«Պետք է փողոցը դարձնել որոշում կայացնելու տեղ՝ խորհրդարան, և խորհրդարանում հաստատել փողոցի՝ մարդկանց իշխանությունը». Լենա Նազարյան

12-04-2018
4105 դիտում
«Պետք է փողոցը դարձնել որոշում կայացնելու տեղ՝ խորհրդարան, և խորհրդարանում հաստատել փողոցի՝ մարդկանց իշխանությունը». Լենա Նազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

- Արդեն 12-րդ օրն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քայլերթ է իրականացնում։ Դուք էլ ԱԺ ամբիոնից եք իրազեկում 13-ի հանրահավաքի մասին։ Որքանո՞վ է հաջողվում փողոցի և խորհրդարանի կապն արդյունավետ օգտագործել:

- Չնայած հանրային և մասնավոր հեռուստաեթերների համընդհանուր բոյկոտին կամ խեղաթյուրված, կիսատ տեղեկություններ հաղորդելուն, ես կարող եմ ամենայն համոզվածությամբ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են տեղեկացված լինել, մեր 12-օրյա քայլերթի և ԱԺ-ում ակցիայի շնորհիվ տեղեկացված են: Առաջին փուլում դեռ միայն ակտիվ մարդիկ են տեղեկանում, նրանք ենք որոշում կայացնողները, նրանք պետք է առաջինն անեն իրենց քայլը ու արթնացնեն խոր հիասթափության մեջ գտնվող մարդկանց:

Ես հիմա զգում եմ, որ խորհրդարան մտնելուց հետո մենք երբեք այսքան մոտ չենք եղել մեր ընտրողներին, համախոհներին ու աջակիցներին, որքան հիմա ենք, այս օրերին: Ու սա հրաշալի զգացողություն է, անսպառ էներգիայի աղբյուր: Մարդիկ ճանապարհին ազդանշանով, ձեռքերով ողջունում են մեզ, գումար են տալիս, միրգ, գինի, այն, ինչ կարող են այդ պահին նվիրել՝ քաջալերելու, աջակցելու կամ իրենց շնորհակալությունը հայտնելու համար: Մեր գործողությունների բնույթը հնարավորություն է տալիս մարդկանց մասնակցել, ներգրավված լինել, իրենց չափով ներդրում ունենալ, քայլ անել:

Այս օրերին մեր արտաքին տեսքը հեռացել է խորհրդարանական ոճից, խոսքը, ապրելակերպը շատ բնական են դարձել: Մենք ուղիղ եթերով ցույց ենք տալիս, թե որտեղ ենք ճամբարում, ինչ ենք ուտում, մարդիկ լսում են մեր զրույցները, տեսնում են մեր վերաբերմունքը միմյանց հանդեպ, իսկ դա կարևոր է, որովհետև միայն այդպես են մարդիկ սկսում մեզ յուրային համարել, վստահել: Ես կարծում եմ՝ խորհրդարանում հայտնված ընդդիմության ամենամեծ ծուղակներից մեկը մարդկանցից, իրական կյանքից կտրվելն է:

Թվում է, թե խորհրդարանում հնչող հարցերը վերաբերում են մարդկանց կյանքին, խնդիրներին, ընդդիմադիրներն անում են իրենց գործը, բայց գնալով մարդիկ ավելի ու ավելի անհաղորդ են դառնում ԱԺ ամբիոնից հնչեցվող խոսքերին, ինչքան էլ դրանք կարևոր ու իմաստալից լինեն: Ներկայացուցչական ընդդիմության կարիքը պակասել է և գնալով նվազելու է, մարդիկ գործողության մեջ ներգրավված լինելու, մասնակցության կարիք ունեն, ու կենսունակ կլինի այն ընդդիմությունը, որն իր գործողություններով կստեղծի մասնակցելու ձևաչափը: Իզուր չէ, որ մեր կարգախոսն է՝ «Քայլ արա»:

