«Այստեղ ժողովրդի դեմ կանգնած է միայն կուսակցական հանցախումբ: Դրա դիմանալն այսպիսի հզոր ճնշմանն անհնար է». Հայկ Ա. Մարտիրոսյան

01-05-2018
10969 դիտում
«Այստեղ ժողովրդի դեմ կանգնած է միայն կուսակցական հանցախումբ: Դրա դիմանալն այսպիսի հզոր ճնշմանն անհնար է». Հայկ Ա. Մարտիրոսյան

քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Մի հարցրեք թե ինչ է լինելու։ Լինելու է հաղթանակ:

Մարտին Լյութեր Քինգի նախաձեռնած քաղաքացիական իրավունքների պայքարի ակտիվ փուլը տարիներ տևեց և հասավ հաղթանակի` աֆրոամերիկացիների հաստատակամության շնորհիվ: ՍՄՆ-ում Հարավի սպիտակ բնակչությունը նույնպես դեմ էր շարժմանը:

Այստեղ ժողովրդի դեմ կանգնած է միայն կուսակցական հանցախումբ: Դրա դիմանալն այսպիսի հզոր ճնշմանն անհնար է:

Միակ բանը որ պահանջվում է` աննկուն, աննահանջ, անխոնջ պայքարն է: Չկա կանգ` չկա պարտություն: Սա ժամանակի պայքար է, որտեղ հաղթելու է ամենադիմացկունն ու կամայինը:

ՀՀԿ-ն հրապարակայնորեն ճաք տվեց: Պետական նախկին պաշտոնյա և Ազգային անվտանգության գեներալ Ֆելիքս Ցոլակյանն անցավ ժողովրդի կողմը: Իշխանության Տիտանիկն անկարող է նման բացվածքներով շարունակել նավարկությունը:

ՀՀԿ-ի հովանավորները շուտով հասկանալու են, որ իրենք անկարող են դիմադրել այս ժողովրդին:

Տկարամիտ և տմարդի մի քանի տասնյակ մարդ, որոնք ողջ ժողովրդին այսօր ցույց տվեցին իրենց որակն ու էությունը` չեն կարող շարունակել քաղաքական բարիկադների վրա մնալ, եթե այս ճնշումը շարունակվի:

Նիկոլ Փաշինյանի` քիչ առաջ ներկայացրած գործողությունների պլանը ՀՀԿ-ն կազմաքանդելու և անխուսափելի կապիտուլիացիայի տանող ծրագիր է: Եվ այն աշխատելու է: Միայն ժողովուրդը պետք է ամեն օր ավելի ու ավելի բազմապատկի իր շարքերն ու հաստատակամությունը: Այլընտրանք չկա»:

MediaLab.am