«Երբ լսեցինք Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրը, տղաներս շամպայնով եկան իմ տուն եւ  հարցրին, թե արդյոք ժամանակը չէ, որ գնանք Հայաստան». Վալերի-Աշխեն Գործունյանը:

29-04-2018
6062 դիտում
«Երբ լսեցինք Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրը, տղաներս շամպայնով եկան իմ տուն եւ  հարցրին, թե արդյոք ժամանակը չէ, որ գնանք Հայաստան». Վալերի-Աշխեն Գործունյանը:

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

-Նախօրեին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ սատարելու է ժողովրդի թեկնածուին, գրեթե նույնն է հայտարարել նաև ՀՅԴ-ն, իսկ ՀՀԿ-ն էլ հայտնել է, որ թեկնածու չի առաջադրելու։ Կարո՞ղ ենք ասել, որ թավշյա հեղափոխությունը հաղթանակում է։

-Այո, այլևս կասկած չկա, որ վարչապետ է ընտրվելու Նիկոլ Փաշինյանը, որից հետո նրա համար ամենադժվար խնդիրներն են առաջ գալու։ Մենք բոլորս հիմա ուրախ ենք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, որ ՀՀԿ-ն թեկնածու չունի, բայց ես այնքան էլ մեծ վստահություն չունեմ հանրապետականների նկատմամբ։ Եթե այնպես պատահի, որ առաջիկա ամիսներին ՀՀԿ-ն մնա իշխանության, չգիտենք, թե ինչեր կարող են լինել։ Դրա համար մտահոգված ենք, բայց հույս ունենք, որ Հայաստանը կդառնա մի քիչ ավելի արդար, մի քիչ ավելի սոցիալապես ապահովված երկիր։

Տեսեք, Ֆրանսիայում էլ երբ Մակրոնը եկավ, մենք չէինք սպասում, այդքան երիտասարդ գործիչը կկարողանա հաջողություն ունենալ, բայց նրա գալուց հետո բավական փոփոխություններ են եղել։ Նույնիսկ քաղաքական հին ուժերը փոխվեցին, նոր երիտասարդներ, նոր մտքեր բերեց, ինչը լավ է։ Լավ կլիներ, եթե ՀՅԴ-ն էլ վերլուծեր իրավիճակը, թե արդյոք ինքը ճիշտ է, արդյոք փոփոխություններ պետք չեն նաև իրենց ներսում։

-ՀՅԴ-ն նույնպես հայտարարել է, որ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ի՞նչ կարծիք ունեք նրանց այս որոշման մասին։

-Գիտեմ, բայց իրենք շատ քաղաքական սխալներ են արել՝ կոալիցիա կազմելով ՀՀԿ-ի հետ։ Հիմա Դաշնակցությունը պետք է վերաարժևորի իր քայլերը, ընդունի իր սխալները ու փոխվի։ Հիմա հույս ունեմ, որ բոլոր դժվարությունները հնարավոր կլինի հաղթահարել, որովհետև բոլորս էլ գիտենք, թե ինչ վիճակում է մեր երկիրը և ինչ մեծ գործեր կան անելու։ Բայց երբ կա վստահություն, կա ցանկություն, ապա պարոն Փաշինյանը կարող է և հաջողել։

-Փաստորեն վստահության պակասի, նաև խաղի ոչ արդար կանոնների պատճառով Դուք հեռացաք Հայաստանից, ձեր բիզնեսը կորցրեցիք։ Հիմա հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի վերադառնաք Հայաստան, եթե իսկապես տնտեսական դաշտը բարեալվվի։

-Այո, երբ լսեցինք Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրը, տղաներս շամպայնով եկան իմ տուն՝ նշելու այդ իրադարձությունը։ Նրանք հարցրին, թե արդյոք ժամանակը չէ, որ գնանք Հայաստան, ինչին ես արձագանքեցի, թե դեռ մի քիչ շուտ է։ Ես իսկապես շատ եմ ուզում, բայց Հայաստանում նորից բիզնես սկսելը, անուն հանելը շատ երկարատև գործընթաց է, իսկ ես արդեն փոքր չեմ։

