«Եթե Հայաստանի բոլոր պաշտոնյաների որդիները բանակում սովորական զինվորի պես ծառայեն, դա կլինի ամենամեծ ռազմահայրենասիրական ռազմավարությունը». փորձագետ

10-04-2018
13169 դիտում
«Եթե Հայաստանի բոլոր պաշտոնյաների որդիները բանակում սովորական զինվորի պես ծառայեն, դա կլինի ամենամեծ ռազմահայրենասիրական ռազմավարությունը». փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

- Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության նախագիծը։ Շատերը դա համարում են ավելորդ պաթոս և նշում, որ նման առարկա ընդհանրապես անհրաժեշտ չէր, քանի որ բոլոր մնացած առարկաներում դա ներառված է։

- Ես կարծում եմ, որ նման ռազմավարության կարիք ընդհանրապես չկա։ Պատճառն այն է, որ կան հասկացություններ, որոնք տրոհել չի կարելի։ Այսինքն՝ եթե մենք հայրենասիրություն բառը բաժանենք մասերի, ասենք` ուռա հայրենասիրություն, ռազմահայրենասիրություն, մարզահայրենասիրություն, դրանով այդ հասկացությունն արժեզրկվում է։ Ինքնին հայրենասիրության ինչ-որ բնագավառ առանձնացնելն արդեն կոպիտ սխալ է։ Չի կարելի հայրենասիրությունը բաժանել մասերի, որովհետև այդ դեպքում դու պետք է, ասենք, տարբերակես, ենթադրենք` ոնց ես որոշում՝ ո՞վ է ռազմահայրենասերը, ինչո՞վ է տարբերվում հայրենասերից։

Եթե մարդը հայրենասեր է, նա կարո՞ղ է չլինել ռազմահայրենասեր։ Լիքը պարադոքսներ են, դրա համար ես դեմ եմ հայրենասիրությունը ոլորտների բաժանելուն, ինքը ամբողջական պետք է մնար։ Երկրորդ բանը, որին դեմ եմ, Հայաստանում մենք չպետք է ունենանք իրավական փաստաթուղթ հայրենասիրության մասին։ Այսինքն` կան բաներ, որոնք չպետք է փաստաթղթի մակարդակի իջեցվեն, դառնան պրոֆեսիա, հայրենասիրության մասին փաստաթուղթ գրելը դարձնենք մասնագիտացում, հետո սկսենք քննարկել այդ փաստաթուղթը։

Ես հիմքից դեմ եմ նման փաստաթուղթ ունենալուն, բայց կողմ եմ, որ մենք ունենանք, ասենք, դաստիարակության հայեցակարգ։ Կարելի է ունենալ այդպիսի հայեցակարգ, որի մեջ որոշակի անդրադարձ անենք որոշ ասպեկտների։ Կամ` դպրոցում ունենք նախնական զինվորական պատրաստություն առարկա, կարող ենք ունենալ այդ առարկայի զարգացման հայեցակարգ կամ ծրագիր։ Ընդ որում, պետք էլ չի, որ դա լայնորեն քննարկենք, որովհետև այդ առարկայի դասավանդման պատշաճ որակ ապահովելը ԿԳ նախարարության պարտականությունն է ՊՆ-ի հետ համատեղ։

Այսինքն` ես չեմ ուզում, որ հիմա ամեն առարկայի մասին մի հայեցակարգ կամ ռազմավարություն գրվի։ Կա նախարարություն, կան մարդիկ, որոնք այդ ոլորտի համար պատասխանատու են, և իրենք պետք է իրենց գործը անեն՝ առանց հայեցակարգերի, առանց բարձրագոչ փաստաթղթերի։ Եթե նայենք այդ փաստաթուղթը, կտեսնենք, որ այնտեղ հիմնականում խոսվում է այն մասին, որ պետք է դասագրքերը փոխվեն, նորարարական մեթոդներ բերվեն, զինղեկի հեղինակությունը պետք է բարձրացվի, դպրոցի ներսում ուսուցիչների համագործակցությունը, ուսմասվարի աշխատանքը հստակեցվեն։ Հիմա հարց՝ ո՞վ է խանգարում, որ նախարարությունն առանց այդ ռազմավարության այդ գործն ամեն օր անի։ Ինչո՞ւ ենք մենք ամեն ինչ բարձրացնում ինչ-որ մակարդակի, արժեզրկում ենք, եթե կարելի է ամենօրյա աշխատանքով այդ խնդիրը լուծել։ Ասում են՝ մեթոդական ձեռնարկները քիչ են, խնդրեմ` ո՞վ է խանգարում, որ գրենք այդ մեթոդիկան։

- Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ առաջնահերթություններ կան հիմա, և ինչի՞ վրա են հիմա ուշադրությունը սևեռել, ինչի՞ են ուզում հասնել այս ռազմավարությամբ, այն մեր կրթության համակարգի վրա ի՞նչ ազդեցություն է ունենալու։

 

- Ես կարծում եմ, որ ոչ մի ազդեցություն չի էլ ունենա, որովհետև կրթության զարգացման պետական ծրագիրը առանձնապես շատ փոփոխություն չի մտցրել, էլ ուր մնաց` հայեցակարգը։ Այսինքն՝ մենք ունենք ավելի լուրջ փաստաթղթեր, որոնք Ազգային ժողովի կողմից են ընդունված, բայց նույնիսկ դրանք իրավիճակ չեն փոխել։

Իմ ասածն այն է, որ զուտ մանկավարժական տեսանկյունից սա սխալ է, որովհետև ժամանակակից մանկավարժությունն ասում է, որ 21-րդ դարի երեխաներին քարոզներով, ձեռնարկներով, հոդվածներ գրելով չես կարող փոխել։ Պետք է նրանց օրինակներ տալ։ Այսինքն` մեզ պետք չի ռազմահայրենասիրության փաստաթուղթ, մեզ պետք են ռազմահայրենասիրության օրինակներ։ Եթե, ասենք, Հայաստանի բոլոր պաշտոնյաների որդիները գնան բանակում սովորական զինվորի պես ծառայեն, դա կլինի ամենամեծ ռազմահայրենասիրական ռազմավարությունը։

Այսինքն՝ պետք են իրական քայլեր, ոչ թե տեսական մտքեր, թուղթ։ Նաև կրթության ոլորտի մարդիկ էլ են հոգնել, չեն էլ կարդում այդ հայեցակարգերը, ծրագրերը։ Գնացեք տեսեք, թե քանի՛ ուսուցիչ է կարդում այդ փաստաթղթերը, քանի՛ դասախոս է կարդացել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը։ Իսկ եթե նույնիսկ չեն կարդում, ի՞նչ երաշխիք կա, որ իրենք դա կկիրառեն։ Ես կարծում եմ, որ եթե ուզում ենք մի բան փոխել, պետք է օրինակները փոխենք, պետք է մեր ամենօրյա գործելակերպը փոխենք։ Ուսուցիչը կամ նույն զինղեկը գիրք կարդո՞ւմ է, թե՞ ոչ։ Թե, ասենք, մտածում է, որ ինքը սպա է և վերջ, ուրեմն լավ է ամեն ինչ։ Ես կողմնակից եմ ավելի ժամանակակից մոտեցումների, օրինակներ ցույց տալուն և արդար կառավարելուն։ Այդ դեպքում կտեսնեք, թե Հայաստանում իրական հայրենասիրության ինչ աճ կլինի։

- Փաստորեն դուք վստահ եք, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությունները ոչ մի դասախոս չի էլ կարդացե՞լ։

- Ես չեմ ասում՝ որևէ մեկը չի կարդացել, ասում եմ՝ հաստատ քչերն են կարդացել։ Եթե անգամ նրանց 10 տոկոսը կարդացած լինի, դա արդեն մեծ բան կլինի։ Մարդիկ մի կարևոր բան են հասկանում, որ այդ փաստաթղթերով չի լինում փոփոխություն։ Աշխարհում չկա որևէ երկիր, որ փաստաթուղթ է գրել ու դրանով բան է փոխվել։ Մարդն է փոխում իրավիճակը, ոչ թե փաստաթուղթը։ Հատկապես այս ոլորտում փաստաթուղթը ոչ մի արժեք չունի, ինչ-որ բարձրագոչ բան է։ Այսինքն՝ եթե մարդիկ տեսնեն, որ ամեն ինչ արդար ձևով է արվում, բանակից կեղծ ձևերով չեն ազատվում, բոլորը ռազմահայրենասեր կդառնան։ Ցավալի է, որ այդ փաստաթղթում ոչ մի բան չկա վատ կառավարման, անարդարության վերաբերյալ։ Դրա փոխարեն կան արտագաղթ, թմրամոլություն, թունամոլություն և այլն։

Մանե Հարությունյան

MediaLab.am