Սերժ Սարգսյանի երեք ճանապարհները՝ փախուստ, արյունահեղություն, նոր ընտրություններ

20-04-2018
15671 դիտում
Սերժ Սարգսյանի երեք ճանապարհները՝ փախուստ, արյունահեղություն, նոր ընտրություններ

Հեղափոխությունը խաղի կանոններ չունի։ Նույնիսկ եթե այն թավշյա է։ Ոստիկանությունը կարող է հանդես գալ հայտարարություններով, կոչ անել պահպանել «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթները։ Բայց այլևս իրավիճակին չի տիրապետում։

Ոստիկանությունը պետք է սկսի խաղալ հեղափոխության կանոններով, այսինքն՝ ջարդել երիտասարդներին կամ անցնել նրա կողմը։ Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է։ Սերժ Սարգսյանը խաղից դուրս է, նույնիսկ եթե ամեն օր եթերներում լինի։ Իր նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները շրջվեցին նրա դեմ։ ՀՀԿ-ականների ծիծաղելի փաստարկը, թե Սարգսյանը պետք է հանուն կայունության դառնա վարչապետ, երկրում ստեղծեց անկայուն վիճակ։ Եվ սրա համար նրանք պատասխան են տալիս՝ իշխանությունը կորցնելով։ Հայաստանում հեղափոխություն է։

Սերժ Սարգսյանի՝ բազմամարդ հանրահավաքներն իր համբերությամբ մաշեցնելու ԱԱԾ-ական խորամանկություններն այլևս չեն գործում։ Նրա համար ամենավտանգավորն այն է, որ դեպքերի հետագա զարգացման մեջ նրա բոլոր գործողությունները ենթադրում են փախուստ։ Նույնիսկ երկխոսությունը հնարավոր չէ, թերևս միայն իշխանությունը զիջելու ճանապարհի շուրջ երկխոսությունը կարող է աշխատել, բայց դա ենթադրում է նրա ամբողջ շրջապատի զոհաբերություն։ Որովհետև իշխանությունը զիջում են միայն սեփական կյանքի պահպանման գնով։

Սերժ Սարգսյանը կարող է ուրախանալ միայն այն փաստով, որ ինքը երկրում ամբողջական բռնապետություն չի հաստատել, այլապես այս ամենը կարող էր ավարտվել ուղղակիորեն գլուխներ թռցնելով։ Այսօր բանը դրան չի հասնի։ Նա պետք է մտածի քաղաքակիրթ տարբերակը, որը «նահանջ» բառով բնորոշելը մեղմ է։ Դա լինելու է փախուստ։ Ինչ-որ մեկը այսօրվա դրությունը պետք է ճշմարտությունն ասի Սերժ Սարգսյանին, որովհետև երեկվա հարցազրույցից տպավորություն էր, թե նա խոսում է աֆրիկյան այլևս գոյություն չունեցող Սվազիլենդ պետության ընդդիմությունից ու ցուցարարներից։ Թեպետ ես կարծում եմ, որ ինքը լավ է պատկերացնում, թե ինչի մեջ է ընկել։ Ի վերջո, անձամբ է ձևել այն փորձանքը, որի մեջ հայտնվել է։

Հանրապետականները հրաժարվում են ներկայացնել իրենց պատկերացումները իրավիճակից դուրս գալու ելքերի մասին։ Որովհետև նրանք վաղուց սովոր չեն ինքնուրույն պատկերացնել ճգնաժամը։ Նրանք նույնիսկ չգիտեն, թե դա ի՛նչ է 1998-ի փետրվարի 3-ից այս կողմ։ 20 տարի այս կուսակցությունը Սերժ Սարգսյանի ամենագործուն ջանքերով դարձել էր Հայաստան կոչվող աղբյուրի վրա նստած հրեշ։ Եվ աշխարհում չկա մի հրեշ, որն ինքն իրեն դեմքով կճանաչի։

Այդ հրեշի հետ հնարավոր չէ խոսել մարդու լեզվով։ Սերժ Սարգսյանը վերջին մեկ շաբաթում երկու անգամ հարցազրույց է տալիս, իբր բաց է ընկալման և բացատրությունների համար։ Մարդը չափազանց ուշացել է։ Հիմա արդեն իրավիճակից երկու ելք կա՝ արյունահեղություն կամ փախուստ։ Նոր Մարտի 1-ի համար այդ մարդը պարզապես ռեսուրս չունի։ Չի կարող նույնիսկ հազարավոր երիտասարդների լցնել բանտերը։ Այդ երիտասարդները իրենց թիվը գերազանցող հարազատներ ունեն։ Այդ հարազատները պարզապես թքած ունեն երկրի կայունության և անվտանգության վրա։

Սերժ Սարգսյանը չունի նաև երկխոսության ռեսուրս։ Որովհետև նրա հետ բոլոր երկխոսությունները տապալվել են բռնցքամարտով կամ աղոթքով։ Ինքը չի կարող առաջարկել նաև իր տարբերակը, որովհետև նրա հետ երկխոսողը Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ Փաշինյանն իր անունից չի երկխոսելու։ Այնուամենայնիվ, ի՞նչ կարող է առաջարկել Սերժ Սարգսյանը՝ Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններ ընդդիմության խաղի կանոններով։

Խորհրդարանն արագորեն չեղյալ է համարում ռեյտինգային ընտրակարգը, Ընտրական օրենսգիրքը կարում է ընդդիմության հագով և իրավիճակի քաղաքական փակուղու պատճառով գնում է «սահմանադրազանց» քայլի՝ ինքնալուծարվում է հանուն պետության կայունության և անվտանգության։ ՀՀԿ ընտրացուցակում բացառվում է օլիգարխիայի մասնակցությունը, օլիգարխիան պետք է կանգնի քաղաքական ուժերի թիկունքին, փողը չի փախչելու, պետք է սկսի աշխատել քաղաքական ուժերի հետ։ Հենց սա է, որ թույլ չի տվել Սերժ Սարգսյանը, նա փողը կենտրոնացրել էր ՀՀԿ-ում։ Նոր խորհրդարանի ընտրությունները, որոնք պիտի որ լինեն ամենալեգիտիմը վերջին 20 տարիներին, վստահաբար Ազգային ժողովում փոքրամասնություն կդարձնեն ՀՀԿ-ին, եթե իհարկե չթաղեն։ Ու Սերժ Սարգսյանը կդառնա պատմություն։

Մհեր Արշակյան

MediaLab.am