«Կարեն Կարապետյանը շատ լավ հասկանում է, որ արդար ընտրությունները կբերեն նոր Հայաստանի կերտմանը, որտեղ իրենք տեղ չունեն». Արա Պապյան

27-04-2018
16171 դիտում
«Կարեն Կարապետյանը շատ լավ հասկանում է, որ արդար ընտրությունները կբերեն նոր Հայաստանի կերտմանը, որտեղ իրենք տեղ չունեն». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

-Պարոն Պապյան, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն կարծես չի ուզում զիջել դիրքերը: Կարեն Կարապետյանն ամեն գնով փորձում է դառնալ վարչապետ: Ի՞նչ է կատարվում:

-Կարեն Կարապետյանը՝ որպես ռուս-հայկական խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչ, չի ուզում իր դիրքերը զիջել: Նա լավ է հասկանում, որ արդար ընտրությունները կբերեն նոր Հայաստանի կերտմանը, որտեղ իրենք, կոնկրետ Կարեն Կարապետյանը չի կարող գազի սպեկուլյատիվ վերավաճառքով կամ չմատուցած ծառայությունների համար գանձումներ անելով, միլիոններ պոկել ժողովրդից, որտեղ իրենք տեղ չունեն: Այսինքն՝ բնական երևույթ է, երբ որ դիմադրում են և չեն ուզում զիջել իշխանությունը, որն իրենց բիզնեսի հիմքն է, իշխանությունը սերտաճած է փողի հետ:

-Եվ ի՞նչ լուծում եք տեսնում իրավիճակին: Մայիսի մեկին խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կամ ինքը պետք է լինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Ժողովուրդը պահանջում է, որպեսզի վարչապետ լինի հենց Նիկոլ Փաշինյանը: Իսկ ՀՀԿ-ն կոչ է անում ուլտիմատումներ չդնել և կարծես ակնարկում է սեփական թեկնածուն ունենալու մասին:

-Նիկոլ Փաշինյանը մինչ այժմ գործել է օրինական դաշտում, պետք է շարունակի գործել: Այսինքն՝ ինքը չպետք է իրեն փողոցում հայտարարի վարչապետ, այլ իրեն պետք է ընտրեն վարչապետ Ազգային ժողովում: Չպետք է որևէ մեկի մտքում, Արևմուտքում, Արևելքում, որտեղ էլ լինի, կասկած լինի Նիկոլի՝ թեկուզ և ժամանակավոր վարչապետ լինելու օրինականության հարցում: Նրանք, ովքեր ասում են՝ դա հնարավոր չէ, սխալվում են: Մենք ունեցել ենք նախադեպ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն սովետի նախագահ, այն պարագայում, երբ ՀՀՇ-ն ուներ փոքրամասնություն խորհրդարանում: Այսինքն՝ խորհրդարանում ունեցած ձայները շատ հաճախ չեն արտահայտում քաղաքական տրամադրությունները, որոնք առկա են ժողովրդի մոտ: Առավել ևս այս խորհրդարանը բնավ չի արտացոլում հասարակության տրամադրությունները: Նրանք, ովքեր քիչ թե շատ հայկական իրողությունները հասկանում են, պատկերացնում են, որ խորհրդարանական ընտրությունները կեղծված են եղել:

Ես կարծում եմ, որ այդ տակտիկան ճիշտ է՝ շարունակել ցույցերը և մայիսի մեկին ամենամեծ հավաքի տեսքով Ազգային ժողովի պատգամավորներին պարտադրել, որ նրանք քվերակեն Նիկոլի օգտին: Եթե իրենք դա չանեն, ըստ դրա կարելի է այլ տակտիկա որդեգրել: Բայց ես մեծապես հավատացած եմ, որի նրանք խոհեմ կգտնվեն և սիրով կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին:

-Մենք նաև ականտես ենք լինում, որ դարձյալ Ռուսաստանից «մարդ բերելու» քաղաքականությունն է կիրառվում: Նախ Հայաստանի փոխվաչապետի պաշտոնակատար Արեմն Գևորգյանը այց կատարեց Մոսկվա, հետո ՌԴ նախագահ Պուտինը զանգեց Կարեն Կարապետյանին: Ի՞նչ է կատարվում, հնարավո՞ր է Մոսկվան միջամտի այս գործընթացին:

-Նախ մի քիչ չափազանցված է տեղեկությունը, թե Ռուսաստանն աջակցում է Կարեն Կարապետյանին: Մենք իրականության մեջ չգիտենք մանրամասները, թե ինչ են խոսել նրանք: Մենք գիտենք այն, ինչ  մեզ ներկայացնում է Կարեն Կարապետյանի թիմը, իսկ որպես կանոն՝ բանակցությունների կամ զրույցների արանքում մի մեծ բան դուրս է մնում:

Առաջինը, Պուտինը չէ, որ պետք է որոշի, թե ով պետք է լինի ՀՀ վարչապետը: Այո, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց մեր գաղութարարը չէ, և Կարեն Կարապետյանն էլ այստեղ փոխարքա չէ: Հետևաբար, այն վերնախավը, որը Ռուսաստանում աջակցում է Կարեն Կարապետյանին, պետք է ընտրություն կատարի, թե ինչ է ուզում՝ ուզում է Կարեն Կարապետյան ունենա և վաստակի հայ ժողովրդի ատելությունն ու թշնամանքը, թե՞ ուզում է բարիդրացիական ու դաշնակցային  հարաբերություններ: Շատ պարզ է ընտրությունը՝ կամ հայ ժողովուրդը, կա Կարեն Կարապետյանը:

Երկրորդ հանգամանքն այն է, որ Ռուսաստանում պետության անունից գործում են բիզնես խմբավորումներ, որոնք զուտ իրենց շահերն ունեն: Այդ թալանը Հայաստանում շարունակելու համար իրենց Կարեն Կարապետյան է պետք:

Պետք է շեշտել, որ Նիկոլ Փաշինյանը խոհեմ գտնվեց՝ մի քանի անգամ հայտարարելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր միջազգային պարտավորություններին, կտրուկ շրջադարձեր չեն լինելու: Այո, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց խնդիրներ կան կուտակված, ինքը դա շեշտեց, դրանք պետք է լուծվեն: Այսինքն՝ ես էլ եմ կողմ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, բայց դաշնակցային և ոչ թե գաղթութարար: Չի կարող Ռուսաստանը Հայաստանի շահը մի կողմ դնի և զենք վաճառի մեր թշնամուն՝ ձևացնելով, թե իբր ինքը դաշնակից է: Այս ամբողջը, որն այսօր Ռուսաստանը տեսնում է, նաև այն 4 մլրդ դոլարի զենքի հետևանքն էր, որը վաճառվեց Ադրբեջանին: Այսինքն՝ ինքն իր դաշնակիցին վաճառեց, հիմա էլ պատասխանն է ստանում: Այնպես, որ այս տրամադրություններն աստիճանաբար են կուտակվել, և այսօր ունենք այն, ինչ ունենք:

-Այսինքն՝ ոչ մի արտաքին ճնշում չպե՞տք է լինի, միայն Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի՞:

-Ժողովուրդն արդեն որոշել է, իսկ Ազգային ժողովը պետք է ընդամնեը հաստատի:

-Նիկոլ Փաշինյայնն ասում է՝ սա զուտ հայկական հեղափոխություն է, ոչ մի արտաքին ազդեցություն չկա: Դուք ի՞նչ եք նկատում:

-Իհարկե, դա այդպես է:  Հիմնավորեմ, թե ինչու: Նախ, ոչ մի պետություն, ոչ մի արտաքին ուժ մեծ ցանկության դեպքում անգամ, եթե չկա դրա համար օբյեկտիվ հիմք, չի կարող հեղափոխություն կամ ժողովրդական մեծ շարժում հրահրել: Վկա է ԽՍՀՄ ամբողջ գոյությունը, միլիարդներ էր ծախսվում տարբեր տեղերում հեղափոխություն հրահրելու համար, կարողացա՞ն ինչ-որ բան անել, ոչ:

Մենք շատ պարզ տեսնում ենք, որ որևէ նախանշան չկա, որ այս ամբողջ շարժման թիկունքին ինչ-որ օտար ուժ է կանգնած: Ռուսների միակ փաստարկն այն է, որ ասում են՝ Հայաստանում մեծ ամերիկյան դեսպանատուն կա:

Այո, կա, հետո ի՞նչ: Իսկ ո՞վ ասաց, որ այդ դեսպանատունը զբաղված է միայն Հայաստանով, այն մեծ ռեգիոնալ նշանակություն ունի: Շատ բնական ու ողջունելի է, որ ամեն դեսպանատունն իր երկրի շահերն օրինական միջոցներով պետք է առաջ մղի: Կա օրինավոր ու չափավոր միջամտություն, կա անահամաչափ: Ռուսաստանն էլ է միջամտում, ինֆորմացիոն միջամտություն և այն:

Այն, ինչ չափավոր է, ընդունելի է: Անընդունելի է, եթե հանկարծ Ռուսաստանը փորձի ճնշումների կամ ուժային մեթոդների դիմել, այդ դեպքում վերջնականապես կկորցնի Հայաստանը: Գուցե Հայաստանի համար վատ լինի ՌԴ շահերի հետ այդ բախման պարագայում, բայց Ռուսաստանի համար հաստատ ավելի վատ կլինի: Մենք կարող ենք աշխարհում Ռուսաստանի փոխարեն գտնել դաշնակից, իսկ Ռուսաստանը մեր փոխարեն Հարավային Կովկասում դաշնակից չի կարող գտնել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am