«Քաղաքականությունը միշտ եղել է շոու, բայց, որպես կանոն, երկիրը կառավարում են մարդիկ, որոնք շոուների սիրահար չեն». Անուշ Սեդրակյան

12-04-2018
2573 դիտում
«Քաղաքականությունը միշտ եղել է շոու, բայց, որպես կանոն, երկիրը կառավարում են մարդիկ, որոնք շոուների սիրահար չեն». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

- Տիկի՛ն Սեդրակյան, ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Կարեն Կարապետյանը հայտարարեր վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու լուրը, հաշվի առնելով, որ նա բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է մնալ վարչապետի պաշտոնում:

- Կա ընթացակարգ, և դեռևս վաղ է խոսել Կարեն Կարապետյանի` պաշտոնից հեռանալու մասին: Պարզապես նոր նախագահի գալով կառավարությունը պետք է հրաժարական տա: Այլ բան է, որ նա դրանից հետո հայտարարեց Սերժ Սարգսյանի թեկնածության մասին, ինչից բխում է, որ ինքն այլևս չի հավակնում վարչապետի պաշտոնին:

Երևի այստեղ շատ ուժեղ ազդեցին տարբեր տիպի ռեսուրսներ, որ Կարեն Կարապետյանն այդպես էլ չկարողացավ ապահովել իր հանրային աջակցությունը ոչ միայն Հայաստանի ժողովրդի մակարդակով, դա ոչ ոքի չէր հետաքրքրում, այլ նա չկարողացավ հավաքել իր թիմը, չկարողացավ իրենով անել օլիգարխների զգալի հատվածին: Նա չկարողացավ յոլա գնալ մտավորականության շրջանում Սերժ Սարգսյանին շատ ակտիվ պաշտպանող մասի հետ: Իսկ այն, որ ինքն անձամբ արեց այդ հայտարարությունը, երկու նպատակ է հետապնդում. մեկը` գեղագիտորեն տոլերանտ, այսինքն` այն մարդը, որ հեռանում է պաշտոնից, այդ պաշտոնը հանձնում է իր իրավահաջորդին և դրանից չի նեղվում, երկրորդը` որ ընդհատվեն այն լուրերը, որ կա Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հակասություն:

- Այնուամենայնիվ, դուք կարծում եք, որ կա՞ այդ հակասությունը նրանց միջև:

- Երբ Հայաստանն այնքան ոչ հստակ աշխատանքային, պրոֆեսիոնալ օրենսդրական հարաբերություններ ունի, և ամեն ինչ այնքան անձնավորված է, պարզ է, որ եթե մարդիկ իշխանության մեջ են գտնվում, և եթե դա հստակ սահմանազատված չէ օրենքներով, այլ միայն ազդեցության գոտիներով, այդ բախումները լինելու են: Դա անխուսափելի է:

- Եթե առաջիկայում իշխանությանը հաջողի անցնցում անցկացնել վարչապետի ընտրությունը, հետագայում այդ մոտեցումների տարբերությունը ներքին բախումների կհանգեցնի՞:

- Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ներիշխանական բախումների շքեղություն ոչ թե այն պատճառով, որ հայրենիքը վտանգի մեջ է, այլ որովհետև մենք չունենք բավարար ֆինանսական ռեսուրս դրա համար: Մեր ամբողջ ունեցածը հանքերն են և պետական բյուջեն, և այդ բոլորի տնօրինման հարցում լինելու են ներիշխանական հակասություններ, բայց այդտեղից չէ, որ սպասվում են ցնցումները: Ցնցումները հաստատ ներիշխանական չեն: Ցնցումների աղբյուրը նախ այն սանկցիաներն են, որ կիրառվում են Ռուսաստանի օլիգարխների նկատմամբ, և Կարեն Կարապետյանի «խեղճանալու» պատճառներից մեկը դա էր: Երկրորդն այն է, որ, այնուամենայնիվ, ռուս-թուրքական «սիրախաղը» և ղարաբաղյան հարցը մեջտեղում շատ վտանգավոր զարգացումներ են, և, ինչպես ասում են, բախումների ժամանակ չկա:

- Ձեր կարծիքով` Հայաստանը լրջորեն վերանայո՞ւմ է իր մոտեցումները: Ի վերջո, ԱՄՆ-ն էլ շեշտեց, որ այն երկրները, որոնք լրջորեն չեն մոտենա ռուսական պատժամիջոցներին, կպատժվեն:

- Կա այսպիսի ասույթ` եթե քո վրա գալիս է հողմը, դու պետք է մտածես թաքստոցի մասին, թե չէ հողմը կստիպի դա անել: Հիմա ամերիկյան հողմը գալիս է աշխարհի և, մասնավորապես, Ռուսաստանի վրա: Աբսուրդ է դիրք ընդունել ու հայտարարել, որ ես Ռուսաստանի ռազմավարական բարեկամն եմ: Այդ դեպքում հողմը մեզ կքշի- կտանի: Ռուսաստանը մեծ երկիր է, նրանից ինչ-որ բան կմնա, իսկ մեզնից` ոչ:

- Այս օրերին ակտիվացել է ընդդիմությունը, փորձում է կանխել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: Որքանո՞վ կարող են տարբեր ընդդիմադիր քաղաքական և քաղաքացիական խմբեր հաջողել այս պայքարում և կանխել, ինչպես իրենք են ասում, Սերժ Սարգսյանի վերարտադրությունը:

-Ես ինքս ընդդիմադիր եմ և իրավունք չունեմ նրանց խիստ դատելու, որովհետև ես ինքս անձամբ ոչինչ չեմ անում, որովհետև համարում եմ, որ այդկերպ անելու փոխարեն ավելի լավ է չանել: Երկրորդ` ես կարծում եմ, որ ընդդիմադիր փերֆորմանսը ձգձգվեց: Այսինքն` կարելի է քաղաքական գլոբալ ստրատեգիայի պայմաններում ինչ-ինչ թատերական բեմականացումներ անել, բայց քաղաքականությունը բեմ չէ: Կարելի է որոշակի ակցիաներ անել, եթե այդ ակցիաները տեղավորվում են լուրջ մտածած, հայտարարված, տպագրված ստրատեգիական այլ կողմնորոշումով քաղաքական ծրագրի մեջ: Ես այդ ծրագիրը ոչ մի ընդդիմադիր ուժից չեմ տեսել:

- Այսինքն` շատ արագ ու անփույթ քայլե՞ր են արվում:

- Անփույթ չէ: Քաղաքականությունը միշտ եղել է շոու, բայց, որպես կանոն, երկիրը կառավարում են այն մարդիկ, որոնք շոուների սիրահար չեն: Դա է ցավը` լինել իրական լծակները պահողի ձեռքին շոումեն, այնքան էլ հաճելի չէ: Շոուն բոլոր դեպքերում չի հաջողի, որովհետև եթե ուզում են շոու, թող նայեն, թե ի՛նչ արեց 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը: Ա՛յ դա գլոբալ քաղաքական ծրագիր էր, որը նույնպես ձախողվեց, որովհետև մարդը պետք է նաև պատրաստ լինի ռիսկային քայլերի գնալ հանուն իր քաղաքական ծրագրի: Չի կարելի հա՛մ կաշին փրկել, հա՛մ հեղափոխություն անել: Նման բան չի լինում:

Մանե Հարությունյան

MediaLab.am