրենց լիազորությունների սահմանն էին անցնում՝ անարդարություն ստեղծելով: Իսկ արդարությունը ամենակարևոր զենքն ու զինամթերքն է, քանի որ պատմության ընթացքում ոչ մի պատերազմում երբեք չի հաղթել այն կողմը, որն ունեցել է մեծ թվով սպառազինություն կամ մարդկային ուժ: Միշտ հաղթել է այն կողմը, որը կարողացել է լավ կազմակերպել ու իր հակառակորդի հոգեկան հավասարակշռության վրա ազդել իր արդարությամբ, կազմակերպվածությամբ:

Աշխարհում միշտ այդպես է եղել, միշտ հաղթել է արդարը, արդարը ուժեղ է: Իսկ ապրիլյան պատերազմի նախօրեին այդ արդար կոչվածը շատ քիչ էր: Ահա այս չարաշահումներին պետք է ուշադրություն դարձնեն մեր իշխանությունները, որ չեն կարողանում: Իսկ ինչո՞ւ չեն կարողանում, որովհետև նրանք են շատ ժամանակ ստեղծում այդ անարդարությունները՝ գիտակցելով կամ չգիտակցելով: Ինչո՞ւ եմ ասում՝ չգիտակցելով, որովհետև իրենք նույնիսկ չգիտեն, որ իրենց ստեղծածն անարդարություն է ծնում:

- Ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո շատ էին խոսակցությունները, որ սպառազինության, կապի գումարները տեղ չեն հասել, Սերժ Սարգսյանն էլ ասաց, որ 80-ականների զենքով են կռվել զինվորները: Այս ուղղությամբ բացթողումներ չե՞ք նկատում:

- Ո՛չ, ես դա չեմ ընդունում, որովհետև թե՛ հետախուզությունը, թե՛ կապը պատշաճ բարձրության վրա են եղել: Եվ ինձ համար շատ ծիծաղելի էր, երբ առաջին հերթին պաշտոնանկ արեցին հենց այդ երկու կառույցների ղեկավարներին: Այդ կառույցները հենց այդ նույն օրը հայտնել էին պատերազմի մասին, շատ լավ աշխատում էին: Այլ հարցեր կային, ես արդեն ասացի, որ անարդարություն ծնող համակարգեր կային, իսկ անարդարություն ծնող համակարգը մեր իշխանությունները չեն վերացնում, հակառակը՝ պահում ու պահպանում են: Այդ անարդարություն ծնող համակարգերով են իշխանություններն ընտրապայքարում պայքարում և այլ հարցեր լուծում: Եթե անդրադառնանք դիրքերին, ապա ապրիլից հետո այս համակարգերը, իհարկե, ոչ լիովին, բայց մեծ մասամբ հեռու են պահված բանակի ստորաբաժանումներից, որովհետև բանակը մեր երկրի միակ կառույցն է, որ իր խնդիրը կատարում է իր արյան գնով: Այնուամենայնիվ, այսքան խնդիրներից հետո ապրիլյան պատերազմում մեր բանակը կատարեց իր առջև դրված խնդիրները:

-Բայց բանակում անարդարությունը վերացված չէ, բանակի հաշվին հարստացած գեներալներին է հասարակությունը մատնացույց անում, պահանջում, որ նրանց պատժեն:

-Այո՛, դա ճիշտ է, բայց հիմա կամաց-կամաց ներկայիս պաշտպանության նախարարը փորձում է ձերբազատվել դրանից, սակայն նա միայնակ չի կարող, պետք է բոլորն օգնեն: Բայց ես տեսնում եմ, որ նա այդ երևույթի դեմ պայքարում է, և պարզ երևում է, որ պաշտոնանկ են արվում ոմանք, թեկուզ՝ սուսուփուս:

- Բայց պատիժներ չկան:

- Իհարկե, արդարությունը պահանջում է, որ լինեն պատիժներ: Բայց ես նկատում եմ, որ ապրիլից հետո գոնե այդ իրավիճակը չի շարունակվելու: Պարզ երևում է, որ մի շարք ոլորտներում չարաշահումները դադարեցվել են և չեն շարունակվում:

Ռոզա Հովհաննիսյան

 MediaLab.am