«ՀՀԿ-ին և կոնկրետ Սերժ Սարգսյանին իր կառավարման տարիներին հաջողվեց ոչնչացնել ընդդիմությունը Հայաստանում». քաղաքագետ

10-04-2018
2481 դիտում
«ՀՀԿ-ին և կոնկրետ Սերժ Սարգսյանին իր կառավարման տարիներին հաջողվեց ոչնչացնել ընդդիմությունը Հայաստանում». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

- Պարո՛ն Համբարյան, Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե ՀՀԿ-ն որոշել է, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պետք է առաջադրի վարչապետի պաշտոնում: Տեսակետներ կան, որ ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին խաբեց, քանի որ արդեն պարզ է, որ նա չի շարունակելու պաշտոնավարել: ՀՀԿ-ականներն էլ այս օրերին պնդում են, թե չեն խաբել Կարեն Կարապետյանին: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, ի՞նչ իրավիճակում հայտնվեց Կարեն Կարապետյանը:

- Կարեն Կարապետյանը հայտնվեց այն իրավիճակում, որում ինքը նախատեսել էր, որ պետք է հայտնվեր: Նախ՝ այստեղ Կարեն Կարապետյանին գցելու կամ չգցելու հարցը մի փոքր ոչ կոռեկտ է: Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը նախորդ տարվա ամռանը բացահայտ նշեց և ակնարկեց, որ ինքը ցանկություն ունի դառնալու երկրի վարչապետ: Նա չբացառեց, որ կստանձնի վարչապետի պաշտոնը: Դրանից հետո այն բոլոր գործընթացները, որոնք տեղի էին ունենում Հայաստանի քաղաքական դաշտում, ամբողջությամբ պտտվում էին Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու շուրջ:

Իհարկե, այնտեղ կար կեղծ օրակարգ, որ այլ մարդիկ պետք է լինեն վարչապետ և այլն, բայց դա կեղծ էր: Սերժ Սարգսյանը չէր կարող միամտաբար նման կարծիք հայտնել ու վերջում խայտառակվել՝ չդառնալով վարչապետ: Այդ հայտնի հարցազրույցից հետո ՀՀԿ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ, տարբեր տրամաչափերի պաշտոնյաներ իրենց հարցազրույցներում Սերժ Սարգսյանին ուղղակիորեն ներկայացնում էին որպես փրկություն: Բացի այդ, նրանք նաև նշում էին, որ իրենց կուսակցության շարքերում վարչապետի այլ թեկնածու չունեն, որ առաջադրեն:

Այսինքն՝ այն իրավիճակն էր, որ ոչ թե Սերժ Սարգսյանն էր ուզում դառնալ վարչապետ, այլ ՀՀԿ-ականներն իրենց ամբողջ թիմով խնդրում են նրան:

Իսկ Կարեն Կարապետյանը, երբ ստանձնել էր վարչապետի պաշտոնը, համոզված եղեք, հաստատ այդ մասին գիտեր, որ ապագայում վարչապետի պաշտոն չի ստանալու, այլ ստանալու է այն, ինչ իրեն տրամադրելու է Սերժ Սարգսյանը: Լավագույն դեպքում դա առաջին փոխվարչապետի պաշտոնն է՝ տնտեսական ու ֆինանսական բլոկի նկատմամբ լայն լիազորություններով ու ամբողջական վերահսկողությամբ:

- Երբ Կարեն Կարապետյանին նշանակեցին վարչապետ, նա մի քանի անգամ հայտարարեց, որ պատրաստ է 2018 թվականի ապրիլից հետո էլ աշխատել վարչապետ: Իսկ այսօր հենց նա է հայտարարում, որ մեծամասնությունը որոշել է Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել: Ինչո՞ւ է հենց Կարեն Կարապետյանի շուրթերով արվում այս հայտարարությունը:

- Կարեն Կարապետյանը կարող է շատ ցանկություններ ունի, կարող է նույն Էդուարդ Շարմազանովն էլ, Արմեն Աշոտյանն էլ մեծ ցանկություն ունեն դառնալու վարչապետ: Բայց ցանկություն ունենալը և իրական հնարավորությունները շատ տարբեր են: Ես ՀՀԿ-ն չեմ դիտարկում որպես դասական կուսակցություն, ես այդ կուսակցությունը համարում եմ ակումբ, որտեղ կան բազմաթիվ բևեռներ, և այդ բևեռներին միավորողը միայն Սերժ Սարգսյանն է: Եվ հաշվի առնելով ՀՀԿ-ի ներսում գոյություն ունեցող ստատուս քվոն և կուսակցության բազմաբևեռ կեցվածքը, ինչպես նաև այդ բևեռների միջև հակասությունները՝ ամենահարմար թեկնածուն նրանց համար Սերժ Սարգսյանն է:

Այն, որ Կարեն Կարապետյանը վարչապետ լինելու ցանկություն է ունեցել, դա շատ լավ է, շատ վատ է, երբ ոչ մի զինվորական չի ցանկանում գեներալ դառնալ: Կարեն Կարապետյանը վարչապետ էր, ուզում էր էլի մնալ վարչապետ՝ ավելի լայն լիազորություններով: Դա շատ լավ է, բայց Կարեն Կարապետյանը չուներ այն քաղաքական հենարանը նույն ՀՀԿ-ի ներսում, որպեսզի դառնար վարչապետ:

- Եթե նախօրոք նա գիտեր, որ հետագայում չի լինելու վարչապետ, ինչո՞ւ էր ի սկզբանե որոշել ստանձնել այդ դերը: Չէ՞ որ նրան վարչապետ նշանակեցին այն ժամանակ, երբ նախընտրական փուլ էր, ՀՀԿ-ի դեմքը փրկելու խնդիր կար: Եվ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ներկայացավ հենց Կարեն Կարապետյանի դեմքով, գեղեցիկ քարոզարշավ արեցին: Ինչո՞ւ էր նա ի սկզբանե համաձայնել մասնակցել այս խաղին:

- ՀՀԿ-ի ներսում բոլորն օգտագործվում են Սերժ Սարգսյանի կողմից, այդ թվում՝ Կարեն Կարապետյանը: Ես նախկինում էլ բազմիցս ասել էի, որ 100 տոկոսով վարչապետ է լինելու Սերժ Սարգսյանը: Ֆորս մաժորային իրավիճակներում միայն կարող էր փոփոխություն լինել: Բայց մինչև հիմա որևէ ֆորս մաժոր չի եղել, և ամեն ինչ ընթանում է ըստ Սերժ Սարգսյանի գրած սցենարի: Բոլորն ունեն իրենց դերակատարությունն այդ ամենում: Հիմա, Կարեն Կարապետյանը համաձայն է եղել այդ դերին, հետագայում հայտարարել է, որ համաձայն է շարունակել վարչապետ աշխատել, ուրեմն նրան հրահանգել են, որ այդպիսի հայտարարություն աներ: Դուք շատ լավ գիտեք, որ ՀՀԿ-ի ներսում ոչ ոք պատահական ոչինչ չի ասում:

- Դուք ասում եք, որ կարծես թե ֆորս մաժոր չկա, բայց մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը որոշակի քայլեր է անում: Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության ակցիա է մեկնարկել, մի քանի ուժեր Ազատության հրապարակում հանրահավաքներ են նախատեսում: Հնարավո՞ր է, որ ֆորս մաժորային իրավիճակ ստեղծվի:

- Ես ցավով պետք է նշեմ, որ ՀՀԿ-ին և կոնկրետ Սերժ Սարգսյանին իր կառավարման տարիներին հաջողվեց ուղղակիորեն, բառի բուն իմաստով ոչնչացնել ընդդիմությունը Հայաստանում: Տարբեր մեթոդներով ոչնչացրեցին, ընդդիմադիր խարիզմատիկ գործիչներին մեղադրեցին Բաղրամյան 26-ի հաճախորդներ լինելու մեջ, որոշ ընդդիմադիրներ հենց իրենք փչացան բառի բուն իմաստով, երբ սկսեցին բացահայտ համագործակցել իշխանության հետ՝ նպատակ ունենալով ինչ-որ պաշտոն ստանալ նույն իշխանություններից: Եվ հասարակության մոտ ընդդիմության նկատմամբ ստեղծվեց այդ ապատիան:

Իսկ դրա գագաթնակետը հանդիսացավ այն, երբ Գագիկ Ծառուկյանը 2015 թվականի փետրվարին կրիտիկական զանգված հավաքեց Ազատության հրապարակում, որն իրոք կարող էր բեկումնային իրադարձությունների հիմք լինել, բայց նա հետքայլ կատարեց: Հիմա հասարակության մեջ երկու հոռետեսական տրամադրություններ կան: Մեկն այն է, որ ընդդիմադիր գործիչների մեծ մասը ծախված է, երկրորդն այն է, որ Հայաստանում որևէ քաղաքական ուժ չի կարող պայքարել ՀՀԿ-ի դեմ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի: Եվ սրանով է պայմանավորված, որ հասարակությունը չի հավատում ընդդիմադիրներին:

Ազատության հրապարակում վերջին հանրահավաքի ժամանակ մոտ 1000 մարդ էր հավաքվել: Եվ ես չեմ կարծում, որ 1000 կամ թեկուզ 10 000 հոգով հնարավոր է հեղափոխություն անել: Հեղափոխություն անելու համար Հայաստանում պետք է հավաքել կրիտիկական զանգված, այսինքն՝ ամբողջությամբ պետք է լցնել Ազատության հրապարակը, իսկ այդ հնարավորությունը Հայաստանում գործող որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ այսօր չունի: Դրա համար էլ իշխանությունները շատ հանգիստ են վերաբերվում թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ այլ քաղաքական ուժերի վերջին օրերի ակտիվությանը: Հայաստանում ամեն ինչ ընթանում է Սերժ Սարգսյանի գրած սցենարի հիման վրա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am