Բայց եթե Հայաստանն իսկապես դառնա արդար երկիր ու եթե տղաներս որոշեն գնալ այդ ճանապարհով, ես իրենց մեծ սիրով կգամ կօգնեմ։ Ես երբ եկա Հայաստան 1995-ին, Հայաստանում էլեկտրականություն չկար, գազ չկար, ջուր չկար, բայց մենք մեծ հույսեր ունեինք։ Դա շատ կարևոր է ու հիմա էլ այս հեղափոխության խնդիրը ժողովրդի վստահությունն ու հույսը հետ բերելն էր։ Դա մեծ գործ է, որովհետև եթե մարդը հույս ունի, նա պատրաստ է պայքարելու։

Եթե մարդը տեղյակ է, որ դժվարություններ են լինելու, բայց նաև հույս ունի, նա պայքարում է, աշխատում է և առաջընթաց է գրանցում։ Պետք է սփյուռքն էլ վերադառնա, որովհետև մենք շատ լավ երկիր ունենք։ Մեր ժողովուրդը աշխատող է, ստեղծագործող է, ու եթե  արդարություն լինի, հավասար պայմաններ լինեն բոլորի համար,  Հայաստանը վստահ եմ, որ ծաղկելու է։

Ես դրանում համոզված եմ։ Այն չարություն ու նախանձը, որ կար մեր հասարակության մեջ, մյուս կողմից աղքատությունը եթե փոխվեն, եթե ժողովուրդը մի քիչ ավելի մարդկային վերաբերմունքի արժանանա, եթե օլիգարխները իրենց ավելի մարդավայել պահեն, ցուցադրաբար չընդգծեն իրենց արտոնությունները, եթե մարդիկ իրար ավելի հարգեն, վստահ եմ, որ մեր երկիրը պետք է ծաղկի։ Եթե այդպիսի երկիր ունենք, շատ մարդիկ կվերադառնան սփյուռքից։

-Առաջին անգամ հայաստանյան իրադարձություններին շատ ակտիվորեն մասնակցում էին նաև սփյուռքում։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։

-Այո, երբ տեսան, թե ինչքան մարդ է Հայաստանում փողոց ելել, իրենք էլ դրանից ուժ առան։ Այո, այս անգամ սփյուռքում տեղի ունեցած ցույցերին ավելի շատ մարդ մասնակցեց, ավելի շատ էին ծագումով հայաստանցիները, իսկ հին սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությունը մի փոքր ավելի քիչ էր։ Թեև պետք է արձանագրել, որ այս անգամ, իհարկե, ավելի ակտիվ էր սփյուռքը։ Ինձ թվում է Հայաստանում հազարավոր մարդկանց փողոց դուրս գալը ստիպեց, որ սփյուռքն էլ շարժվի տեղից։ Հուսանք, որ այդպես էլ կշարունակեն։

-Շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում դուք աջակցում էիք շարժմանը, բայց հույս չունեիք, թե հանրությունը կմոբիլիզացվի։

-Այո, հույս չունեի, որովհետև ես ինքս 10 տարի է պայքարում եմ ու մենք տեսել ենք տարբեր շարժումներ, որոնք հաջողություն չունեցան։ Ես այս անգամ էլ վախենում էի, որ կփորձեն ուժով ճնշել ժողովրդի ընդվզումը։ Ես շատ մտահոգ էի, չէի ուզում էլի կորուստներ ու զոհեր ունենանք։ Եթե այս անգամ էլ երիտասարդության բողոքը կոտրեին, բոլորը կլքեին Հայաստանը։ Դրա համար ես մինչև այսօր էլ մտահոգված եմ, որ դեռ հնարավոր է քաղաքական խաղերով փորձեն թեքել իրադարձությունների ընթացքը։ Բայց բոլոր դեպքերում քաղաքական խաղերն ավելի պակաս վտանգավոր են, քան ժողովրդի դեմ ուժի կիրառումը։

Մանե Հարությունյան

MediaLab.am