«Երիտասարդ նախարարները վերցնում են ավերակներից նոր պետություն կառուցելու ծանր բեռ». Հայկ Ա. Մարտիրոսյան

12-05-2018
27909 դիտում
«Երիտասարդ նախարարները վերցնում են ավերակներից նոր պետություն կառուցելու ծանր բեռ». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

- Պարո՛ն Մարտիրոսյան, քիչ առաջ հաստատվեց նոր կառավարության ամբողջական կազմը։ Ի՞նչ ժառանգություն և բեռ են վերցնում նոր երիտասարդ նախարարները։

- Նոր երիտասարդ նախարարները վերցնում են ավերակներից նոր պետություն կառուցելու ծանր բեռ:

- Որքանո՞վ և ի՞նչ կարող է առհասարակ նրանց հաջողել, հաշվի առնելով, որ անցումային կառավարություն է և շատ երկար «կյանք» չի ունենալու։

- Ամենակարևոր բանը, որ նորանշանակ նախարարները պարտավոր են անել, նոր համակարգի և նոր արժեքային համակարգի հաստատումն է: Եթե դրա հիմքերը բարեհաջող դրվեն, ապա դա անչափ կարևոր արդյունք կլինի:

- Պարոն Մարտիրոսյան, այդ հիմքերն արդյոք բավարա՞ր կլինեն հաջորդ կառավարության ձևավորման համար, հաշվի առնելով, որ հաջորդ ընտրությունների արդյունքները կարող են անկանխատեսելի լինել ։

-Այո: Հիմքն ամենակարևորն է: Եթե քսանյոթ տարի առաջ Հայաստանի առաջին կառավարությունը նորմալ կադրերից կազմված լիներ և հստակ ծրագիր ունենար առողջ հիմքեր դնելու, այսօր ավերակների վերածված երկիր չէր ժառանգի այս երիտասարդ կառավարությունը:

- Փորձի պակասը որքանո՞վ է խանգարելու այդ հիմքերը դնելու համար, հաշվի առնելով, որ հիմնական մասը կառավարման փորձառություն չունի։

- Փորձը կարևոր է շատ, բայց ոչ պարտադիր: Բազում մարդիկ, մեծապես անփորձ լինելով, կամքի և տրամաբանության շնորհիվ մեծ հաջողությունների են հասել: Եվ հակառակը: Կարևորն ընդհանուր քսղաքական կուրսն է և քաղաքական կամքը: Ամեն բան հնարավոր է: Հնարավոր է, որ լինեն ձախողումներ, շատ հնարավոր է նաև, որ լինեն մեծ նվաճումներ:

- Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ բիզնեսը և քաղաքականությունը պետք է իրարից առանձին լինեն, մենք տեսնում ենք կառավարության կազմում նաև այնպիսիներին, որ ինչ-որ առումով առնչվել կամ առնչվում են բիզնեսին։ Սա խնդի՞ր է արդյոք, թե՞ ոչ։

- Կարծում եմ` Փաշինյանը նկատի ուներ խոշոր բիզնեսմեններին և օլիգարխներին: Փոքր և միջին բիզնես ունեցողները սովորաբար մեծ խնդիրներ չեն հարուցում տնտեսական քաղաքականություն կերտելիս: Խոշոր մեծահարուստները մեծապես խնդրահարույց են դառնում բոլոր երկրներում, որովհետև առաջ են մղում սեփական բիզնես շահերը սպասարկող քաղաքական ուղղություններ:

- Պարո՛ն Մարտիրոսյան, ինչ եք կարծում՝ որքանո՞վ արագ անցում կլինի արտահերթ ընտրությունների, թե՞ խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ն ամեն կերպ կխոչընդոտի։ Որքանո՞վ հանրային ճնշումը կպահպանվի նաև այն ժամանակ, որ հնարավոր լինի այդ փոփոխությունները Ընտրական օրենսգրքում իրականացնել։

- ՀՀԿ-ն խոչընդոտելու է: Իր հերթին` գործադիրն ամեն կերպ փորձելու է կոտրել դիմադրությունը: Հանրային ճնշումը մշտապես լինելու է, եթե ընտրված ճանապարհին լուրջ սխալներ չլինեն գործադիրի կողմից: Դժվար է ասել, թե երբ կլինեն ընտրությունները: Որքան շուտ՝ այնքան լավ:

- Ի վերջո, Հայաստանում տեղի ունեցածը արդյոք թավշյա՞ հեղափոխություն էր, թե՞ իշխանափոխություն։

- Դատելով այն ձևից, որն ընդունվեց` սահմանադրական, զուտ օրենքի տառին համապատասխան իշխանափոխություն, սա իշխանափոխություն էր: Հեղափոխությունն իրականում իշխանության խլում է` ժողովրդական զանգվածների կողմից և միջոցով: Հայաստանում արդար իշխանափոխությունը պետք է սկիզբ դնի իսկական հեղափոխության` համակարգային ամբողջական փոփոխության միջոցով: Բայց ամեն դեպքում` թավշյա հեղափոխությունը բավական լավ բնորոշում է այն բանի, ինչ տեղի ունեցավ Հայաստանում:

Մանե Հարությունյան

MediaLab.am