«Հաջողության ամենակարևոր հանգամանքներից մեկն այն էր, որ մենք կարողացանք բացառել թշնամական վերաբերմունքն ու ատելությունը». Լենա Նազարյան

28-04-2018
7580 դիտում
«Հաջողության ամենակարևոր հանգամանքներից մեկն այն էր, որ մենք կարողացանք բացառել թշնամական վերաբերմունքն ու ատելությունը». Լենա Նազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

-Ի՞նչն էր, ըստ Ձեզ, այս շարժման հաջողության գրավականը։ Մինչև հիմա արվել էին քայլեր, բայց ոչ մեկին չէր հաջողել նման արդյունքի հասնել։

- Դեռ երկար կխոսենք այս մասին, բայց կարծում եմ ամենակարևոր հանգամանքներից մեկն այն էր, որ մենք կարողացանք բացառել թշնամական վերաբերմունքն ու ատելությունը: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապրում ու կիսում էին իրենց ճնշվածությունը միայն իրենց ընտանիքներում ու ընկերների հետ, այդ ճնշվածությունը հանեցին փողոց, բայց չվերածեցին ատելության ու բռնության:

Այդ ճնշվածությունը վերածվեց պայքարի ուրախության, վերածվեց միմյանցով հպարտանալու ուրախության, վերածվեց մի նպատակի համար համատեղ գործելու ուրախության: Մեր երթերը վերածվում էին մեծ տոնակատարությունների՝ ծափողջույններով ու ժպիտներով: Մարդիկ իրենց էներգիան ծախսում էին իրար օգնելու, քայլելու, գոռալու, կատակելու, ուրախանալու վրա: Մարդիկ ուրախ էին, որ վերջապես մենակ չեն, վերջապես հանդիպել են այդքան հարազատ, բայց՝ օտարված մարդիկ: Իհարկե, այլ գործոններ էլ կային, բայց առայժմ կուզեի սա նշել:

- Ինչպե՞ս եք գնահատում այս պահին ստեղծված իրավիճակը։ Կարծում եք՝ ավելի բա՞րդ է Կարեն Կարապետյանի հրաժարականին հասնելը, քան Սերժ Սարգսյանի դեպքում էր։

- Ոչ, իհարկե: Կարեն Կարապետյանը չունի այն աջակցությունը, որն ուներ Սերժ Սարգսյանը: Քիչ առաջ էլ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «Ֆեյսբուքում» գրառում արեց, որ ՀՀԿ խմբակցության քննարկումներում կարող է հետևողականորեն հանդես գալ այն դիրքերից, որ ստեղծված իրավիճակում ֆրակցիան պետք է միաձայն քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ Կարեն Կարեպտյանի վարչապետ ընտրվելը բարդացնելու է իրավիճակը, ու հանգուցալուծումը կարող է լինել միայն Նիկոլ Փաշինյանին ընտրելու դեպքում:

Այլ՝ ՀՀԿ, ԲՀԿ թեկնածուներ նույնպես չեն կարող լինել: Եվ, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը լինելու է ժամանակավոր վարչապետ, որպեսզի ապահովի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ազատ, արդար, առանց ընտրակաշառքի անցկացումը: Արտահերթ ընտրությունների ժամանակ բոլոր քաղաքական ուժերն արդեն կներկայացնեն իրենց ծրագրերն ու վարչապետի թեկնածուներին, ու թող ընտրվի այն թիմը, ում ժողովուրդը կվստահի:

- Վերջին օրերին ռուս պաշտոնյաների հայտարարությունները, նաև անհարկի միջամտությունները արդյո՞ք անհանգստանալու տեղիք են տալիս, որ Ռուսաստանն արդեն փորձում է միջամտել և հենց իր ցանկալի թեկնածուին վարչապետ դարձնել։

- Մենք շատ ուշադիր ենք եղել արտաքին աշխարհի հայտարարությունների նկատմամբ և անմիջապես արձագանքել ենք, որպեսզի մեր փոխարեն որևէ մեկն այլ մեկնաբանություններ չանի: Մենք շատ հստակ ասել ենք, որ այս շարժումը հայկական ծագում ունի և պետք չէ այլ աշխարհաքաղաքական միջամտություններ փնտրել: Կարծում եմ՝ մեզ հաջողեց սրանում համոզել բոլորին: Մենք թույլ չենք տա որևէ կողմի միջամտել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

- Հաշվի առնելով երեկ Գյումրիում բազմամարդ հանրահավաքը՝ Երևանում վաղվանից ավելի հուժկո՞ւ հանրահավաքներ կլինեն։

- Հավաքները Երևանում կվերսկսվեն վաղվանից և կտևեն մինչև մայիսի 1-ը՝ Ազգային ժողովում ընտրությունները: Եթե մարզերից էլ մարդիկ գան Երևան, ապա կգերազանցվեն Հայաստանում հավաքների բոլոր ռեկորդները: Հուսամ՝ ԱԺ-ում բոլոր քաղաքական ուժերը գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում ոչ մեկը չի պատրաստվում տուն գնալ:

- Արդյոք իշխանությունը խաղո՞ւմ է ժամանակի վրա, և արդյոք ժամանակը կարո՞ղ է աշխատել իշխանության օգտին։

- Ո՛չ: Արդեն սկսվել է քաղաքացու հաղթանակի ժամանակը և այն չի կարող հակառակ ուղղությամբ աշխատել:

Մանե Հարությունյան

MediaLab.am