«Սա վտանգավոր սցենար է Հայաստանի, բայցև շատ վտանգավոր հենց իր՝ Սերժ Սարգսյանի համար». Հայկ Ա. Մարտիրոսյան

22-04-2018
10907 դիտում
«Սա վտանգավոր սցենար է Հայաստանի, բայցև շատ վտանգավոր հենց իր՝ Սերժ Սարգսյանի համար». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը: 

- Պարոն Մարտիրոսյան, ավարտվեց Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպումը։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իր հրաժարականի պահանջը շանտաժ է և սպառնալիք։ Սա արդյոք նշանակում է, որ իշխանությունը դիմելու է բռնի ուժի՞։

- Այո: Անկասկած: Վարչապետը հայտնվել է ցայտնոտում: Իր կյանքում առաջին անգամ Հայաստանի պես գավառական քաղաքական մշակույթ ունեցող փոքրիկ երկրում նա հանդիպել է մի ախոյանի, որին չի կարողանում կոտրել, խաբել և հմուտ հնարքներով ոչնչացնել: Միաժամանակ զգում է, որ կարող է կորցնել իշխանությունը: Եվ արդյունքում՝ հայտնվել է ցայտնոտի մեջ, կորցրել հավասարակշռությունն ու դուրս եկել իր ավանդական գործելաոճից: Դա վտանգավոր սցենար է: Վտանգավոր՝ Հայաստանի համար, բայցև շատ վտանգավոր հենց իր՝ վարչապետի համար:

- Ի դեպ, հիշեցում կար նաև Մարտի մեկին, որ Նիկոլ Փաշինյանը Մարտի մեկից դասեր չի քաղել։ Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ հանգուցալուծում է հնարավոր այս փուլում։

- Դա ուղղակի սպառնալիք է: Բացահայտ ծանուցում այն մասին, որ կարող է լինել ևս մեկ Մարտի մեկ: Այս անգամ՝ թերևս առավել մեծ: Դա նաև շոկային հայտարարություն է: Այն առումով, որ առաջին անգամ Սարգսյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ դադարել է ջանքեր գործադրել՝ աշխարհին ժողովրդավար և խիստ ընդունելի երևալու համար: Դա նշանակում է, որ ընտրվել է ամեն ինչի վրա աչք փակելով, ամեն ինչ մերժելով իշխանություն մնալու տարբերակը: Ելնելով հենց իր՝ վարչապետի խոսքից՝ դա նշանակում է, որ Մարտի մեկի կրկնությունը մեծապես հնարավոր է:

- Պարոն Մարտիրոսյան, Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ արցախա-ադրբեջանական շփման գծում նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր։ Արդյոք նման հայտարարությունը նպատակ չունի՞ կանխելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։

- Իրականում ռազմաճակատի ողջ երկայնքով Ադրբեջանը հարձակողական խոշոր ուժեր վաղուց էր կենտրոնացրել: Հիմա, թերևս, սկսել են ակտիվորեն շարժվել: Դա կարող է սպասարկել Ադրբեջանի շահերը, բայց նաև՝ Հայաստանի ներկա իշխանությունների, որոնք այդ հանգամանքը կարող են ներկայացնել որպես արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու հիմք:

- Եթե կրկին բռնություններ գործադրվեն խաղաղ ցուցարարների նկատմամբ, ի՞նչ է սպասում Հայաստանին միջազգային ասպարեզում։

- Հայաստանը վաղուց Արևմուտքում դիտարկվում է որպես Ռուսաստանի վասալ՝ մի անպատիվ տարածք, որտեղ տեղական կառավարիչները կարող են մի փոքր ժողովրդավար երևալու հաշվին որոշակի ընդունելության արժանանալ, ստանալ վարկեր և այլն: Մարտի մեկին հղումը, մահացու, արյունաբեր ուժի կիրառման բացահայտ ու բաց սպառնալիքը և դրա հնարավոր իրագործումը առկա Արևմուտք-Ռուսաստան սուր առճակատման համատեքստում Հայաստանը դարձնելու են աքսորյալ և մերժված մի պետություն: Վարկեր չեն տրամադրվելու, ճնշումները դառնալու են բացահայտ, տնտեսական ծանր իրավիճակ է ստեղծվելու, իսկ Ադրբեջանի հետ հակամարտության պայմաններում երկու Ադրբեջաններից աջակցությունը արդեն անկաշկանդ կերպով տրվելու է իսկական Ադրբեջանին:

Մանե Հարությունյան

MediaLab.am