«Իրենք ասել են՝ նոր Հայաստան է լինելու, նոր իրավիճակ է լինելու, բայց չեն ասել՝ ում համար». Ստյոպա Սաֆարյան

10-04-2018
2503 դիտում
«Իրենք ասել են՝ նոր Հայաստան է լինելու, նոր իրավիճակ է լինելու, բայց չեն ասել՝ ում համար». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

- Պարո՛ն Սաֆարյան, ապրիլի 9-ից Հայաստանում կառավարման համակարգը փոխվեց, լիարժեք անցում կատարվեց խորհրդարանական կառավարման համակարգին: Ի՞նչ է փոխվում երկրում:

- Առայժմ ոչինչ չի փոխվում: Երկրում բան կփոխվի միայն այն ժամանակ, երբ իշխանության թևերի տարանջատում լինի: Եթե սուպեր նախագահական համակարգից անցնում ենք սուպեր վարչապետական համակարգի, ապա դժվար թե դրանից շատ մեծ փոփոխություններ տեսնենք:

- Ստանձնելով նախագահի պաշտոնը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ սա պատմական օր է Հայաստանի համար: Ընդհանրապես, իշխանության ներկայացուցիչներն այս փոփոխությունները պատմական են որակում, ինչո՞ւ:

- Երևի իրենց համար պատմական է, որովհետև իրենք պատմության մեջ առաջին անգամ նախագահ են դարձել, միգուցե չմտածելով, որ դա այդպես կլինի կամ այդքան հեշտ կլինի: Իրենց համար միգուցե պատմական է, բայց ժողովրդի համար ինչո՞ւ պետք է պատմական լինի: Այն էլ այն դեպքում, երբ ընտրվում է մի նախագահ, որը ոչինչ չի նշում, դա ոչինչ չի փոխում: Դրա պատմականը ո՞րն է: Այո՛, պատմական աննախադեպ թույն նախագահ է: Եվ այդ նախագահը, որը լիազորություններ չունի, մեծ-մեծ բաներից է խոսում, Հայաստանի համար նոր էջ բացվելուց է խոսում:

- ՀՀԿ-ն դեռևս պաշտոնապես չի հայտարարում վարչապետի թեկնածուի անունը, բայց տարբեր գործիչներ Սերժ Սարգսյանի անունն են տալիս: Ի՞նչ է կատարվում:

- Քանի որ Սերժ Սարգսյանը նախկինում հայտարարել է, որ ինքը չի հավակնում և ճիշտ չի համարում, որ մարդիկ մի քանի անգամ ղեկավարեն երկիրը, ենթադրում եմ, որ հասարակության մեջ փոփոխության պահանջ կա: Սերժ Սարգսյանի անձից մարդիկ հոգնել են, այս առումով, որպեսզի ռեակցիան կազմակերպվելու ժամանակ չունենա, թերևս ուշ են պաշտոնապես հայտարարելու Սերժ Սարգսյանի անունը: Եվ նաև ցույց են տալու, որ, գիտեք, մենք շատ օրինապահ մարդիկ ենք, հետևում ենք Սահմանադրությանը, ինչպես Սահմանադրությունն է սահմանում,այդ ժամկետում ենք հայտարարում: Բայց իրականում, կարծում եմ, բոլորը գիտեն, թե վարչապետն ով է, որևէ անակնկալ սպասելի չէ:

- Միտումները տանում են նրան, որ Սերժ Սարգսյա՞նն է լինելու վարչապետը: Այդ մասին նաև վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, ասելով, որ մեծամասնությունը որոշել է, որ Սերժ Սարգսյանը պետք է ստանձնի այդ պաշտոնը:

- Բայց Կարեն Կարապետյանն ընդհանրապես տեղյակ էլ չէր, այդ ինչպե՞ս է որոշել: Այո՛, արդեն հստակ է, որ Սերժ Սարգսյանն է հաջորդ վարչապետը: Չգիտեմ, թե ի՛նչ պետք է տեղի ունենա, որ պլաններ փոխվեն: Այս պահի դրությամբ հստակ պլանում Սերժ Սարգսյանն է:

- Փաստացի երկրում փոխվում է կառավարման համակարգ, բայց հասարակության համար ոչինչ չի՞ փոխվում:

- Առանձնապես մոտեցումների փոփոխություն չի լինելու: Հո յոթ-ութ օրից նոր Սերժ Սարգսյան չի՞ լինելու: Հիմա, թե երկրի էջի անունը կդնեն «նոր», Հանրապետության թիվը չորրորդ կդարձնեն, բայց Սերժ Սարգսյանը նոր չի լինելու: Նույն Սերժ Սարգսյանն է, նա ինչպես պատկերացրել է կյանքը, քաղաքականությունը, այդպես էլ շարունակելու է: Այսինքն՝ ոչինչ նոր չի լինելու Հայաստանում: Այո՛, իշխանությունների կյանքում նոր բան կարող է լինել, Արմեն Սարգսյանի կյանքում շատ նոր բաներ կարող են լինել, բայց ժողովրդի կյանքում՝ ոչ: Իրենք ասել են՝ նոր Հայաստան է լինելու, նոր իրավիճակ է լինելու, բայց չեն ասել՝ ում համար: Միգուցե իրենց են նկատի ունեցել:

- Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քայլերթ է սկսել, որին միացել են նաև այլ ուժեր: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է պայքարի այս մեթոդով ինչ-որ բան փոխել երկրում:

- Պայքարի հարցում հաջողություն չկա, քանի որ քաղաքական գործընթացները ժամանակ են պահանջում՝ նախապատրաստություն, իրազեկում, հետաքրքրության աճ դրա նկատմամբ: Մի տեսակ օտարված այս հասարակությանը թմբիրից հանելու համար 15 օրը բավական չէ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am