«Տիկի՛ն, դուք եկել եք օգնություն ստանալո՞ւ, թե՞ տալու…». «Ալամեզոն» Բլոգ

08-04-2018
763 դիտում
«Տիկի՛ն, դուք եկել եք օգնություն ստանալո՞ւ, թե՞ տալու…». «Ալամեզոն» Բլոգ

Կարծում եմ՝ ֆրանսաբնակներին կարիք չկա բացատրելու, թե ի՛նչ է իրենից ներկայացնում Les Restos du Coeur-ը, իսկ հայաստանաբնակները աղոտ պատկերացում ունեն, թե ի՛նչ նկատի ուներ իր բարեկամը, երբ ասում էր՝ գնացի օգնություն ստացա, ուտելիք տվեցին, հագուստ և այլն։ Իհարկե, կան օգնության մի քանի աղբյուրներ՝ Կարմիր խաչ, բողոքականներ, բայց հենց Les Restos du Coeur-ի հետ է կապվում շատ հուզիչ և ուսանելի պատմություն, որն արժի իմանալ: Էսպիսի պատմություններից ավելի բարի ես դառնում ու ուզում ես անել ավելին, քան կարող ես …

Միշել Կոլուչչին՝ կիսով չափ իտալացի, կիսով չափ ֆրանսացի այս դերասանը, որ ավելի հայտնի է Կոլյուշ բեմական կեղծանունով, կարծես ֆրանսիացիների սիրտն ու հոգին լինի։ Շատերը տեսած կլինեն նրա նկարը տարբեր խանութներում և հենց «Սրտերի ռեստորանում» (բառացի թարգմանություն)։ Հրաշալի դերասան, հումորիստ, արվեստագետ, ակտիվիստ և ամենակարևորը՝ մարդ։ 

Կոլյուշը 80-ականներին անգամ ցանկանում էր մասնակցել նախագահի ընտրություններին, և եթե մասնակցեր, շատերը վստահ էին, որ 15%-ից ավելի ձայն կստանար: Կոլյուշի կյանքը սակայն տևեց ընդամենը 41 տարի։ Նա մահացավ 1986- ին ՝ իր մոտոցիկլետով բախվելով ավտոմեքենայի։ Մահվանից ամիսներ առաջ նրա մոտ առաջացել էր ռեստորանի գաղափարը՝ տեղ, որտեղ կարիքավորները կգան հաց ուտելու և իր հետ կտանեն որոշակի պաշար՝ դիմանալու մինչև հաջորդ այցը։ Նրա մտքերը իր մահից հետո պիտի իրականացվեին նախկին կնոջ՝ Վերոնիկի կողմից։

Այդ ժամանակից ի վեր ֆրանսացի բոլոր արտիստների և երաժիշտների համար պատիվ է մասնակցել «Ռեստո դյու քյող»-ի համերգներին, որոնցից ստացված հասույթը փոխանցվում է կարիքավորներին։ Իսկ 1988 թվականից գործում է մի օրենք, որն այդպես էլ կոչվում է՝ Կոլյուշի օրենք, ըստ որի, այն գործարանները, խանութները, ովքեր սնունդ կհանգանակեն կարիքավորներին, կազատվեն հարկերի մեծ մասից:

Իսկ այս ամենի մեջ տխուրն այն է, որ շատ ազգեր ու, ցավոք, մեր հայրենակիցները ևս, ադամանդակուռ մատանիներով և թանկարժեք հագուստով գնում են այնտեղ՝ «պայոկ» վերցնելու, որ ցույց տան, թե իրոք կարիք ունեն։ Դեպքերը շատ չեն, բայց վերջերս մի ծանոթ պատմեց, որ ռեստորանում սնունդ բաժանողը հայ կնոջ ձեռքի մատանիները տեսնելով հարցրել էր.

- Տիկի՛ն, դուք եկել եք օգնություն ստանալո՞ւ, թե՞ տալու... 

Էդպես մի՛ արեք էլի, մարդի՛կ…

Կոլյուշն ասում էր՝ ես նոր հարուստ չեմ, ես հին աղքատն եմ, եկեք մենք էլ չմոռանանք՝ որտեղի՛ց ենք եկել և ո՛ւր ենք գնում։

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog