Սերժ Սարգսյան․ Միակ զոմբին

29-04-2018
5212 դիտում
Սերժ Սարգսյան․ Միակ զոմբին

Հեղափոխության առաջին քայլն արվեց Գյումրիի Թատերական հրապարակից՝ մարտի 31-ին։ Այդ օրվա Հայաստանը գրեթե ամեն ինչով նման էր վերջին 20 տարիների Հայաստանին, բացառությամբ երևի 2008-ի փետրվարի 19-ից մինչև մարտի 1-ն ընկած Հայաստանը։

Թվում էր, թե մինչև 20 օր առաջ զոմբիացվել էին բոլորը, ոմանք՝ որպես ընդդիմություն, ոմանք՝ որպես ժողովուրդ, ոմանք՝ որպես պայքարող, ոմանք՝ որպես հուսահատ։ Կայանում էր քաղաքացիական հասարակությունը, բայց զոմբիացումը կարծես թե ոչ մի քայլ չէր նահանջում։

Դրա գագաթնակետը դարձան 2017-ի ապրիլի 2-ի ընտրությունները, երբ մարդկանց մի մեծ հատված արդեն առանց իրեն հաշիվ տալու ընտրում էր ՀՀԿ-ին, կամ չէր ընդդիմանում, երբ ՀՀԿ-ն կեղծում էր քվեարկությունը։ Թվում էր՝ զոմբի էին ակտիվներն ու պասիվները, ոչ մի վայրկյան չնահանջածները և «ով էշ՝ մենք փալան» ասողները։

Հայաստանն ասես մի ամբողջական, ժամացույցի մեխանիզմով գոյող Զոմբիստան էր, որտեղ նույնիսկ ինքնասպանությունը իրերի ընդհանուր կարգի մեջ էր, ՀՀԿ-ին տրվելիք քվեի նման մի բան։ Հեղափոխությանը նախորդող ամիսների Հայաստանում ՀՀԿ-ն արդեն չէր հոխորտում, այն արդեն միայն «սեր» էր առ․․․ իրենց առաջնորդը։ Բացատրությունների կարիք չկար։ Այսինքն՝ իրենք էլ էին զոմբիացել։

Եվ միայն հեղափոխությունը ցույց տվեց, որ ամբողջ 20 տարի Հայաստանում մի մարդ՝ Սերժ Սարգսյանը, ստեղծել է մի հասարակություն, որով ինքն է զոմբիացել։ Այսինքն՝ ամբողջ Հայաստանը զոմբիացնելուն նվիրված մարդը միակ զոմբին էր։ Նա ամեն իրիկուն անկողին էր մտնում հաղթողի և միակ ապրողի զգացումներով։

Ոչ մեկը նրա աչքին կամային և ինքնուրույն չէր թվում։ Հեղափոխությունը ցույց տվեց, որ այդ մարդը բացարձակապես պատրաստ չէր հակազոմբիացմանը։ Ոչ մի ցողունային բջիջ նախատեսված չէր հակազոմբիացման համար։

Սերժ Սարգսյանի՝ միակ զոմբին լինելու հանգամանքի բացահայտման հեղինակային իրավունքը Փաշինյանինն էր, որը ձախողված բանակցությունների ժամանակ այդ մարդու աչքերի մեջ նայելով ասաց՝ դուք չեք տիրապետում իրավիճակին։ Դա առաջին իսկ հնարավորությունն էր Սերժ Սարգսյանի համար հասկանալու, թե ինչքան հեռու է եղել Հայաստանից այստեղ իշխելու 25 տարիների ընթացքում։

Հավանաբար այդ իրիկուն նա հասկացավ, որ բոլոր միլիարդները, որ ծախսվել են Հայաստանը կամազրկելու համար, գրոշի էֆեկտ չեն ունեցել։

Երբ նրան ասում են, որ ինքը չի տիրապետում իրավիճակին, ըստ իս, ինքն անկեղծորեն զարմանում է, թե ինչ իրավիճակի մասին է խոսքը։

Ինքը չգիտի, որ ընդդիմությունից մեկը գտել է հակազոմբիացման դեղը, պարզապես պետք էր քայլ անել։ Ինքը չգիտեր, և դա միայն մի բան էր նշանակում՝ ոչ ոք քայլը չէր անում, բայց ոչ ոք քնած չէր։

Հայաստանում կար միայն մի զոմբի, որը պարզապես իր հագով 20 տարի պետություն էր կարում։ Հետևաբար, ոչ մի ուրիշ զոմբի չկար։ Նույնիսկ Էդուարդ Շարմազանովն ու Դավիթ Հարությունյանը զոմբիներ չէին, զոմբի չէր այն կինը, որը փող էր բաժանում ընտրատեղամասերի հարակից տարածքներում, որպեսզի մարդիկ քվեարկեն ՀՀԿ-ի օգտին։

Սերժ Սարգսյանը 25 տարի պաշտոնավարում էր Հայաստանում, այդ ընթացքում ներքաշվեց և գուցե մասնակից եղավ Հոկտեմբերի 27-ին ու Մարտի 1-ին, կարծելով, թե իր իշխանության ամեն օրը Հայաստանում յուրաքանչյուրին դարձնում է անուղղելի զոմբի։

Ինքը ռադիո և հեռուստա տարբեր հաճախականություններ է օկուպացրել, որպեսզի ժողովրդի առաջ փակի իրականության զգացումը։

Եվ պատահական չէ, որ հեղափոխության համար շրջադարձային եղավ Փաշինյանի մուտքը Հանրային ռադիոյի շենք։ Այդ պահից բոլորը հասկացան, որ ինչ-որ բան է փոխվել։

Սերժ Սարգսյանը միակն էր, որը մինչև վերջ դա չհասկացավ։ Հեղափոխության խենթ օրերը մոտենում են ավարտին։ Հայաստանը բոլորովին այլ իրականության մեջ է։ Նշանակում է՝ Հայաստանի հաջորդ ղեկավարը պիտի մոռանա, որ հնարավոր է զոմբիացնել մի ամբողջ հասարակություն, որ ի վերջո միակ զոմբին լինելու ես ինքդ։

Մհեր Արշակյան

MediaLab.am