«ՀՀԿ-ն կորցրել է իրականության հետ կապը». Ըստ վերլուծաբանի, համաժողովրդական շարժումը նոր թափ է ստանալու

01-05-2018
5411 դիտում
«ՀՀԿ-ն կորցրել է իրականության հետ կապը». Ըստ վերլուծաբանի, համաժողովրդական շարժումը նոր թափ է ստանալու

ՀՀԿ-ն դեմ քվեարկեց ժողովրդի վարչապետի թփեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, քանի որ «այդ կուսակցությունը կորցրել է իրականության հետ կապը»:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով մայիսի մեկին Ազգային ժողովում կայացած քվեարկությանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ականներն ուղղակի ունեն սեփական իշխանությունը պահելու անհագ ցանկություն, մոլուցք, ունեն վախ՝ կորցնելու ունեցածը: Միաժամանակ, նկատվում է, որ կապ չունեն իրականության հետ, և այս ամենը միասին բերեցին այս ցայտնոտային քայլերին:

«Նկատելի է, որ ՀՀԿ-ն համարում է, թե ինքը, այսպես ասած, կասեցրել է իր տրոհումը, մի քիչ ավելի ինքնավստահ է զգում՝ ուժերը համախմբած: Իրենց կարծիքով՝ նույնիսկ այսօր հարձակման անցան, բայց իրականում Նիկոլ Փաշինյանն ու շարժումը փայլուն դեմորալիզացրեցին ՀՀԿ-ին, ավելին՝ մարգինալիզացրեցին ՀՀԿ-ին»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ինքն էլ չհասկացավ, որ քաղաքական դաշտում տեղ է փոխել, այլևս շատ մոտ է լուսանցքին: Եվ սա, ըստ Սաֆարյանի, բավական վտանգավոր է: Վերլուծաբանի կանխատեսումներով՝ առաջիկայում սպասվում են խմբակցությունների տրոհումներ, ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանի դեպքը դրա ապացույցն է, երբ նա հայտարարեց, որ դեմ է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

«Նկատելի է, որ ՀՀԿ-ն վերջին զենքն է օգտագործում՝ խմբակցություններում տրոհումներ անելով: Եվ սպասվում է ճգնաժամի խորացում ու քաղաքական անորոշություն: Արդյունքն այն է, որ եթե նույնիսկ մեկ շաբաթ անց ՀՀԿ-ն թույլ չտա, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, խորհրդարնական ընտրություններն անխուսափելի են: Եվ նույնիսկ Մուկուչյանի հանձնաժողովն ու ռեյտինգային ընտրակարգը չեն փրկի, որովհետև ՀՀԿ-ն այլևս մերժված կուսակցություն է, և որևէ մեկի, ոչ Կարեն Կարապետյանի, ոչ էլ այլ անձի գեղեցիկ անունը չի կարող ստիպել վերցնել այդ քվեաթերթիկը, եթե ընդհանուր մթնոլորտը Նիկոլ Փաշինյանի օգտին է»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման արդյունքում Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ: Նրա օգտին քվեարկել 45, իսկ դեմ՝ 56 պատգամավոր:

ՀՀԿ խմբակցությունը, թեև հայտարարել էր, որ չի խոչընդոտի վարչապետի ընտրությանը, սակայն միասնական որոշում կայացրեց դեմ քվեարկել:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ավելի վաղ ասել էր, որ եթե ԱԺ երեք խմբակցությունները՝ Ելքը, ՀՅԴ-ն ու Ծառուկյան դաշինքը որոշեն միասնական առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իրենք չեն խոչընդոտի վարչապետի ընտրության գործընթացին:

Ազգային ժողովում, քվեարկությունից առաջ, սակայն, Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ընդունում են շարժման հաղթանակաը, բայց դեմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանին: Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն հաշվի է առել ժողովրդի պահանջն ու դրան պատասխանել է վարչապետի հրաժարականով:

Արդեն ուշ երեկոյան Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պայքարը շարունակվում է: Մայիսի 2-ից տոտալ դասադուլ ու գործադուլ է հայտարարվելու, փակվելու են ճանապարհներ, անհնազանդության այլ ակցիաներ են լինելու:

Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ ՀՀԿ այսօրվա քայլից հետո պետք է սպասել, որ համաժողովրդական շարժումը նոր թափ է ստանալու, քանի որ ժողովրդին ավելի զայրացրեցին:

Հարցին, թե ճգնաժամի խորացման պայմաններում բախումնե՞ր հնարավոր են, հաշվի առնելով որոշ պատգամավորների ելույթները, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ դժվար թե այդքան ժողովրդի դեմ դուրս գան:

«Հարյուր հազարների դեմ ո՞վ է դուրս գալու: Բախումների կանխատեսումները ռեալ չեն: Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե իրենք ում կառաջադրեն առաջիկա շաբաթվա ընթացքում, արդյոք փորձ կանե՞ն վարչապետի թեկնածու առաջադրել: Եթե չանեն և կրկին գնան Նիկոլ Փաշինյանի տարբերակը տապալելու ճանապարհով, ՀՀԿ-ի համար փակուղները շատ խորը կլինեն»,- ասում է Սաֆարյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am