«ՀՀԿ-ն, ձգձգելով իրավիճակը, ուզում էր հենց երաշխիքներ ստանալ». Մանվել Սարգսյան

03-05-2018
12225 դիտում
«ՀՀԿ-ն, ձգձգելով իրավիճակը, ուզում էր հենց երաշխիքներ ստանալ». Մանվել Սարգսյան

Մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանը ժամանակ ունի՝ ՀՀԿ-ին զրկելու մեծամասնություն լինելուց: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի որոշմանը՝ կողմ քվեարկել ժողովրդի թեկնածուին:

«ՀՀԿ-ն կապիտուլյացիայի գնաց, և կապիտուլյացիայի պայմաններն այն են, որ իրենք մեծամասնություն ունենան պառլամենտում և տապալեն Նիկոլին: Նիկոլի դեմ պայման են դնելու, որ պառլամենտը չի ցրի, արտահերթ ընտրություններ չեն լինի, որպեսզի ՀՀԿ-ն մեծամածասնություն լինի»,- «Մեդիալաբին» ասում է Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով՝ նախևառաջ հիմա ՀՀԿ-ին պետք է զրկել մեծամասնությունից: «Հինգ մանդատ է պետք, այդ հինգ մանդատը պետք է խլեն, որ նրանց ձայնը կտրեն, նրանց ձայնը վերանա պառլամենտից, նրանք չպետք է մեծամասնություն ունենան: Եթե մեծամասնություն լինեն, հույս ունեն, որ սաբոտաժով ու բոյկոտներով են զբաղվելու՝ Նիկոլին տապալելու համար, որովհետև իրենց ձեռքին է իրավունքը՝ կառավարությանն անվստահություն հայտնելու»,- հավելում է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելուց հետո ՀՀԿ-ն մայիսի 2-ին նիստ է անցկացրել և որոշել մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը սատարել ԱԺ պատգամավորների մեկ երրորդի առաջադրած թեկնածուին: Վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է 35 պատգամավորի ստորագրություն: «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն արդեն հաստատել են, որ միասնական առաջադրելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՀԿ խմբակցությունն էլ հայտարարել է, որ Հայաստանը մայիսի 8-ին կունենա սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: Միաժամանակ, ՀՀԿ-ն տեղեկացնում է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում հայտարարեց, որ մայիսի 3-ին պետք է խորհրդարանում աշխատանք տարվի, որպեսզի վարչապետի պաշտոնի համար առաջադրվի իր թեկնածությունը: Նա հայտարարեց, որ անհնազանդության գործողությունները ժամանակավորապես դադարեցվում են:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով՝ պետք է աշխատել, որ ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն չունենա: «Նիկոլ Փաշինյանը պետք է չհամաձայնի այլ տարբերակի, հակառակ դեպքում մեծ պրոբլեմներ կունենա»,- հավելում է քաղաքագետը:

Մանվել Սարգսյանի խոսքով՝ ՀՀԿ-ն, ձգձգելով իրավիճակը, հենց երաշխիքներ էր ուզում ստանալ, կապիտուլյացիայի ենթարկել: Իսկ հարցին, թե ի՞նչ երաշխիքներ է ուզում այդ ուժը, ինչի՞ շուրջ կարող են լինել ՀՀԿ-ի վախերը, քաղաքագետը պատասխանում է. «Ամեն ինչի շուրջ՝ 10 միլիարդի թալանի, Մարտի մեկի, ապրիլյան պատերազմի և այլնի»:

Արտահերթ ընտրությունների հարցով, Մանվել Սարգսյանը նկատում է, որ ՀՀԿ-ն արդեն ակնարկներ է արել: «Վահրամ Բաղդասարյանն ասել էր՝ այս խաղը մի մարդու դեմ է, ինչո՞ւ պետք է պառլամենտը ցրենք: Եվ, ըստ երևույթին, ուզելու են դա պաշտպանել, փորձելու են Նիկոլին համոզել: Բայց դա միամտություն է, որովհետև ժողովրդական շարժումը Նիկոլին ուրիշ պատգամ է տվել, պետք է նոր ընտրություններ անցկացվեն: Այդ մասին Նիկոլն էլ է բազմիցս ասել»,- նշում է Մանվել Սարգսյանը:

Ըստ քաղաքագետի՝ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, պետք է օրենքներ փոխվեն՝ արտահերթ ընտրությունների գնալու համար: Առաջին հերթին պետք է փոփոխվեն Ընտրական օրենսգիրքը, «Կուսակցությունների մասին» օրենքը: Հայաստանի կուսակցությունները պետք է վերագրանցվեն, որպեսզի, ըստ քաղաքագետի, բանդաներից ազատվենք: Նաև սեփականության պաշտպանվածության մասին օրենք պետք է լինի, որպեսզի բիզնեսն ու իշխանությունը տարանջատվեն:

«Եթե առանց այս փոփոխությունների գնան արտահերթ ընտրությունների, ամեն ինչ անիմաստ է: Սկզբում պետք է այս փոփոխությունները լինեն, որ երաշխիք լինի: Կարող է ազատ ընտրություններ անենք, մի արհեստական բանդա գա իշխանության, ո՞ւմ է պետք այդ ամենը»,- նշեց նա:

Սա, ըստ քաղաքագետի, ամիսների բարդ աշխատանք է պահանջում, սակայն պետք է անել՝ արդյունքի հասնելու համար:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am