- Հիմա փողոցում եք, որովհետև հնարավո՞ր չէ խորհրդարանի հարթակն օգտագործելով հաջողության հասնել։

- Պետք չէ հակադրել խորհրդարանն ու փողոցը, պետք է համադրել դրանք: Արշավային հագուստով ամբիոնից խոսելը հենց այդ համադրությունն էր: Խորհրդարանի ամբիոնից ազատության ջահ վառելը հենց այդ համադրությունն էր: Ամբիոնից հնչեցված մեր խոսքը խորհրդարանի ամբիոնից շատ հաճախ հնչեցվող ստանդարտ խոսք էր, չեմ կարող ասել, որ արտառոց ու բացառիկ ելույթներ էին, բայց մեր արտաքին տեսքը և գործողությունը շատ նման էին նրան, ինչ անում են փողոցում կամ ինչպիսի տեսք ունեն մարդիկ փողոցում, և դա էր պատճառը, որ մարդիկ նկատեցին, հավանեցին:

Իհարկե, դա իշխանություններին դուր չեկավ, որովհետև մենք այդ արարքով ինչ-որ չափով խորհրդարանում հաստատեցինք փողոցի, այսինքն՝ քաղաքացիների իշխանությունը: Ազատության ջահը վառելու պահը ոչ միայն հանրահավաքի իրազեկում էր, այլև մեծապես խորհրդանշական արարք: Դրա համար ոմանք դժգոհեցին, որ իմ հագուկապը պատշաճ չէ, որ ջահ վառելը վայել արարք չէ: Բնական է, որ իշխանություններին չպետք է դուր գար փողոցի մարդկանց սիմվոլիկան իրենց հարմարավետ ու անվտանգ տարածքում:

Պետք է փոխել փողոց-խորհրդարան մինչ այժմ գոյություն ունեցող տրամաբանությունը: Պետք չէ հակադրել, պետք է հնարավորինս շատ համադրել: Պետք է փողոցը դարձնել որոշում կայացնելու տեղ՝ խորհրդարան, և պետք է խորհրդարանում հաստատել փողոցի՝ մարդկանց իշխանությունը: Ինչքան շատ՝ այնքան լավ:

- Մենք տեսնում ենք, որ շատ ակտիվիստներ, ովքեր նախկինում պայքարում էին այս կամ այն խնդրի դեմ և ժամանակ առ ժամանակ հաջողում, այսօր չեն միանում Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության դեմ պայքարին։ Խնդիրը, ըստ Ձեզ, որտե՞ղ է։ Չե՞ն վստահում, թե՞ պարզապես չեն հավատում հաղթանակին։

- Աշխարհը փոխվում է շատ արագ: Արդեն մեռած են կամ կմեռնեն այն բոլոր կուսակցությունները, որոնք չեն հասկանա, որ ներկայացուցչական ժողովրդավարության այն ձևը, որը եղել է մինչև նորագույն տեխնոլոգիաների զարգացումը, այլևս գրավիչ չէ քաղաքացիների համար: Շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ կորցրել են վստահությունը կուսակցությունների հանդեպ: Իսկապես այդպես է: Ամբողջ աշխարհում: Բայց քիչ-քիչ նկատվում է նոր միտում: Tokyo Citizens First Ճապոնիայում, Common Man’s Party Հնդկաստանում, Podemos Իսպանիայում, En Marche! Ֆրանսիայում, Five Star Movement Իտալիայում, Pirate Party Իսլանդիայում, The Alternative Դանիայում, Net Party Արգենտինայում, Labour Party of Porto Alegri Բրազիլիայում և այլ նոր շարժումներ կարողացել են ոչ միայն հասնել լուրջ հաջողությունների ընտրություններում, այլև՝ անվերադարձ անցյալում թողնել խոշոր կուսակցություններին:

21-րդ դարի կուսակցություններն ու շարժումները պետք է լինեն բաց, հորիզոնական կառավարմամբ, թափանցիկ՝ հատկապես ֆինանսական հարցերում, կարողանան համադրել ներկայացուցչական և մասնակցային ժողովրդավարության ձևերը, լինեն նորարար, հնարամիտ, երիտասարդ (ոգով), ներգրավող, առաջնորդվեն ավելի շատ պրագմատիկ խնդիրների լուծմամբ և իդեալներով, քան գաղափարախոսությամբ, հրաժարվեն հին՝ աջ և ձախ բաժանումներից, խրախուսեն գենդերային հավասարությունը: 

Միայն այսպիսի ներառական և ներառվող բնույթ ունեցող կուսակցությունները կարող են գրավիչ լինել հանրային գործիչների համար: Ես շատ ուրախ եմ, որ #ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամների հետ, ովքեր սոցիալական ցանցերում կարծիք ձևավորող մարդիկ են, համագործակցության պրակտիկա ունենք: Ինչ վերաբերում է այլոց, ապա կարծում եմ՝ նրանք կամ կորել են տեսադաշտից, կամ էլ չեն ցանկանում քաղաքականացնել իրենց բարձրաձայնած խնդիրները: Նրանք մնալու են whistleblower-ի կարգավիճակում:

- Ընդհանրապես վերջին օրերին նկատվում է որոշակի հոգնածություն կամ հուսահատություն։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հարցազրույցներում նշում է, որ հնարավոր է՝ 50.000 մարդ չհավաքվի։

- Ընդհակառակը: Քայլարշավի մասնակիցները երբեք այսքան ոգևորգված չեն եղել, որքան քայլարշավի վերջին օրերին են: Մենք այնքան դրական լիցքեր ենք ստացել, որ կասկածի ոչ մի նշույլ չի մնացել: Արդեն հաղթահարված է շուրջ 200 կմ, արված է 300.000 քայլ, հաղթահարված են բոլոր եղանակային պայմանները, ճամբարային կյանքի դժվարությունները, կամքը կոփված է, և հետքայլ չի լինելու: Ինչ վերաբերում է 50.000 հոգուն, ապա մենք ասել ենք, որ ինչքան էլ մարդ հավաքվի, կա գործողության պլան: Քայլարշավը սկսվել է մեկ մարդուց, և եթե անգամ մեկ մարդ լինի Ազատության հրապարակում, ծրագրված գործողությունները տեղի կունենան:

- Ի՞նչ եք անելու ապրիլի 17-ից հետո, եթե Սերժ Սարգսյանն ընտրվի վարչապետ։ Շարունակելու եք խորհրդարանական հարթակո՞ւմ պայքարը։

- Շարունակելու ենք ամեն տեղ ու ամեն ինչ անել, որ Սերժ Սարգսյանը հեռանա թոշակի: Քանի դեռ կա Սերժ Սարգսյանը, իր շրջապատից դուրս գտնվող մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվելու: Ընտրական խեղված համակարգը գործելու է միայն ընտրակաշառքով, ՍԱՍ-ի Արտակը ընտրությունների ժամանակ ծաղրելու, նվաստացնելու ու վախեցնելու է սուպերմարկետի աշխատողներին, ուսուցիչները ցուցակներով ձայն են հավաքելու, տնտեսական լծակները շարունակելու են կենտրոնացված մնալ իշխանության հետ սերտաճած մի քանի մարդկանց ձեռքին, արդարադատությունը լինելու է քաղաքականացված, ընդերքը թալանվելու է օֆշորում գրանցված ու ԱԺ-ում նստած պատգամավորների ընկերությունների կողմից, շրջակա միջավայրը շարունակելու է աղտոտվել այնպես, կարծես այս երկրում այսօր ապրող սերնդից բացի էլ սերունդ չի ապրելու: Արդեն խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանը ստել է ու մոռացության մատնել իր մեծ ծրագրերի մասին խոստումները: Խնդիրն այն է, որ իմ թվարկած խնդիրներից ոչ մեկը լուծում չի ստանալու, քանի դեռ նա է երկրի ղեկավարը:

Մանե Հարությունյան

MediaLab.am