Հայաստանը բռնել է դեպի կոշտ ավտորիտարիզմի ճանապարհը. Ավետիք Իշխանյան

13-04-2018
3880 դիտում
Հայաստանը բռնել է դեպի կոշտ ավտորիտարիզմի ճանապարհը. Ավետիք Իշխանյան

Freedom House իրավապաշտպան կազմակերպության գնահատականները Հայաստանին արտացոլում են իրականությունը և օբյեկտիվ են: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Freedom House իրավապաշտպան կազմակերպության «2018 թվականի անցումային շրջանի երկրներ» զեկույցին:

Հիշեցնենք, որ զեկույցում կոշտ գնահատականներ են տրվում Հայաստանում տիրող իրավիճակին, նշելով, որ Հայաստանը ենթակա է ավտորիտարիզմի մեջ գլորվելու վտանգին: Զեկույցում Հայաստանը որակվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմով երկիր: Նշվում է, որ վատթարագույն արդյունքներ են գրանցվել ազգային ժողովրդավարական կառավարման և ընտրությունների ոլորտներում, և որ վերջին 10 տարիներին Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշը նվազել է, աճել է կոռուպցիան, վատթարացել են ընտրական գործընթացները:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է՝ զեկույցում իրականությունն է արտացոլված: Նրա խոսքով՝ այն, որ 1990-ական թվականներից ի վեր Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել, փաստ է: «Բայց ամեն դեպքում անձերի փոփոխություն եղել է, այսինքն՝ նույն անձը, ինչպես կոշտ ավտորիտար երկրներում է, չի մնացել իշխանության: Բայց եթե գնահատենք հատկապես 2013 թվականից հետո զարգացումները, ապա մենք արդեն սկսեցինք գնալ ավելի կոշտ ավտորիտարիզմի ճանապարհով: Այսինքն՝ մեկ անձի իշխանություն է, որևէ փոփոխություն չի լինում: Սա արդեն լուրջ ցուցիչ է դեպի կոշտ ավտորիտար երկրի ճանապարհ բռնելու համար»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ եթե դրան գումարվի Հայաստանի պետական հիմնարկներում, այդ թվում՝ դպրոցներում, տիրող իրավիճակը, երբ պաշտոնյաների առանձնասենյակներում հանրապետության նախագահի նկարներն են փակցվում, ապա դա ևս ցուցիչ է, որ մենք գնում ենք դեպի ավելի կոշտ ավտորիտարիզմ:

Մյուս փաստը, ըստ իրավապաշտպանի, այն է, որ երբ անդրադառնում ենք վերջին 10 տարիների իրավիճակին, ապա ընտրությունների հետ կապված 2008 թվականից արդեն մենք թևակոխեցինք մի փուլ, երբ ամենաաղաղակող դեպքերը եղան: Այդ ընտրությունների հետևանքով մենք ունեցանք 10 զոհ: Եվ այստեղ ամենակարևոր խնդիրը, ըստ Իշխանյանի, այն է, որ հանրությունն այդպես էլ մինչ օրս պատասխան չստացավ այդ զոհերի մահվան հանգամանքների հետ կապված:

«Սա այն խարանն է, որը մնաց 10 տարվա ընթացքում: Դրանից հետո մնացած բոլոր ընտրություններն անցկացվեցին կեղծիքներով և այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք գերազանցեցին նախորդ տեխնոլոգիաները: Շատերը կարող են ասել, թե վերջին ընտրությունների ժամանակ բողոքներ չեղան: Բայց նախ պետք է հաշվի առնել, որ նախորդ տարի խորհրդարանական ընտրություններ էին, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո բողոքներ չեն լինում: Երկրորդ՝ դա ցույց է տալիս, որ իշխանությունները կարողացան հետևողականորեն, վարչական ու ֆինանսական ռեսուրսներով այնպիսի քվեարկություն «կազմակերպել», որ ունեցան աննախադեպ բարձր ձայներ: Սա ցույց է տալիս, որ նահանջ է եղել ժողովրդավարությունից, որովհետև 60 տոկոս ձայն ժողովրդավարական երկրում անհնար է ստանալ»,- նկատում է իրավապաշտպանը:

Մյուս խնդիրը, որը բացասական է ազդում երկրի ժողովրդավարության վրա, քաղբանտարկյալների առկայությունն է: Ավետիք Իշխանյանի խոսքով՝ 1990-ական թվականներին նույնպես Հայաստանում քաղբանտարկյալներ են եղել, բայց նրանք կապ են ունեցել հետընտրական զարգացումների հետ և որոշ ժամանակ անց ազատ են արձակվել:

«Այս 10 տարվա ընթացքում և հատկապես 2013 թվականից սկսած մենք արդեն ունեցանք, այսպես կոչված, պերմանենտ քաղաքական բանտարկյալներ: Ընդհուպ մինչև հնարովի ու սարքովի գործեր ունեցանք, ինչպես Ժիրայր Սեֆիլյանի ու Սամվել Բաբայանի գործերն են: Մենք աննախադեպ երևույթ տեսանք Հայաստանում, երբ դատարանի շենքում ծեծի ենթարկեցին ամբաստանյալներին»,- ասաց նա:

Ըստ Ավետիք Իշխանյանի՝ եթե գնահատելու լինենք նաև սոցիալական իրավունքները, միայն աղքատության մակարդակի բարձրացումը ցույց է տալիս, թե Հայաստանը սոցիալական իրավունքների ինչ անկում է ապրել:
Անձնակենտրոն իշխանության շարունակականության առումով այսօր Հայաստանը, իրավապաշտպանի խոսքով, կարող համեմատվել մեզնից արևելք ընկած երկրների հետ միայն:

«Եվ այս իմ գնահատականներից հետո, երբ դիտարկում ենք Freedom House-ի զեկուցյը, կարող ենք ասել, որ այն բավական օբյեկտիվ է: Ինչքան էլ մեր իշխանությունները խելոք դեմքերով ասում են, թե ընտրություններում իրենք քվե են ստացել, թե դրանք համապատասխանել են միջազգային չափանիշներին, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ես այստեղ կուզեի երկու հարց հիշեցնել: Մեկն այն է, որ խելոք դեմքի արտահայտությունը դեռևս խելքի նշան չէ: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչպես են անցկացրել ընտրությունները, հանրությունն էլ գիտի: Երկրորդ՝ երբ ասում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Սահմանադրությամբ էլ դա հռչակված է, ապա ես մի երկրի օրինակ կբերեմ, որի անվան մեջ երկու անգամ «ժողովրդավարություն» բառը կա ՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը»,- եզրափակեց Իշխանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am